Փաշինյանն ու Ալիեւը համաձայն են. միջնորդների շտապ հայտարարությունը

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել ռեգիոնալ այցի կապակցությամբ, որում հայտնել են մոտ ապագայում հանդիպելու վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի պատրաստակամությունը: Թե հատկապես երբ եւ որտեղ է ծրագրվում հանդիպումը, համանախագահները չեն հայտնել:

Նշանակու՞մ է դա, որ Երեւան ու Բաքու այցի ընթացքում Փաշինյանին ու Ալիեւին ներկայացրած չեն եղել հանդիպման կոնկրետ տարբերակներ, այլ քննարկել են ընդհանրապես համաձայնությունը, ինչն էլ իր հերթին կարող է նշանակել, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ համանախագահները դեռ պետք է պատրաստեն ավելի կոնկրետ առաջարկներ, կապված հանդիպման տեղի եւ ժամանակի հետ:

Միաժամանակ հնարավոր է, որ համանախագահները Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի համաձայնությունը դեռ պետք է համաձայնեցնեն ու մշակեն իրենց «վերադասների» հետ, այսինքն համանախագահ երկրների ԱԳ ղեկավարների կամ ընդհուպ նախագահների: Դա էլ իր հերթին կարող է նշանակել, որ տեղի եւ ժամանակի առումով հանդիպումը կարող է ավելի կոնկրետանալ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հետ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի առանձին հանդիպումներից հետո, որոնք կարող են լինել տարբեր առիթներով եւ ֆորմատներով:

Համանախագահների հայտարարությունն ուշագրավ է ոչ միայն այդ ֆոնին, այլ նաեւ հայտարարությունների, որ հնչել են Հայաստանի վարչապետի Իրան, եւ առավել եւս ԱԱԾ ղեկավարի Արցախ կատարած այցի ընթացքում:

Թեհրանում Նիկոլ Փաշինյանը հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումները չունեն օրակարգ, եւ բանակցային հանդիպումների մասին հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ բանակցային կողմ կդառնա Արցախի իշխանությունը:

Փաշինյանի Իրան այցին զուգահեռ, Արցախ է այցելել Հայաստանի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, որը նախագահ Բակո Սահակյանի հետ եղել է արցախ-իրանյան սահմանում, խոսել այնտեղ Արաքսավան բնակավայրի բնակեցման խոշոր ծրագրի մասին եւ արել աննախադեպ հայտարարություն: Արթուր Վանեցյանը Արցախի ղեկավարի եւ զինվորական հրամանատարության մասնակցությամբ խորհրդակցությանը հայտարարել էր, որ «մենք ոչ մի թիզ հանձնելու հող չունենք» եւ հակառակը՝ «մեր հողում պետք է բնակվեն ու շենացնեն մեր հայրենակիցները»:

Այդ հայտարարություններից հետո տարածվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ նրանց ռեգիոնալ այցից բավականին օրեր անց: Արդյոք պաշտոնական Երեւանի հայտարարություններն են դարձել համանախագահների հայտարարության խթան:

Նիկոլ Փաշինյանի իրանյան հայտարարություններին Բաքուն արձագանքել էր սպասելի հակադրությամբ, որ Ադրբեջանը երբեք չի բանակցի Արցախի հետ: Բայց, Հայաստանի վարչապետի Սպահանում արած հայտարարությունը ստեղծում է լիովին նոր իրադրություն: Նա փաստացի արձանագրում է, որ Երեւանը ներկայում չի բանակցում, այլ զրուցում է, իսկ բանակցություն կլինի միայն Արցախի լիարժեք միանալու դեպքում:

Այդ դեպքում առաջանում է հարց՝ ի՞նչ է անում Ալիեւը, երբ հանդիպում է Փաշինյանի հետ, եթե Փաշինյանը հայտարարում է, որ չի բանակցում՝ բանակցել հնարավոր կլինի միայն Արցախի հետ: Ըստ այդմ, եթե Ադրբեջանի նախագահը համաձայն է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, դա նշանակու՞մ է արդյոք, որ Ալիեւն ընդունել է Փաշինյանի առաջ քաշած տրամաբանությունը եւ համաձայն է հանդիպել, բայց չբանակցել:

Թե՞ համանախագահներն են Հայաստանի վարչապետի հայտարարություններից հետո հայտարարել, որ Փաշիննյանն ու Ալիեւը համաձայն են, դրանով փաստի առաջ դնելով Բաքվին, որը համաձայնությունը տված պետք է լիներ մինչեւ Փաշինյանի Իրան մեկնելը եւ ԱԱԾ պետի Արցախից արած հայտարարությունը:

Չի բացառվում, որ համանախագահները մտադիր չեն եղել հայտարարել հանդիպման համաձայնության մասին՝ քանի դեռ չեն կոնկրետացրել եւ համաձայնեցրել տեղն ու ժամը, սակայն Երեւանի արած առանցքային հայտարարություններից հետո շտապել են բարձրաձայնել, քանի դեռ Բաքուն հղում անելով դրանց՝ չի հրաժարվել հանդիպումից:

Այդ ամենն անշուշտ ենթադրության տիրույթում են, քանի որ ավելի ճշգրիտ արձանագրումների համար անհրաժեշտ տեղեկատվությունը բացակայում է ինչպես միշտ:

Խորքային առումով սակայն ի՞նչ պետք է անի Բաքուն, եթե չհանդիպի: Պետք է պատերազմի՞: Գործնականում Բաքուն այլ բանի մասին չի էլ մտածում եւ այլ բանի համար չի էլ հանդիպում, եւ այստեղ թերեւս միակ հանգամանքն է, որի առումով չկա որեւէ գաղտնիք: Եվ այդ իմաստով Երեւանի առաջնային անելիքը եղել է, կա եւ լինելու է դիմադրունակությունը զուտ ռազմական առումով, եւ քաղաքական-դիվանագիտական կենսունակությունն ու արդյունավետությունը:

Գործնականում, Երեւանը սկսել է հետեւողական քայլել այդ ճանապարհով, որը թեկուզ հարաբերական կայունության եւ խաղաղության ճանապարհն է: Հատկանշական է, որ Մինսկի խմբի համանախագահները գործնականում շտապեցին արձագանքել այդ ճանապարհին հայկական կողմի հերթական քայլերին:

lragir.am

(Visited 368 times, 1 visits today)