Ապահովագրական ընկերությունները սնանկանում են, բայց ԱՊՊԱ վճարները չեն թանկանա

Ford Ապահովագրական ընկերությունները հայտնվել են փաստի առաջ։ Առաջիկայում կամ պետք է ԱՊՊԱ վճարները թանկացվեն, կամ նրանք դադարեն աշխատել այն ծրագրով, որով աշխատում են սկսած 2016-ից։ Հակառակ դեպքում ԱՊՊԱ ընկերությունները կհայտնվեն սնանկ վիճակում։ Իսկ ստեղծված վիճակի գլխավոր պատճառը մոտ երկու տարի առաջ ապահովագրական ընկերություններին պարտադրված մեկ պատուհանի ծառայությունն էր կամ ASWA ծրագիրը, որի միջոցով արդեն երկու տարի է՝ աշխատում են ԱՊՊԱ ընկերությունները։ ASWA ծրագիրը հնարավորություն է տալիս ապահովագրական ընկերություններին առցանց տեղեկություններ ստանալու ՃՈ-ից, պետական ռեգիստրից, քաղաքացիների հաշվառումն իրականացնող մարմնից, իսկ քաղաքացիները կարողանում են առցանց պայմանագիր կնքել 5 տոկոս նվազ գնով:

ASWA ծրագրով աշխատելու համար, սկսած 2016 թվականից, ապահովագրական ընկերությունները սկսել են վճարում կատարել «Բիվաք Հայաստան» ընկերությանը: Տարեկան վճարման չափը ընկերությունների համար տատանվում է 7-8 հարյուր միլիոն դրամից մինչև 1.5 միլիարդ դրամի սահմաններում: Ապահովագրական ընկերությունները մինչև 2024 թվականը պարտավոր են վճարումներ կատարել: Վճարման չափն ամեն մի ապահովագրական ընկերության դեպքում կախված է ապահովագրական ոլորտում իր զբաղեցրած դիրքից: Ի դեպ, 1 պատուհանի ծառայությունից հրաժարվելու կամ «Բյուրո Վերիտասի» հետ կնքված պայմանագիրը խզելու պարագայում ապահովագրական ընկերությունը զրկվում է ապահովագրական գործունեություն ծավալելու իրավունքից:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախ՝ ԱՊՊԱ ոլորտի խնդիրներին անդրադառնալով, պաշտոնապես հաստատեց, որ ներկայումս սակագների բարձրացման հարց չկա։ Ինչ վերաբերում է գործակալների բողոքներին, ապա Ավետիսյանի խոսքով՝ դա պայմանավորված է նրանց միջնորդավճարների նվազմամբ, որը մի քանի տարի շարունակ բավական բարձր է եղել, ինչը նորմալ չի եղել։ Իսկ հիմա, Ավետիսյանի խոսքով, միջնորդավճարները շատ ավելի համապատասխան են:

«Բյուրոյի կողմից սահմանված միջնորդավճարները մի քանի տարի շատ բարձր են եղել։ Հիմա դրանք իջեցվել են, որը օբյեկտիվորեն հարուցել է գործակալների դժգոհությունը։ Բայց իրենք պետք է հասկանան, որ չի կարող համակարգի 50 տոկոսը հատուցում վճարվի, իսկ 30 տոկոսը վճարվի գործակալներին՝ պայմանագրի համար։ Բայց նշեմ, որ միջնորդավճարներն այլևս ազատականացված են, ամեն ընկերություն ինքն է որոշում»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ գործակալների հաջորդ խնդիրը ԱՊՊԱ պայմանագրերի առցանց գնման դեպքում նախատեսված 5 տոկոս զեղչն է, բայց այդ կարգավորումը իրենք չեն պատրաստվում հանել, քանի որ մարդիկ իրավունք ունեն առցանց եղանակով կնքելու պայմանագիր և դրա դիմաց ավելի ցածր գումար վճարելու։

