Ռուս պատգամավորների ակամա «բացահայտումը». հայկական գործոնը Ռուսաստանում

Բաքվում, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» ադրբեջանական «հիշատակի» միջոցառմանը ՌԴ Պետդումայի, այդ թվում՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի անդամ պատգամավորների մասնակցության հանգամանքը Հայաստանում քննարկվել է լայնորեն, հատկապես դրա վերաբերյալ պաշտոնական Երևանի արտահայտած դժգոհության ֆոնին: Այդ դժգոհությունը Հայաստանի ԱԺ նախագահը Մոսկվա կատարած այցի ընթացքում հնչեցրեց հենց ՌԴ Պետդումայի վերին պալատի՝ Դաշնությունների խորհրդի լիագումար նիստում ունեցած ելույթի ընթացքում:

Միաժամանակ, ռուսական լրատվամիջոցներին վրդովմունք էր հայտնել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանը: Երևանի այդ դիրքորոշումը միանգամայն համարժեք է, կարևոր, ընդ որում՝ անհրաժեշտ նաև հետևողական սկզբունքայնության տեսանկյունից: Այսինքն՝ դժգոհություն պետք է արտահայտել միշտ, բոլոր առիթներով, զուսպ, հատու, կոշտ և շատ հստակ:

Այդուհանդերձ, խնդիրն ունի մեկ այլ նրբերանգ, և այդ մասին որոշակի ակնարկ կա նաև դրա առնչությամբ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի արձագանքին, որը փետրվարի 28-ի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե ՌԴ պատգամավորների մասնակցության առումով պետք է դիմել հենց նրանց՝ ՌԴ ԱԳՆ-ն չունի որևէ առնչություն: Մի կողմից հատկանշական է, որ Զախարովայի շուրթերով ՌԴ ԱԳՆ-ն հրաժարվում է պատգամավորների մասնակցությունից, այդպիսով փաստացի անհամաձայնություն հայտնելով Խոջալուի կապակցությամբ ադրբեջանական մեկնաբանությանը: Մյուս կողմից, այստեղ դրսևորվում է թերևս ցանկացած մեծ տերությանը բնորոշ խնդիր՝ իշխանական համակարգում առկա տարբեր ինստիտուտների և խմբերի միջև «բնական» բաժանարար գծերը, որոնցից յուրաքանչյուրի հետ, յուրաքանչյուրի ուղղությամբ պետք է աշխատել առանձին-առանձին: Դա չի նշանակում իհարկե, որ ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին երբեք չի տվել Հայաստանին դժգոհության տեղիք, չի տվել այդպիսի առիթ, և այստեղ ամեն ինչ եղել է սահուն և հարթ:

Սակայն ընդհանուր առմամբ, գործադիր իշխանության խողովակը իր բնույթն ու առանձնահատկությունն ունի, և հայ-ռուսական հարաբերության ծիրում Հայաստանի հիմնական ուշադրությունը մեծ հաշվով կենտրոնացել է դրա վրա: Սա ևս հասկանալի է, ի վերջո, հատկապես Ռուսաստանի տիպի երկրներում իշխանության ծանրության կենտրոնը հենց գործադիր օղակն է: Սակայն մյուս կողմից լինում են իրավիճակներ, երբ անուշադրության մատնված օղակները կարող են մատուցել տհաճ անակնկալներ, իսկ դրանք էլ իրենց հերթին խորքային արձագանքի չարժանանալու դեպքում կարող են կուտակվել իրար վրա և ստեղծել արդեն խնդիրների կույտ, որը կունենա ավելի երկարաժամկետ հետևանք: Այդ տեսանկյունից, պաշտոնական դժգոհությունը շատ կարևոր, անհրաժեշտ, միաժամանակ խնդրի մի մասն է միայն, այսպես ասած՝ մակերեսի անելիքը: Խորքում այն պետք է ունենա շարունակություն, ու արդեն ոչ թե դժգոհության, այլ ՌԴ խորհրդարանական շրջանակի ուղղությամբ համալիր, ինտենսիվ աշխատանքի տեսքով, որը թույլ կտա մրցակցել այն աշխատանքի հետ, որ կատարում է Ադրբեջանը և որի դրսևորումն էլ եղել է ՌԴ պատգամավորների մասնակցությունը: Անշուշտ, Կրեմլը կարող էր կանխել: Բայց Կրեմլը չի ուղարկել, սակայն չի էլ կանխի, որովհետև այդօրինակ հնարքները, մի կողմից, «մրցակցություն են խթանում» Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի ուղղությամբ, մյուս կողմից՝ թույլ տալիս թեկուզ մանր, սակայն կախման թելեր ստեղծել թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար: Բայց դա մի իրողություն է, որը հնարավոր չէ շրջանցել կամ անտեսել, ու, համենայնդեպս, առաջիկայում Երևանը ստիպված է մրցակցել: Դա պահանջում է մի կողմից, իհարկե, ինտենսիվ աշխատանք նաև խորհրդարանական շրջանակներում, մյուս կողմից, իհարկե, ռազմավարական բնույթի աշխատանք, հայ-ռուսական հարաբերության այնպիսի իրավիճակ ու մթնոլորտ ստեղծելու համար, որը կվերացնի Ադրբեջանի հետ այդօրինակ մրցակցության կարիքը և ռուսական կողմին էլ կզրկի այդ մանիպուլյացիոն խաղաքարտից:

