Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոն վարչապետ,
Դուք և Ձեր քաղաքական թիմը, ի դեմս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, բազմիցս բարձրաձայնել եք, որ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալը բանտում հերթական մահկանացուն կնքողը չէ: Ցմահ դատապարտյալը պետք է ունենա ապրելու մոտիվացիա և դրական վարքագիծ, որի արդյունքում կներկայացվեն պայմանական վաղաժամկետ ազատման կամ կգործի ներման ինստիտուտը:
Ցանկանում եմ Ձեզ հարցնել, թե ինչո՞ւ մեր երկրում, հատկապես նոր` ժողովրդական իշխանությունների ձևավորումից հետո, այդ երկու` բացառապես օրենսդրական նորմերը չեն գործում: Թե՞ այդ ժողովրդահաճո հայտարարությունները զուտ ձևական բնույթ ունեին և նախատեսված էին ցմահ ազատազրկված դատապարտյալների լսարանը հանգստացնելու համար:
Ինչո՞ւ 2019 թվականին ներում չշնորհվեց ոչ մի դատապարտյալի, ինչու ոչ մեկը պայմանական վաղաժամկետ չազատվեց պատժի հետագա կրումից:
Հույսեր, երազանքներ, ապրումներ և կրկին անփոփոխ դաժանությամբ խորացող Անդունդ, կենդանի Մահ:
Ինչու են բոլոր իշխանություններն իրար նման ու դաժան: Թե՞ սա ցմահ դատապարտյալներիս` արդեն իսկ կործանվածներիս, նկատմամբ կիրառվող առավել դաժան, 21 – րդ դարի հոգեբանական ոչնչացման նոր պատժատեսակ է, թե՞ մենք այլևս գոյություն չունենք ՀՀ մարդ – արարածների թվում:
Հուսով եմ, և դեռ ուզում եմ հավատալ Ձեզ, հավատալ լեգիտիմ վարչապետի և նախարարի արած հայտարարություններին, որ կփոխեք Ձեր վերաբերմունքը և քաղաքականությունը մեր նկատմամբ. Հույսը վերջում է մեռնում:
Կենդանի գերեզմանոցից ՝ ցմահ դատապարտյալ ` Ստեփան Գրիգորյան
lurer.com