Ոչ միայն պետք է վերադարձնեն թալանածը, այլ պետք է մի քանի տարի ճաղերի հետևում խելքները հավաքեն գլուխները

Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով, հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ 102.198.525 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Փետրվարի 26-ին ձերբակալված Արամ Դանիելյանը 2019 թվականի փետրվարի 28-ին ընդունել է իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված՝ 102.198.525 դրամի վնասը և ազատվել արգելանքից:

Առանց դատարանի վճռի գումար վճարելը և ազատության մեջ հայտնվելը որքանո՞վ է իրավաչափ։ Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ նախաքննության փուլում ցանկացած անձի կարող է առաջադրվել ցանկացած մեղադրանք եղած փաստական հանգամանքների շրջանակներում, և եթե անձը վերադարձնում է հասցրած վնասը, դա դեռ չի նշանակում, որ նրա նկատմամբ հարուցած հետապնդումը պետք է դադարեցվի։ Հարցերի հարցը, ըստ փաստաբանի, հետևյալն է՝ որտեղի՞ց տվյալ անձին 102 միլիոն դրամ, երբ նա վերջին 10-15 տարիների ընթացքում զբաղեցրել է համայնքի ղեկավարի պաշտոնը և չէր կարող իր գործողությունների կամ պաշտոնական լիազորությունների իրականացման շրջանակներում ունենալ այդքան գումար։

«Սա ոչ միայն տարակուսելի է, այլ իսկապես մտահոգիչ հանգամանք է, որովհետև մենք կարող ենք եզրակացնել, որ փաստացի այդ մարդու ձեռքբերած գումարների աղբյուրը հայտնի չէ։ Ինչ վերաբերում է վարույթ իրականացնող մարմնի գործողություններին, մամուլի հրապարակումներից կարելի է հանգել հետևության, որ ընդամենը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի կողմից միջնորդություն չի ներկայացվել դատարան, բայց սա ինքնին չի նշանակում, որ քրեական գործով վարույթը կարճվել է կամ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հետևաբար, հասկանանք, տեսնենք վերջնարդյունքում այդ մարդուն ինչ մեղադրանք է առաջադրվում, կամ ընդհանրապես առաջադրված մեղադրանքը քրեական հետապնդումը հետագայում դադարեցվո՞ւմ է, թե ոչ, եթե, այո, ապա ինչ հիմքերով, իսկ եթե ուղարկում են դատարան, ապա ինչ հանգամանքներով։ Եվ հիմա վաղաժամ է այդ գործի վերաբերյալ վերջնական գնահատական տալը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս պահի առանձնահատկությունը կայանում է նրանում, թե որտեղից սովորական համայնքի ղեկավարներին 102 միլիոն դրամ։

Նրա խոսքով՝ գործ ունենք մի երևույթի հետ, երբ ուղղակի իշխանություն ունեցող, այս կամ այն պաշտոն զբաղեցրած ՏԻՄ ներկայացուցիչներ, որոնք այսօր քրեական հետապնդման են ենթարկվում, պարտաճանաչ պատրաստակամություն են հայտնում վերականգնել իրենց ենթադրյալ հանցագործության հետևանքով պետությանը պատճառած վնասը և ըստ էության՝ նրանց նկատմամբ կիրառվում է խափանման այլընտրանքային միջոցներ՝ կալանավորման այլընտրանքային միջոցներ։ Ըստ նրա՝ այս անձանց գործողությունների վերջնական իրավական գնահատականը պետք է տրվի դատարանի կողմից, որպեսզի մենք հասկանանք՝ ընդհանրապես ինչ սուբյեկտների հետ ենք գործ ունենում։

Որքանով այս գործը նման է Ալեքսանդր Սարգսյանի գործին՚ Ըստ Նորայր Նորիկյանի՝ սա չի կարելի շփոթել Ալեքսանդր Սարգսյանի գործի հետ, քանի որ վերջինս ասում է, որ անհատույց գումարը նվիրել է պետությանը, իսկ այս դեպքում պետությանը պատճառած վնասը ինքնակամ վերականգնել է, ինչը բոլորովին այլ դատավարական ընթացակարգ է ենթադրում։

Փաստաբանը նկատեց, որ, ՀՀ-ում դեռևս ազատության մեջ գտնվող այնքան կոռուպցիոներներ և ենթադրյալ հանցագործություններ կատարած անձինք կան, որ եթե մենք իսկապես կարմիր գիծ ենք քաշել և կոռուպցիայի դեմ պայքար ենք սկսել, պետք է որևէ ընտրովի մոտեցում չցուցաբերենք, և բոլոր այն անձինք, որոնք երբևէ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ են կատարել, իսկ կոռուպցիոն հանցագործությունները հիմնականում դասվում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, յուրաքանչյուրի նկատմամբ պետք է իրականացվի քրեական հետապնդում։

«Ինձ համար առանցքային է դատարանի վերջնական ակտը, վերջնական ակտով թե ինչ կորոշվի, այդ մարդիկ կճանաչվեն մեղավո՞ր, թե ոչ, դա է ինձ համար էականը։ Առհասարակ կալանավորումը պետք է կիրառվի առանձնահատուկ դեպքերում, ամենակարևորը բաց թողնել-չթողները չէ, այլ վերջնական արդյունքում այդ մարդը ճանաչվե՞ց մեղավոր, վերականգնվե՞ց պետությանը հասցված վնասը, և այո, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, գտնում եմ, որ այն մարդիկ, որոնք մեր երկրին հասցրել են միլիոնավոր դոլարների վնաս, ոչ միայն պետք է վերնականգնվեն, այլ պետք է գնան ճաղերի հետևում մի քանի տարի խելքները հավաքեն գլուխները»,-հավելեց Նորայր Նորիկյանը։

1in.am

(Visited 23 times, 1 visits today)