Վարժարանի պոտենցիալ գնորդին ուղեկցել են «մուշտարու աչքով» վարժարանը տեսնելու

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վաճառքի մասին քիչ առաջ գրառում էր կատարել, որում, մասնավորապես,  ասվում էր.

«Կառավարությունը բարձունք է հանձնում. փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: Ինձ հասած տեղեկություններով՝ Պետգույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին, շատ կլինի: Չէի հավատում, քանի որ աղբյուրը Պետգույքի վարչության տեխնիկական աշխատակից էր, բայց այսօր տեղեկությունն անձամբ ինձ հաստատեց ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա»:

168.am-ի հետ զրույցում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Ա. Մինասյանը ասել էր, թե նման բան չկա, ապա, թե՝ «Ոչ մի գույք չի օտարվել: Ո՞նց եք պատկերացնում՝ կրթօջախի գույքը  օտարվի, բա երեխեքը ո՞նց են դաս անելու»:

Իսկ ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունից և ՀՀ Պաշտպանության նախարարությունից ասել էին, որ տեղյակ չեն խնդրի մասին ու խոստացել պատասխանել ավելի ուշ:

Մեր հավաստի աղբյուրները քիչ առաջ տեղեկացրեցին, սակայն, որ որքան էլ Պաշտպանության նախարարությունից, վարժարանից և Պետական գույքի կառավարման վարչությունից հերքման փորձեր են կատարում կամ ասում են, թե տեղյակ չեն, այնումենայնիվ, իրականում Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը փորձում են վաճառել։

Ավելին, երեկվա դրությամբ պոտենցիալ գնորդին Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնյաներն ուղեկցել են, որպեսզի տեղում տեսնի, ծանոթանա շենքին, պայմաններին, գտնվելու վայրին, և այլն։

168.am

(Visited 244 times, 1 visits today)