Նիկոլ Փաշինյանը կրկնում է Սերժ Սարգսյանի սխալները

Հայաստանի նախկին իշխանություններին ընդդիմության կողմից հղված հիմնական մեղադրանքներից մեկն այն էր, որ իշխանությունը մենաշնորհել է քաղաքականությունը, որ քաղաքական բոլոր ինստիտուտները մենաշնորային հիմունքներով պատկանում են իշխանությանը։ Դա արդարացի և հիմնավոր մեղադրանք էր, քանի որ իրականում Հանրապետական կուսակցությունն ամբողջությամբ սեփականաշնորհել էր քաղաքական դաշտն ու քաղաքականությունն ընհանրապես։ Ամենափոքր գյուղի գյուղապետից մինչև իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, բոլորը հանրապետականներ էին, այդ պաշտոնյաները վերարտադրվում էին բոլոր ընտրություններում և ստեղծվել էր յուրօրինակ փակ շրջան. ամեն ինչ ՀՀԿ-ինն էր, բոլորը ՀՀԿ-ականներ էին։

Քաղաքական մրցակցություն ասվածն իրականում գոյություն չուներ, այն ինչ տեղի էր ունենում խորհրդարանում՝ որպես քաղաքական բանավեճ իրականում ժողովրդավարության բուտաֆորիա էր. ֆունկիցոնալ առումով Հայաստանում ժողովրդավարությունը չէր գործում, քանի որ բոլոր որոշումները կայացնում էր իշխանությունը՝ ՀՀԿ-ն։ Ու միանգամայն արդարացի էին նաև այն մեղադրանքները, որ Հայաստանը վերածվել էր կուսակցապետության. պետական կառավարման համակարգը գրեթե ամբողջությամբ նույնացվել էր Հանրապետական կուսակցության հետ։

Ժողովրդավարական կառույցներն ու ինստիտուտները նախկին իշխանության տարիներին ունեին ցուցափեղկային նշանակություն և ավելի շատ ծառայում էին աշխարհին «հայակական ժողովրդավարությունը» ցույց տալու համար։ Բացառված չէ, որ թավշյա հեղափոխության պատճառներից մեկը հենց այդ երևույթն էր՝ քաղաքականության մենաշնորհումը, ինչի արդյունքում քաղաքական գործընթացները խորհրդարանից տեղափոխվեցին փողոց և ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը։

Թավշյա հեղափոխությունից հետո այս առումով Հայաստանում, իհարկե շատ փոփոխություններ են տեղի ունեցել։ Սակայն քաղաքական համակարգի մենաշնորհը լայն իմաստով պահպանվել է։ Հիմա այն պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ «Իմ քայլը» դաշինքին, որը տոտալ մեծամասնություն ունի պետական կառավարման համակարգում։ «Իմ քայլը» դաշինքը 88 պատգամավորից բաղկացած խմբակցություն ունի Ազգային Ժողովում, տնօրինում է Երևանի ավագանին, պետական կառավարաման համակարգի բոլոր առանցքային պաշտոնյաները այդ դաշինքի ներկայացուցիչներ կամ հովանավորյալներ են։ Միայն տեղական ինքնակառավարման համակարգում է, որ «Իմ քայլը» չունի տոտալ վերահսկողություն։ Համայնքների մի մասում գործում են կամ այլ կուսակցությունների անդամ կամ անկուսակցական համայնքապետեր։

Որոշումների կայացման առումով «Իմ քայլը» ունի բացարձակ մենաշնորհ։ Որևէ այլ կառույց, ինստիտուտ կամ համակարգ ներգրավված չէ որոշումների կայացման գործընթացում։ Մի կողմից դա բնական է, քանի որ «Իմ քայլը» մեծամասնություն է ստացել ընտրությունների արդյունքում և լեգիտիմ իրավունք ունի միանձնյա որոշումներ կայացնել։ Ֆորմալ առումով դա այդպես է։ Սակայն քաղաքական համակարգի առողջացման, երկրում քաղաքական մրցակցության ապահովման տեսանկյունից որոշումների կայացման գործընթացում պետք է ներգրավվեին նաև այլ քաղաքական ուժեր, քաղաքացիական հասարակության միավորներ ու անդամներ։ Դա սակայն տեղի չի ունենում և Իմ քայլը դաշինքը գոնե մինչև այս պահը պահպանում է քաղաքական համակարգի մենաշնորհը ճիշտ այնպես, ինչպես Հանրապետական կուսակցությունը։

Ինստիտուցիոնալ ընդդիմության կայացումը, ինչի անհրաժեշտության մասին դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ խոսում էր Նիկոլ Փաշինյանը, բխում է պետության շահերից։ Առերևույթ դա դեմ է տվյալ պահի իշխանության շահերին, քանի որ ինստիտուցիոնալ ընդդիմությունը կարող է նաև իշխանությանը կոշտ հակադրվող միավոր լինել։ Սակայն քաղաքական համակարգի երկարաժամկետ զարգացման, քաղաքականությունը խորհրդարանի ներսում պահելու և փողոց տեղափոխվելու հեռանկարը բացառելու տեսնակյունից ինստիտուցիոնալ ընդդիմության կայացումն այլընտրանք չունի։ Մինչև հիմա սակայն իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը որևէ ազդակ չեն հղել, որ կողմ են ինստիտուցիոնալ ընդդիմության կայացմանը, ճիշտ հակառակը՝ սվիններով են ընդունել ընդդիմության ցանկացած քննադատություն ու այլակարծություն։ Նիկոլ Փաշինյանը կրկնում է Սերժ Սարգսյանի սխալները։ Այն սխալները, որոնց պատճառով նաև Սերժ Սարգսյանը կորցրեց իշխանությունը՝ այն հանձնելով Նիկոլ Փաշինյանին։

1in.am

(Visited 75 times, 1 visits today)