Ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին

Երևանում այսօր՝ մարտի 3-ին, ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորի անդամներին։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց:

«Ինչ վերաբերում է թիկնազորի անդամներրին, ապա ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ թիկնազորով կարող են շրջել միայն նրանք, ում համար դա օրենքով սահմանված և նախատեսված է: Մնացած բոլոր դեպքերում ոստիկանությունը համապատասխան գործողություններ է իրականացնում»,- նշեց նա:

Միջադեպի հետ կապված այլ տեղեկություն՝ ոստիկանությունից չհայտնեցին։

Նշենք, որ փետրվարի 16-ին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանն ընտանիքով մեկնել էր ԱՄՆ, որտեղ Խաչատրյանները բիզնես, շքեղ առանձնատներ ու միլիոնավոր դոլարների հասնող կարողություն ունեն։ Օրեր առաջ հայտնի դարձավ նաև, որ նա վերադարձել է Երևան:

Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, որ շարունակվում է թիկնազորի հետ կապված «ասֆալտին փռելու օպերացիան»։ 

Հավելենք, որ վերջին անգամ ոստիկանությունը նման գործողություն իրականացրել էրփետրվարի 12-ին, երբ բերման էին ենթարկել «Շինանյութի Սերգեյ» մականունով հայտնի Սերգեյ Մանուկյանի որդուն՝ 23-ամյա Արման Մանուկյանին, ում մոտ զենք էր հայտնաբերվել։

Սոնա Հարությունյան

lurer.com

(Visited 173 times, 1 visits today)