Աննախադեպ հայտարարություն Ռոհանի-Փաշինյան հանդիպումից հետո

Թեհրանում փետրվարի 27-ին տեղի ունեցած նախագահ Ռոհանի-վարչապետ Փաշինյան հանդիպումից հետո երկու առաջնորդները արել են հայտարարություն մամուլի համար, որտեղ բնականաբար արտահայտվել են հայ-իրանական երկկողմ հարաբերության բարեկամական բնույթի, հարաբերության կարևորության և զարգացման կամքի առկայության մասին:

Դրանով հանդերձ՝ Իրանում բարձր մակարդակի հանդիպումից հետո հնչել է աննախադեպ հայտարարություն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցման երկիր և աշխատել էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ: Պաշտոնական մակարդակով Երևանից դեռևս չէր հնչել հայտարարություն իրանական գազի տարանցման պատրաստ լինելու մասին: Առաջին անգամ այդ թեմային բարձր մակարդակով Երևանն անդրադարձել է 2017 թվականին, երբ Սերժ Սարգսյանն էր այցելում Իրան և հայտարարեց, որ Երևանը համաձայն է, եթե համաձայն են բոլոր շահագրգիռ կողմերը: Նիկոլ Փաշինյանի հայտարարության դեպքում, սակայն, չկա խոսք «բոլոր շահագրգիռ կողմերի» համաձայնության մասին: Բանն այն է, որ Սարգսյանի այդ «վերապահումը» հիմք էր տալիս դրա ներքո դիտարկել Ռուսաստանի վերաբերմունքը՝ լիովին հասկանալի պատճառներով: Նիկոլ Փաշինյանի մոտ «վերապահումը», գոնե այս պահին, բացակայում է, և դրանով հայտարարությունը ստացվում է աննախադեպ:

Սա միաժամանակ ուշագրավ է Իրանի նախագահի երկու հայտարարության ֆոնին: Նա նշել է, որ պետք է հայ-իրանական հարաբերությունը զերծ պահեն երրորդ երկրի ազդեցությունից: Իհարկե, այստեղ անկասկած կարող է նկատի առնվել ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև ԱՄՆ-ը՝ դարձյալ հասկանալի պատճառներով: Միաժամանակ, սակայն, Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ավելացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները, միաժամանակ նաև Հայաստանի միջոցով արտահանել Վրաստան: Սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանն էլ խոսել է գազի գնի շուրջ բանակցության մասին՝ ասելով, որ այդ դեպքում գործարքը կլինի գրավիչ:

 

Այդպիսով նկատելի է, որ գազի թե՛ երկկողմ առևտրի, թե՛ տարանցման թեմայով Երևանն ու Թեհրանը սկսել են քննարկումների նոր փուլ, համենայնդեպս՝ առերևույթ նշաններով ավելի սուվերեն բնույթ:

Մյուս կողմից՝ հայ-իրանական հարաբերության խնդիրը գործնականում տարիներ շարունակ եղել է հենց դա, և հենց այդ մասին է պարբերաբար ակնարկել պաշտոնական Թեհրանը: Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպմանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները կրել են բացառապես ներքին բնույթ և չեն ունեցել արտաքին որևէ ազդեցություն, ու դա կարևոր է տեղի ունեցածը խորությամբ ըմբռնելու համար: Իսկ դա նշանակում է, որ Երևանը մի կողմից՝ տվյալ դեպքում գործընկեր Թեհրանին հավաստիացնելով արտաքին որևէ «ականջի» բացակայության հարցում, մյուս կողմից՝ պատասխանատու է դառնում այդ առումով նաև գործով ցույց տալ ինքնիշխանության հարցում արձանագրվող առաջընթացը: Եվ այդ իմաստով հնչող քաղաքական հայտարարությունների մակարդակում այդ դրսևորումը, համենայնդեպս, նկատելի է:

Ինչպիսի շարունակություն կունենա այն՝ դա արդեն ժամանակի հարց է, սակայն ակնառու է նաև, որ տվյալ պարագայում արդեն ժամանակը պետք է չափվի շատ արագ և կոնկրետ արդյունքներով:

1in.am

 

 

 

 

 

(Visited 158 times, 1 visits today)