Թուրքական իշխանությունների դիրքորոշումը որևէ հնարավորություն չի թողնում, որ մենք այսօր լրջորեն խոսենք հայ-թուրքական հարաբերությունների մասին. Ն. Փաշինյան

Ցավոք, թուրքական իշխանությունների դիրքորոշումը որևէ հնարավորություն չի թողնում, որ մենք այսօր լրջորեն խոսենք հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Այս մասին Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:

«Թուրքիան շարունակաբար երկկողմ հարաբերությունները կապում է Ղարաբաղ-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ: Քանի այսպիսին է իրավիճակը, լավատեսության հիմք չենք կարող ունենալ՝ չնայած ասում ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների քննարկել այդ հարաբերությունները: Թուրքիան այսօր ունի նախապայման Ղարաբաղի հետ կապված»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը:

«Կարող է հարց առաջանալ, թե արդյոք նախապայման չէ՞, երբ ասում ենք՝ Ցեղասպանության ճանաչում: Ցեղասպանության դեմ պայքարը գլոբալ անվտանգության օրակարգի հարց է: Մենք շարունակելու ենք հետապնդել Հայոց Ցեղասպանության ճանաչումը»,- նշեց նա:

Հարցին՝ ի՞նչ հանդիպումներ են անցկացվում Ադրբեջանի ղեկավարության հետ, արդյոք դրանք միայն «բարև, բարի լույսով» են ավարտվել, թե կան պայմանավորվածություններ», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ըստ էության, հանդիպումների շրջանակի մասին ինչ որ կար ասելու, ես ամեն ինչ ասել եմ: Ոմանց կարդում եմ, նենց տպավորություն է…լեզուս էլ չի պտտվում ասել: Այսինքն ի՞նչ՝ մենք ժողովրդի ուժով հասել ենք կառավարության, որ կարգավիճակների ու մեր հայրենիքի ժողովրդի դեմ գործե՞նք: Պայմանավորվածությունը հետևյալն է՝ մենք պետք է քննարկենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը»,- ասաց նա:

blognews.am

 

(Visited 49 times, 1 visits today)