«Իշխանությունը կոռուպցիոն գործարքի մեջ է մտել Սաշիկ Սարգսյանի հետ»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը հիմա էլ 19.6 միլիոն դոլար է նվիրել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հաստատեց, որ Ալեքսանդր Սարգսյանը պետությանը 30 միլիոն դոլար է վերադարձրել։ Նա պետությանը փոխանցել է 18,5 միլիոն դոլար, իսկ 11,5 միլիոն դոլարը բռնագանձվել է նրանից, որը եղել է հարկային պարտավորություններ, չարաշահումներ և այլն, որը գանձվել է կոնկրետ ակտերով:

Սերժ Սարգսյանի եղբոր կողմից գումարների այս նվիրաբերումն ու վերադարձը միանշանակ չի ընդունվում։ Իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները մտահոգություն են հայտնում գումարների վերադարձի ճանապարհների մասով։ Մասնավորապես, եթե չկա դատարանի վճիռ, անցումային արդարադատության մեխանիզմները ներդրված չեն, ապա ինչպես է այս պրոցեսն իրականություն դառնում։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համար ևս անհասկանալի է միլիոնավոր դոլարների այս վերադարձը։ Նրա խոսքերով՝ եթե դրանք չեն բռնագանձվում դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճռով, և Սաշիկ Սարգսյանն այն նվիրում է պետությանը, նշանակում է, որ այդտեղ առկա են որոշակի պայմանավորվածություններ։

«Սաշիկ Սարգսյանը առանձնահատուկ կարգավիճակի է արժանացել։ Այն պարագայում, որ նա այն մարդն է, որը հայտնի է որպես թալանող, կեղեքող, հայտնի է որպես փայ մտնող, և հիմա նա անհասկանալի ճանապարհով աշխատած իր գումարները փոխանցում է պետությանը։ Ենթադրում եմ, որ իշխանությունների հետ պայմանավորվածություն ունի՝ փոխանցել գումարները և ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ, եթե Սաշիկ Սարգսյանն իմանար, որ ինքը, այսպես թե այնպես, քրեական պատասխանատվության է ենթարկվելու, ապա ոչ մի դրամ էլ չէր վերադարձնի։ Իմաստը ո՞րն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Ես ենթադրում եմ, որ նա իշխանության հետ գործարքի մեջ է, որ գումար տա ու մնա ազատության մեջ։ Իսկ այս ճանապարհը պարզապես անընդունելի է, քանի որ դա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքար մղող իշխանությունը ներկայումս կոռուպցիոն գործարքի մեջ է մտել Սաշիկ Սարգսյանի հետ։ Եթե այս գումարների վերադարձից հետո պարզ դառնա, որ Սաշիկ Սարգսյանը բանտ չի նստելու, ապա սա լուրջ հարված կլինի ներկայիս իշխանությանը»։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը խնդիր չի տեսնում պետությանը գումար նվիրաբերելու մասով։ Նրա մտահոգությունները նվիրաբերության ձևի մեջ է։ Արդյո՞ք այդ անձը իր կամքով է նվիրաբերում այդ գումարները, թե՞ նա դա ստիպված անում է քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ «Բռնագանձումների մասով ամեն ինչ հասկանալի է, դա օրինական ճանապարհով է կատարվում, իսկ այ նվիրաբերումների պահով մի քիչ հասկանալի չէ։ Առհասարակ նվիրաբերությունը ինքնին նորմալ է, դա կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքով։ Եթե հիմա խնդրին նայում ենք քաղաքացիաիրավական տեսանկյունից, ապա այստեղ ես շատ մեծ խնդիր չեմ տեսնում, որ անձը որոշել է իր կամքով մեծ գումարներ նվիրաբերել պետությանը հանրօգուտ նպատակով։ Այստեղ այլ հարց կա, թե արդյոք այդ նվիրաբերությունն արտահայտում է տվյալ սուբյեկտի կամարտահայտությունը։ Արդյո՞ք անձի կամահայտնության վրա որևէ ճնշում չկա, նա ներքուստ ցանկանո՞ւմ է վերադարձնել այդ գումարը, թե՞ ոչ։ Եթե այդ կամքը խաթարված է լինում, ապա ես, որպես քաղաքացիական իրավունքի մասնագետ, կասեմ, որ այդ գործարքը, այդ թվում՝ այդ նվիրաբերությունն անվավեր գործարք է։ Այսինքն՝ եթե անձը չի ցանկանում, բայց նվիրաբերություն է կատարում։ Եթե այս տեսանկյունից ենք նայում, ապա արդյո՞ք այդ քրեական հետապնդումները տվյալ սուբյեկտի նկատմամբ չեն բերել նրան, որ հիմա նա այդ նվիրաբերումները կատարում է զուտ նրա համար, որ քրեական հետապնդումների ելքը որոշվի, և նրան չդատապարտեն ազատազրկման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ եթե այդպես է, ապա դա արդեն որոշակի խնդիրներ է առաջացնում իրավունքի տեսանկյունից, քանի որ իրավական չէ այն գործընթացը, երբ քրեական գործ է հարուցվում, անձը նվիրաբերություն է կատարում, և քրեական գործը կարճվում է, կամ եթե անգամ չի կարճվում, ապա մեղմ է լինում, և պատիժը չեն նշանակում ազատազրկման ձևով։ «Այս ֆորմատով եթե նայենք, իհարկե, խնդիր կա։

Բայց, ընդհանուր առմամբ, ինձ համար հասկանալի է այս գործընթացը. Կառավարությունը հայտարարել է, որ իր խնդիրը չէ մարդկանց տանել նստացնելը, այլ իրենց խնդիրը թալանվածը հետ վերադարձնելն է։ Ուստի, եթե նայում ենք այս տեսանկյունից, ապա անհրաժեշտ է նաև հանրությանը ապացուցել, որ կոնկրետ սուբյեկտն այդ գումարներն այդուհանդերձ թալանել է, այլ ոչ թե աշխատել օրինական ճանապարհով։ Եթե դա չի ապացուցվում, ապա ոչ ոք իրավունք չունի հրապարակային արտահայտություն անի, թե թալանված միջոցները հետ են վերադարձվում, քանի որ թալանվածը կարող է ապացուցվել և վերադարձվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»,- եզրափակեց փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Նշենք, որ ԱԱԾ տվյալներով՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական միջոցների չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննված քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է 22 052 635 406 ՀՀ դրամ: Վերականգնված գումարները փոխանցվել են ՀՀ պետական բյուջե:

Միաժամանակ ԱԱԾ–ն հայտնում է, որ 2018թ. մայիսի 10-ից մինչև 2019թ. փետրվարի 20-ը պետական միջոցների չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 32 023 492 827 ՀՀ դրամի չարաշահման դեպքեր:

Հայտնաբերված չարաշահումներից 30 991 811 334 ՀՀ դրամը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով, 1 031 681 493 ՀՀ դրամի վերաբերյալ քրեական գործերն ԱԱԾ-ին են ուղարկվել ըստ ենթակայության քննություն իրականացնելու համար։

1in.am

(Visited 114 times, 1 visits today)