Քոչարյանի առաջարկը. Պապ թագավորի փոխարեն

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ աշնանը մոտ արդիական կդառնա նոր իշխանության լեգիտիմության հարցը: Ի՞նչ է դա նշանակում, երկրորդ նախագահը չի մանրամասնել, թե հատկապես ինչպես է արտահայտվելու այդ հարցը, եթե դառնա արդիական: Այն, որ աշնանը նոր իշխանության վարկանիշը ամենևին չի լինի այնքան բարձր, որքան դեկտեմբերին խորհրդարանի ընտրության արդյունքում, անկասկած է: Ընդ որում, այստեղ ամենևին մեծ խելք պետք չէ՝ պատկերացնելու համար, որ Հայաստանի պես քսանհինգամյա ահռելի ծանր և արատավոր ժառանգությամբ երկրում հնարավոր չէ իշխանության կարգավիճակում երկար ժամանակ մնալ 70-80 տոկոս վարկանիշով:

Բայց մի բան է վարկանիշի նվազումը՝ բնական, սպասելի, օրինաչափ, օբյեկտիվ, և ինչ-որ տեղ նույնիսկ բնականոն զարգացումների տեսանկյունից անհրաժեշտ նվազումը, մեկ այլ բան՝ լեգիտիմության հարցի արդիական դառնալը: Որովհետև լեգիտիմությունն այն է, երբ իշխանությունը ոչ թե ցածր վարկանիշ ունի, այլ վարկանիշ չունի ընդհանրապես: Այստեղ էլ հետաքրքիր են դառնում Ռոբերտ Քոչարյանի պատկերացումների մանրամասները, թե ինչպես է նա տեսնում այդ հարցը, ինչ դրսևորումներով: Մյուս կողմից, արդյո՞ք երկրորդ նախագահը ազդարարում է իր հնարավոր պաշտպանական մարտավարությունը մարտիմեկյան դատական գործընթացի համատեքստում, որն աշնանը, ամենայն հավանականությամբ, կլինի սկսված: Դա նշանակո՞ւմ է, որ երկրորդ նախագահը պլանավորում է հանրային ակցիաներ, որոնց նպատակն է լինելու թեժացնել մթնոլորտն ու այդպիսով ճնշում գործադրել նոր իշխանության վրա: Դա էլ իր հերթին հարց է առաջացնում, թե արդյո՞ք խնդիրը դրսևորվելու է միայն, այսպես ասած, ներքին տիրույթներում, թե՞ Ռոբերտ Քոչարյանը նաև «արտաքին կապեր» է նախապատրաստել դատավարական պաշտպանության համար, որոնք կարող են դրսևորվել, օրինակ, ռուսական մեդիափորձագիտական տիրույթից Հայաստանի Հանրապետության նկատմամբ գրոհի նոր ալիքի տեսքով, հնարավոր է նոր թեմաներով: Եվ սա էլ իր հերթին հիմք կարող է տալ մտածել կամ, այսպես ասած, տեղեկատվական մանիպուլյացիաների և ֆեյքնյուզերի, կամ հնարավոր կոմպրոմատների մասին:

Բանն այն է, որ երկրորդ նախագահը դնում է ոչ թե իշխանության վարկանիշի անկման, այլ լեգիտիմության խնդիրը, ինչը տողատակում նշանակում է այսպես ասած՝ որոշակի զրոյական կամ ծայրահեղ կետ: Չի բացառվում, որ Քոչարյանը փորձում է ակնարկել կորցնելու բան չունենալու մասին: Իհարկե, Քոչարյանի հարցազրույցը դեռևս չի նշանակում, որ լեգիտիմության խնդիր իսկապես լինելու է: Սակայն այստեղ, իհարկե, հայտարարությունը պետք է դիտարկել այլ համատեքստում:

Մասնավորապես, դա առաջարկ է, առաջարկ է թե՛ հայաստանյան քաղաքական ուժերին, թե՛ նաև արտաքին այն ուժերին, որոնք այնքան էլ ոգևորված չեն Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ և նոր հնարավորություններով: Ընդ որում հետաքրքիր է և դիտարկման արժանի, որ այդ առաջարկը փաստորեն հնչում է Իրանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին, մասնավորապես օտար պետությունների շահերին ծառայող քաղգործիչներին բացառելու, միաժամանակ Պապ թագավորի օրինակի հերթական հիշեցման և նրա դեմ դավադրություն այլևս թույլ չտալու մասին հայտարարությունների ֆոնին: Ո՞վ է ընդունելու Ռոբերտ Քոչարյանի առաջարկը:

1in.am

(Visited 100 times, 1 visits today)