Օսկանյանը տեղյակ է եղել թե՛ 0038 հրամանից, թե՛ բանակի տեղաշարժից. «Մարտի 1-ի քրգործով անցնող մեղադրյալների կազմը համալրվելու է»

«Պահը եկել է Մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների կազմը համալրելու։ Չարժե Քոչարյանին մենակ թողնել նեղության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերով համակարգող Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցներով տեղեկություն շրջանառվեց, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նույն այդ տեղեկություններով` նա Մարտի 1-ի գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չմեկնաբանեց Օսկանյանի հարցաքննության մասին տեղեկությունը։

«Իմ կարծիքով՝ Մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալների ցանկը պետք է համալրվի այն անձանցով, ովքեր այդ օրերին ունեցել են դերակատարում։ Նրանց թվում է՝ Վարդան Օսկանյանը, ԱԺ նախագահը, որն ինչ-որ կադրեր էր տեսել ու մուննաթ էր գալիս ԱԺ պատգամավորների վրա, թե ինչու նրանք էլ չեն տեսել այդ կադրերը և բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք նաև ոստիկանության համակարգից։ Տիգրան Պասկևիչյանի ֆիլմում մենք տեսնում ենք սպաների, որոնք շատ կոնկրետ տեղեկություններ են տալիս, որոնք արդեն հանցակազմ էին պարունակում։ Կարծում եմ, որ շուտով մենք կլսենք այն մասին, որ մեղադրյալների թիվն ու կազմը համալրվում է»,-ընդգծեց Խաչատրյանը։
Հարցին՝ կարծում եք, որ նրանց թվում կլինի նաև Վարդան Օսկանյա՞նը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Անուններ չտամ, բայց կարծում եմ, որ կլինեն մեզ շատ հայտնի ու ծանոթ անուններ։ Ի տարբերություն մեղադրյալ Քոչարյանի, որն իբր տեղյակ չի եղել Մարտի 1-ի օպերացիայից, Վարդան Օսկանյանի՝ մարտի 1-ին տեղի ունեցած ելույթներից ակնհայտ է, որ նա տեղյակ է եղել թե՛ 0038 հրամանից, թե՛ բանակի տեղաշարժից։ Գուցե նաև այլ գործողություններից։ Եվ քանի որ նա հանդես էր գալիս որպես այդ օրերին ձևավորված օպերատիվ շտաբի մամուլի խոսնակ, ապա կարծում եմ, որ Վարդան Օսկանյանի կարգավիճակի փոփոխության մենք առաջիկայում պետք է, որ սպասենք»։

Նշենք, որ փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Օսկանյանը շատ փաստեր գիտի, որը պետք է հանրությանը ներկայացնի, թե Մարտի 1-ին նախորդող օրերին ի՞նչ են որոշել ինքը և Ռոբերտ Քոչարյանն այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվեցին այդ գործողությունները:

Փաստահավաք խմբի մեկ այլ անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շատ ճիշտ է Օսկանյանին հարցաքննելը, քանի որ 2008-2009 թվականներին շրջանառվում էին լուրեր, որ Վարդան Օսկանյանը դերակատարություն է ունեցել 0038 հրամանի հիման վրա ստեղծված օպերատիվ շտաբում, ամեն ինչին քաջատեղյակ ու մասնակից է եղել այլ պաշտոնյաների պես։ «Թե որքանով է ներազդել այդ ամեն ինչի վրա, չեմ կարող ասել, սակայն նաև տեղյակ եմ, որ նա մարտի 1-ից հետո որոշակի ելույթներ ունեցավ հեռուստատեսությամբ, բանավեճերի ժամանակ, որոնց ընթացքում ես տպավորություն ստացա, որ նա Մարտի 1-ի ողբերգության կապակցությամբ ասելիք ունի։ Ճիշտ են արել, որ հարցաքննել են, որովհետև նաև շրջանառվող լուրեր կան, որ Օսկանյանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Ես կարծում եմ, որ դրանք պատահական զրույցներ չէին, ու դրանք շրջանառության մեջ դնողներն էլ պատահական մարդիկ չէին։ Դրանք պաշտոնյաներ էին, ովքեր իրազեկված էին նրանց փոխադարձ կապից»,-ասաց տիկին Սաֆարյանը՝ վերջին հաշվով բացառելով այդ ժամանակ արտգործնախարարի պասիվությունն այդ օրերի իրադարձություններում։ Թեև հետագա զրույցներում, Սաֆարյանի խոսքերով, Օսկանյանը մեղադրում էր այդ գործողությունները նախաձեռնողներին։ «Բայց որ նա վստահաբար տեղյակ է, թե ով է այդ գործողությունները նախաձեռնել, ով է հրաման տվել։ Նա ոչ միայն տեղյակ է եղել, այլ այդ գործողությունները նրա կողքին են եղել»,- եզրափակեց Սաֆարյանը։

1in.am

(Visited 284 times, 1 visits today)