Պաշտոնական Երևանը մի նախաձեռնությամբ է ծրագրում հանդես գալ, որը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

Պարոն Մելիքյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Բրյուսելում հայտարարել է, թե առաջիկայում կայանալու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը՝ առանց օրակարգի։ Միաժամանակ նկատել էր, թե հանդիպմանը քննարկվելու է բանակցություններում Արցախի մասնակցության հարցը։ Ըստ Ձեզ, ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից։

-Կարելի է ասել, որ այդ հադիպումը, կայանալու դեպքում, այլևս հնարավոր չի լինի կոչել ճանաչողական, այսինքն՝ այս հանդիպման ժամանակ արդեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միմյանց տեսակետներին նախնական ծանոթանալու խնդիր չի լինելու, քանի որ այն արդեն իսկ կարող ենք լուծված համարել իրենց նախորդ «ոչ-բանակցային» հանդիպումների շրջանակներում: Ուշագրավն այն է, որ վարչապետ Փաշինյանը, փաստորեն, ոչ միայն պատրաստվում է առաջարկել Ադրբեջանի նախագահին, որպեսզի վերջինս համաձայնվի բանակցային գործընթացին Արցախի պատվիրակության լիիրավ մասնակցությանը, այլև հայտարարելով, որ այդ հանդիպումը օրակարգ չի ունենալու, ըստ էության հրաժարվում է հին օրակարգից՝ Մադրիդյան սկզբունքներից ու սույնով նոր բանակցային օրակարգ ձևավորելու հայտ է ներկայացնում: Այսպիսով, պաշտոնական Երևանը մի նախաձեռնությամբ է ծրագրում հանդես գալ, որը թե հաջողելու, թե ձախողելու դեպքում կարող է շրջադարձային նշանակություն ունենալ խաղաղ կարգավորման ողջ գործընթացի համար:

-Որքա՞ն կարող են երկու երկրների ղեկավարները հանդիպել առանց հստակ օրակարգի։

-Կարծում եմ, որ մեկ կամ երկու անգամ՝ դա կախված կլինի պաշտոնական Բաքվի պահվածքից – Իլհամ Ալիևը կանգնած կլինի ընտրության առջև՝ նա պետք է որոշի, արդյոք ավելի նպատակահարմար կլինի անմիջապես մերժել վարչապետ Փաշինյանի առաջարկները և վերադառնալ ճակատային գծում ռազմական միջադեպեր հրահրելու մարտավարությանը, թե, այնուամենայնիվ, որոշ ժամանակ հայցել հայկական կողմի նոր մոտեցումներն ուսումնասիրելու և երկրորդ հանդիպման ընթացքում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն ու հնարավոր առաջարկները ներկայացնելու համար: Այսինքն, այս անորոշ վիճակը կարող է առավելագույնը երկու-երեք ամիս տևել:

Փաշինյանը նաեւ նկատել էր, թե իրավասու չէ բանակցել Արցախի անունից, մինչդեռ Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, որ բանակցելու է բացառապես Հայաստանի հետ։ Արդյո՞ք այս հանգամանքը փակուղի չի տանում բանակցային գործընթացը։

Փակուղի կտանի բանակցային գործընթացն այն դեպքում, եթե պաշտոնական Երևանը չունի իրավաքաղաքական ու դիվանագիտական անհրաժեշտ քայլերի այն ծրագիրը, որի միջոցով կկարողանա ապահովել Արցախի բանակցողների լիիրավ մասնակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին, անկախ այն բանից, թե այս փուլում ինչպես այս պահին կարձագանքի Ադրբեջանը: Եթե վարչապետ Փաշինյանը չունի համապատասխան ծրագիրը կամ չի ցանկանում, որպեսզի այդօրինակ ծրագիր առհասարակ գործնականում կիրառվի, ապա Հայաստանին կարող են հասցեագրվել բանակցային գործընթացը միտումնավոր վիժեցնելու տարատեսակ մեղադրանքներ: Սա արդեն բոլորովին այլ խնդիր կլինի: Ամեն դեպքում, համոզված եմ, որ այս հարցը լուծելի է:

Վերջին շրջանում զգալի նվազել են հրադադարի ռեժիմի խախտումները։ Ի՞նչ է սա նշանակում, արդյոք կողմերը պահպանում են պայմանավորվածությունները, թե՞ Ադրբեջանը փորձում է բթացնել հայկական կողմի զգոնությունը։

-Ապրիլյան պատերազմից ի վեր Ադրբեջանը պահանջում էր, որպեսզի հայկական զինուժն առանց նախապայմանների լքի «ադրբեջանական» տարածքները և փոխարենն առաջարկում էր նվազեցնել կամ զրոյացնել սեփական ռազմական ակտիվությունը ճակատային գծի երկայնքով: Ադրբեջանցի պաշտոնատարները հայաստանյան իշխանափոխությունից հետո բազմիցս հույս են հայտնել, որ Հայաստանի նոր իշխանությունները նախորդներից ավելի խելամիտ կգտնվեն ու կդադարեցնեն «ադրբեջանական» հողերի «օկուպացիան»: Նախորդ տարվա մայիսից սկսած, ճակատային գծում լարվածության նկատելի նվազեցումը պաշտոնական Բաքուն ներկայացնում է, որպես իր բարի կամքի դրսևորում և յուրօրինակ ավանս, որը նրանք բաշխում ՀՀ նոր քաղաքական ղեկավարությանն, այն հույսով, որ վերջինս կկատարի իրենից պահանջվող այդ քայլը: Եթե ՀՀ իշխանությունները մերժեն ադրբեջանական պահանջը, ապա ադրբեջանական կողմը դրան համարժեքորեն կարող է արձագանքել ռազմաճակատում՝ մեր զինուժին կորուստներ պատճառելով: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմն այս տրամաբանությամբ է առաջնորդվում:

Այդ ֆոնին գործող իշխանության հասցեին մեղադրանքներ են հնչում, որոշ խմբեր նույնիսկ ակցիաներ են անում՝ Փաշինյանին մեղադրելով «հող հանձնելու» մեջ։ Կմեկնաբանե՞ք այդ մեղադրանքները, ո՞ւմ է ձեռնտու նման ապատեղեկատվության տարածումը։

-Տարածք հանձնելու թեման կարող է դառնալ ինչպես անկեղծ մտահոգությունների, այնպես էլ քաղաքական շահարկումների առարկա: Վարչապետ Փաշինյանն այս հարցի վերաբերյալ միանշանակորեն հայտարարել է, որ տարածք հանձնելու կամ ինչ-որ բանի հետ տարածք փոխանակելու շուրջ չի բանակցելու և ես առայժմ որևէ պատճառ չեմ տեսնում նրա խոսքերը կասկածի տակ դնելու համար:

1in.am

(Visited 77 times, 1 visits today)