Երկրորդ հանգամանքը անշուշտ պահանջում է խորքային, տևական աշխատանք, առավելապես կախված Հայաստանի տնտեսա-քաղաքական և անվտանգային ինքնաբավության ու այլընտրանքունակության ուղղությամբ: Առաջինը՝ աշխատանքը խորհրդարանական շրջանակի ուղղությամբ, պահանջում է երկու բան: Նախ, խորհրդարանական դիվանագիտության աշխուժություն: Այդ իմաստով, խորհրդարանը, իհարկե, նոր է ձևավորվել և օբյեկտիվորեն առկա էր որոշակի վակուում, հաշվի առնելով նաև նախկին խորհրդարանի մեծամասնության հանգամանքն ու ներքին խմբային շարժառիթները, որոնք ավելի շուտ ականապատում էին Հայաստանի ճանապարհը ՌԴ խորհրդարանական շրջանակ, քան հակառակը: Երկրորդ հանգամանքն այն է, որ անհրաժեշտ է Ռուսաստանում հայկական լոբբինգ, սակայն նոր որակի, նոր բնույթի, քաղաքական բնույթի՝ հարմարվողականի փոխարեն: Մի բան, որ, օրինակ, նկատելիորեն առկա է Միացյալ Նահանգներում, և ըստ այդմ նկատելի է, թե որքան թույլ է Ադրբեջանը Նահանգների խորհրդարանական շրջանակում: Որովհետև ուժեղ է հայկական լոբբին, սակայն ուժեղ ոչ միայն ինքնին, այլ նաև Հայաստանի պետական շահի պատկերացման տեսանկյունից: Նույնն է եվրոպական այն երկրներում, որտեղ կա ուժեղ հայկական համայնք և ներկայություն: Այդ ամենը զուտ ֆիզիկական ծավալով նույնիսկ անհամեմատելի է ՌԴ-ում հայկական ներկայության հետ: Սակայն այդ ներկայության քաղաքական, ազգային-պետական որակների առումով իրավիճակը տրամագծորեն հակառակն է, և հայկական ներկայությունը Ռուսաստանում իր ամբողջ ներուժով կենտրոնացած է եղել առավելապես Հայաստանի իշխող համակարգի շահերը սպասարկելու վրա, ոչ թե Հայաստանի Հանրապետության: «Խոջալուի» ակցիային ռուսական մասնակցության աղմկոտ միջադեպը Հայաստանի՝ և՛ ռուսահայ համայնքի քաղաքական ներկայության ու դերակատարման արդիականացման, և՛ որակական վերափոխման հարցով շահագրգռված շրջանակների համար պետք է լինի խորքային այդ հարցի առնչությամբ խորհելու լուրջ առիթ:

1in.am
(Visited 175 times, 1 visits today)