Նահանջող իշխանության ֆենոմենը

Հայաստանի գործող իշխանությունն ունի աննախադեպ բարձր լեգիտիմություն։ Խորհրդարանական ընտրություններում իշխող «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը։ Դրանից երկու ամիս առաջ կայացած Երևանի ավագանու ընտրություններում նույն դաշինքը ստացել է ավելի շատ ձայն՝ 81 տոկոս։ Վստահության նման մակարդակով իշխանություն Հայաստանն ունեցել է միայն 1990-ականների սկզբին։ Դրանից հետո Հայաստանն ապրել է ոչ լեգիտիմության խրոնիկ իրավիճակում, երբ ավելի քան երկու տասնամյակ իշխանությունները չեն ունեցել լեգիտիմություն։

Ի՞նչ է լեգիտիմությունը և ի՞նչ նպատակով է այն օգտագործվում։ Մի կողմ թողնելով այդ կատեգորիայի գիտական ու քաղաքագիտական սահմանումները, նշենք ամենաընդհանրական ընկալումը. լեգիտիմությունը հնարավորություն է տալիս իշխանությանը կատարել պետության համար կենսական նշանակություն ունեցող արմատական քայլեր, կայացնել ոչ պոպուլյար, սակայն կրկին պետական շահի տեսանկյունից անխուսափելի որոշումներ։ Ցանկացած բարեփոխում իրականացնելու համար պարտադիր պայման է իշխանության լեգիտիմությունը։ Որևէ իշխանություն չի կարող որևէ բարեփոխում իրականացնել առանց հանրային վստահության ռեսուրսի։ Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի աննախադեպ մակարդակի հանրային վստահություն։ Իսկ անցած տասն ամիսների ընթացքում ի՞նչ քայլեր է կատարել այդ իշխանությունը, ի՞նչ բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք հնարավորություն կտային արձանագրելու, որ իշխանությունն օգտագործում է իր լեգիտիմությունը։ Մեծ հաշվով, ոչ մի։ Ճիշտ հակառակը՝ իշխանությունն իրեն պահում է այնպես, կարծես չունի հանրային վստահություն և ունի լեգիտիմության խնդիր։ Օրինակները բազմաթիվ են։ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում էր հարկել փաստաբանական գործունեությունը, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց։ Փաստաբանական համայնքում այդ առիթով բողոքի բավական լավ, կազմակերպված արշավ տեղի ունեցավ, ինչից հետո իշխանությունը հայտարարեց, որ Հարկային օրենսգրքից հանում է այդ փոփոխությունները։ Երկու օր առաջ Երգի պետական թատրոնի տնօրինությունը բավական ոչ կոռեկտ ձևով տեղեկացվել էր, որ թատրոնը լուծարվում է։ Սոցիալական ցանցերում, մամուլում բարձրացված աղմուկից հետո հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը չեղարկել է այդ որոշումը։ Նույնը, մեծ հավանականությամբ, տեղի է ունենալու Բյուզանդի 1/3 շենքից մի քանի լրատվամիջոցների պայմանագրերը խզելու պատմության հետ կապված, քանի որ Երևանի քաղաքապետարանի այս որոշումը բողոքի լուրջ ալիք է բարձրացրել լրատվամիջոցների ու մամուլի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում։ Օրինակները կարելի է շարունակել, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվի։ Իսկ խնդիրն այն է, որ իշխանությունը սկզբում կայացնում է որոշումներ, ապա որոշակի բողոքի ալիքից հետո նահանջում է իր դիրքերից և չեղարկում է այդ որոշումները։ Դա կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառներով։ Նախ՝ ամենախորքային պատճառը՝ այս իրավիճակը հերթական վկայությունն է այն իրողության, որ իշխանությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ, ռազմավարություն և զբաղված է ընդամենը օպերատիվ կառավարմամբ։ Վերը նշված ու չնշված բազմաթիվ որոշումներ դրա վկայությունն են։ Այդ որոշումները բխում են ոչ թե իշխանության ռազմավարական ծրագրից, այլ այս կամ այն խնդիրը լուծելու իրավիճակային անհրաժեշտությունից։ Այս իրավիճակի մյուս պատճառն այն է, որ այս կամ այն ոլորտի համար ցավոտ որոշումները ընդունումից առաջ չեն դրվում հանրային քննարկման, չեն լսում այդ որոշման հնարավոր շահառուների կարծիքները, և քննարկումը սկսվում է պոստֆակտում, երբ որոշումն արդեն կայացված է լինում։ Ու գրեթե օրինաչափորեն այդ որոշումների հրապարակումից հետո բարձրացված բողոքի ալիքի արդյունքում իշխանությունը նահանջում է։ Մինչդեռ, եթե իշխանությունը, պետական կառավարման այս կամ այն մարմինը վստահ է տվյալ որոշման անհրաժեշտության մեջ, եթե ունի դրա բոլոր հիմնավորումները, ապա չպետք է տուրք տա բողոքներին և պետք է հաստատակամ լինի կայացված որոշումը իրագործելու հարցում։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է իշխանությունը նահանջում ամենաչնչին բողոքից հետո անգամ։ Սա լեգիտիմ իշխանության վարքագիծ չէ, այսպես իրեն կարող էր պահել հանրային վստահությունից զուրկ, բայց ոչ երբեք 70 տոկոսանոց լեգիտիմություն ունեցող իշխանությունը։

Այս իրավիճակն ունի ևս մեկ պատճառ ու բացատրություն։ Հայաստանի իշխանությունն իր բնույթով պոպուլիստական իշխանություն է՝ կազմված մեծ թվով պոպուլիստ պաշտոններից։ Նրանք իրենց աշխատանքում ըստ ամենայնի առաջնորդվում են ոչ թե պետական անհրաժեշտության սկզբունքով, այլ բոլորին դուր գալու մղումով։ Բայց այդպես չի լինում։ Հնարավոր չէ կայացնել որոշումներ, որոնք կարող են դուր գալ առանց բացառության բոլորին։ Ցանկացած որոշում հարվածում է հանրային այս կամ այն խմբի շահերին, հետևաբար, չի կարող բավարարել նրան։ Բոլորին դուր գալու մղումը իրականում արգելակում ու արգելակելու է իրական բարեփոխումների գործընթացը, ինչի կարիքը Հայաստանն այդքան շատ ունի։ Իշխանությունը պետք է փոխի իր պոպուլիստական կերպը և վերջապես իրացնի իր ունեցած աննախադեպ լեգիտիմությունը։ Այլապես այն սպառվելու, մսխվելու է առանձին վերցրած հարցերի, տեղային նշանակության «կրակների մարման» վրա։ Ափսոս է այդ լեգիտիմությունը։

1in.am

(Visited 90 times, 1 visits today)