Ով է գործակալը, ու՞մ նկատի ուներ վարչապետը. ինքնիշխանության ծուռ հայելին

Վարչապետ Փաշինյանի Իրան կատարած այցը Հայաստանում ունեցավ մեծ արձագանք, արժանացավ տարբեր գնահատականների և մեկնաբանությունների, ամենատարբեր ասպեկտներով: Այդ մեծ ուշադրությունը միանգամայն բնական էր, հաշվի առնելով այն, որ այցն իսկապես տպավորիչ ու հագեցած էր, թե երկկողմ օրակարգի առնչությամբ կարևոր քաղաքական հայտարարություններով, թե ավելի լայն համատեքստ պարունակող հայտարարություններով, որ հնչեցին հայկական համայնքի հետ Թեհրանում և Սպահանում հանդիպումների ընթացքում: Դրանց շարքում էր նաև հայտարարությունը, որ չպետք է թույլ տալ գործիչների գործունեություն Հայաստանում, որոնք ավելի շուտ օտար երկրի գործակալ են:

Այն, որ մեր քաղաքական և հասարակական կյանքում այդ հանգամանքը կա, թերևս կասկածից վեր է և այդ հարցում վարչապետի հայտարարությունը հանրության մոտ հարց չի առաջացրել, թե ինչի մասին է խոսք: Բայց,հարց է առաջացրել, թե ո՞ւմ մասին է խոսքը, ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, խոսելով Իրանի հայ համայնքի հետ հանդիպմանը:

Բանն այն է, որ Փաշինյանն այդ հանգամանքի տվել է մեծ նշանակություն, եթե խոսել է Իրան կատարած այցի ընթացքում: Ըստ այդմ նշանակում է, որ հարցը նա համարում է հրատապ և արդիական: Եվ հենց այդ համատեքստում էլ հանրության հարցն է դառնում արդիական, թե ում նկատի ուներ վարչապետը, ովքեր են այն գործիչները, որոնք Հայաստանում ավելի շուտ օտարերկրյա գործակալ են, քան Հայաստանի հասարակական-քաղաքական սուբյեկտ: Ու քանի որ չկան անուններ, հանրությունը թերևս ստիպված է կռահել իրողություններով ու երևույթներով: Իսկ այսօր այդ իմաստով կա մեկ նկատելի երևույթ՝ մի շարք խմբերի աշխույժ ջանքը, Հայաստանի նոր իշխանությանը Ռուսաստանի իշխանության, ավելի կոնկրետ Կրեմլի համար ներկայացնել որպես անվստահելի իշխանություն կամ այսպես ասած սորոսական: Եվ այս առումով իրավիճակը ակնառու դարձավ, երբ արդեն անգամ Ռոբերտ Քոչարյանը բաց տեքստով հայտարարեց Հայաստանի իշխանության «սորոսական» լինելու մասին:

Իսկ մինչ այդ, բավականին լայն տարածված հայաստանյան և ռուսական մեդիափորձագիտական արշավ էր ընթանում, որի ակնհայտ նպատակը այն միտքը գեներացնելն էր, որ Հայաստանում իրականում տեղի է ունեցել «գունավոր հեղափոխություն»: Այս ալիքը բավականին տարօրինակ է համադրվում այն հանգամանքի հետ, որ այդ տեղի ունեցածի հանդեպ Ռուսաստանի իշխանությունը դրսևորել է լոյալ վերաբերմունք:

Ինչ է ստացվում՝ Մոսկվան չի՞ պատկերացրել, թե ինչ է կատարվում, թե՞ եղել է դրա դեմ անզոր: Սակայն սա իհարկե այլ հարց է, իսկ «օտարեկրյա գործակալ» գործիչների հարցը՝ այլ: Մյուս կողմից, որքան նրանք աշխույժ են առերևույթ, այնքան հիմք կա եզրակացնելու, որ գործունեությունն այնքան էլ արդյունավետ չէ: Հակառակ պարագայում կգործեին ավելի քիչ ուշադրություն գրավելով, այսպես ասած ավելի քիչ «բացահայտվելով»: Մինչդեռ, նկատելի է, որ այդ «քարոզչական գիծը» դառնում է ավելի բացահայտ և կարծես թե ընդհուպ գգծի «գերագույն գլխավոր հրամանատարը»:

Էլ ավելի հատկանշական է, որ դա տեղի է ունենում առաջիկայում Մոսկվայում Լազարևյան ակումբի հերթական հավաքին ընդառաջ: Ակումբ, որը կարծես թե դառնում է Հայաստանի ինքնիշխանության «ծուռ հայելին»:

1in.am

(Visited 70 times, 1 visits today)