Ինչ վերաբերում է ASWA ծրագրին ու դրա համար ԱՊՊԱ-ների վճարած աստղաբաշխական միջնորդավճարներին, ապա, Ավետիսյանի խոսքով, ծրագրին միանալով՝ ապահովագրական ընկերությունները բոլորը միացել են միասնական համակարգին, որը լայն հնարավորություններ է տալիս իրենց։

Մեր դիտարկմանը՝ ամեն դեպքում 1.5 միլիարդը ահռելի գումար չէ այդ ծառայության դիմաց, Ավետիսյանը պատասխանեց. «Ծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները իրենց ծախսերի հաշվին են վճարում, ոչ թե հատուցումների։ Իսկ եթե կան խնդիրներ, ապա պետք է դրանք մեր միջև քննարկվեն, որպեսզի հասկանանք, թե որոնք են հետագա մեր քայլերը։ Կան խնդիրներ, միջնորդավճարի չափի հետ իսկապես խնդիրներ կան, քննարկումներ կան, բայց ավելի տեղեկատվություն չեմ կարող փոխանցել ձեզ այս պահին։ Խնդիրները քննարկումների փուլում են, ու դրա համար էլ չեմ կարող փակագծեր բացել։ Ամեն դեպքում մի բան հստակ է, որ կնքված է պայմանագիր, կողմերը ստանձնել են պարտավորություններ, այստեղ կա նաև տեղեկատվության հրապարակման գաղտնիության խնդիր, դրա համար էլ այս պահին մեկնաբանություններ անել չեմ կարող։

Բայց կարող եմ նշել, որ այդ միջնորդավճարներն այս պահին որևէ ազդեցություն չունեն ԱՊՊԱ սակագների վրա»,- ընդգծեց Ավետիսյանը։

Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ASWA ծրագիրն ապահովագրական ընկերություններին պարտադրվել է նախկին իշխանության ժամանակ, առանց մրցույթի որոշում է կայացվել սպասարկումը վստահել ֆրանսիական այս ծրագրին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ASWA ծրագրի, այսինքն՝ «Բյուրո Վերիտասի» հետ կապեր ունի ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանը։ Հենց ԿԲ-ի շահագրգռվածության ու պարտադրանքի տակ էլ ժամանակին ԱՊՊԱ ընկերությունները «Բյուրո Վերիտասի» հետ կնքել են պայմանագրեր, որի տակից հիմա դուրս գալ չեն կարողանում։

Վահան Ավետիսյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունները՝ պատճառաբանությամբ, որ նման տեղեկություն չունի։

Նշենք, որ նախկինում ապահովագրական ընկերությունները աշխատում էին այլ ծրագրով՝ «Լայթինշուրանս»-ով, որի համար չնչին միջնորդավճարներ էին վճարում։ «Լայթինշուրանս»-ը ներկայումս էլ պատրաստ է նույն ծառայությունները մատուցել տարեկան 18 միլիոն դրամով։ Ավետիսյանի խոսքով, սակայն, դրանք երկու տարբեր համակարգեր են, տարբեր ճանաչում ունեցող՝ տեղական և օտարերկրյա։

Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերությունների՝ վնասաբերությամբ աշխատելուն, ապա ավտոապահովագրական բյուրոյի նախագահի խոսքով՝ նախորդ տարին ամփոփվել է հատուցումների մակարդակով 73-74 տոկոս վնասաբերությամբ, իսկ այս տարվա հունվար ամիսն ամփոփվել է 66 տոկոս վնասաբերությամբ: «Ինչ վերաբերում է հարցին, թե դա շատ է կամ քիչ, ապա դա շատ է 2014-16 թվականների համեմատությամբ, իսկ 2010-12 թվականների համեմատությամբ քիչ է։ Առհասարակ ներկայիս սակագնի հաշվարկի հիմքում ընկած է 75/25 հարաբերակցությունը։ Հետևաբար հատուցումների մակարդակը գտնվում է նախապես հաշվարկվածի սահմաններում։ Այդտեղ խնդիր ես չեմ տեսնում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

1in.am

(Visited 77 times, 1 visits today)