Ներդրումները գաղափարական կամ բարոյական, հայրենասիրական մղումներով չեն խթանվի. անհրաժեշտ են վստահելի դրույթներ

 

 

«Առաջին լրատվական»

ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

– Պարոն Գանդահարյան, իրանահայ համայնքի հետ հանդիպմանըվարչապետ Փաշինյանը խոսեց համազգային օրակարգի մասին։Ինչպե՞ս եք գնահատումինչպե՞ս եք պատկերացնում այն։

– Կարծում եմ՝ ճիշտ բանաձևում տվեց վարչապետը։ Համահայկական շատ խնդիրներ ունենք, որոնք թե՛ ՀՀ-ին, թե՛Արցախին և թե՛ Սփյուռքին են վերաբերում։ Իսկ համազգային խնդիրները Համահայկական ներկայացվածության ձևաչափով պետք է քննարկել։ Հետևաբար հերթական անգամ ընդգծվում է նոր կառուցակարգի հրամայականը։

– Վարչապետը խոսում է նաև տնտեսական հեղափոխության մասին։ Ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսական հեղափոխությանը ձեր մասնակցությունը։

– Ես ընկալում եմ առաջադրանքը իբրև մեր երկրի թռիչքաձև զարգացման հրամայական, որի կատարողականությունը այս դեպքում սերտորեն առնչվում է, եթե ոչ՝ պայմանավորվում Սփյուռքով։ Զարգացումը բազմավեկտոր պիտի լինի տարբեր ոլորտների՝ կրթությունից մինչև ներդրումային և տնտեսական։ Այստեղ ևս ինքզինք զգալի է դարձնում համահայկական թեկուզ այս հանգրվանին խորհրդատվական բնույթի կառույցը։ Ազգի համրանքի մեծամասնությունը Սփյուռքում է, որի թե՛ մասնագիտական և թե՛ տնտեսական ներուժը առանց հապաղելու պետք է ուղղորդել ՀՀ-ի թռիչքաձև զարգացմանը։ Սփյուռքի համայնքները պետք է ստանձնեն կամրջի հանգամանք ՀՀ-ի և իրենց ապրած երկրների միջպետական համագործակցության ծավալման ուղղությամբ։

– Սփյուռքը որքանո՞վ է հետաքրքրված Հայաստանում ներդրումներ իրականացնելով, որքանո՞վ է դաշտը ներդրումների համար նպաստավոր համարում։

– Կարծում եմ՝ ներդրումները գաղափարական կամ բարոյական, հայրենասիրական մղումներով չեն խթանվի։ Այստեղ անհրաժեշտ են իրավական պետություն, ներդրումային վստահելի դրույթներ, հակամենաշնորհային պաշտպանվածություն և շահութաբեր տիրույթների հեռանկարայնություն։

– Սփյուռքի նախարարություն այլևս չենք ունենա, փոխարենը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Ես կողմ էի, որ գործեր առանձին գերատեսչություն։ Սկզբունքային առումով կողմ եմ, որ Սփյուռքի հետ առնչված վերակառուցակարգման և վերաիմաստավորման առաջադրանքները ձևակերպվեն սփյուռքյան մարդուժի մասնակցությամբ։ Քննարկումները լինեն համատեղ։

Հիմա որոշումը կա գրասենյակի։ Գրասենյակի և հանձնակատարի գործառույթների կամ ծրագրերի մշակման գործընթացին, կարծում եմ, սփյուռքյան մարդուժը տարբեր ոլորտներում անհրաժեշտ է, որ ներգրավվի։

– Սփյուռքի մարդուժի՝ այդ գործընթացին մասնակից դարձնելն ինչպե՞ս եք պատկերացնում։

– Սփյուռքի նախարարությունում տարբեր ոլորտներում աշխատող մարդուժի անվանացանկերի կամ մարդկային պաշարների տվյալներ կան։ Աշխատել են նաև յուրաքանչյուր ոլորտի աշխատանքները համակարգող խորհուրդներ։ Սա՝ մասնագիտկան առումով։ Իհարկե, կառուցակարգային առումով կան Սփյուռքում գործող ավանդական կառույցներ, որոնց ներկայացուցիչները մասնակցում էին համահայկական օրակարգերի հատկացված խորհրդակցություններին։ Անցած ճանապարհի ձեռք բերած փորձը պետք է նկատի ունենալ վերածրագրավորումներ մշակելու ընթացքում։

1in.am

(Visited 34 times, 1 visits today)