Հազվադեպ իրավիճակ. այդպես եղել էր մեկ էլ Ապրիլյան քառօրյայից հետո, կարճ ժամանակով

Արցախում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի ԱԽ-ների համատեղ արտահերթ նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Արցախը բանակցային սեղանի լիարժեք կողմ դարձնելու Երևանի դիրքորոշումն առաջ մղելու հետևողականությունը՝ հայտարարելով, որ դա քմահաճույք կամ նախապայման չէ, այլ Հայաստանի ժողովրդի՝ իրեն տված մանդատ, նաև հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանություն: Անշուշտ հասկանալի է, որ փաստարկված և ներկայացված խնդիրը, բացի այդ տրամաբանական հիմնավորումներից, ենթակա է նաև քաղաքական իրողությունների և ընկալումների ազդեցության, որոնք պայմանավորում են հարցի շուրջ աշխարհաքաղաքական մթնոլորտը: Ակնհայտ է, որ ներկայումս այդ մթնոլորտը ամենևին այնպիսին չէ, որը թույլ կտա ակնկալել Հայաստանի դիրքորոշման շուտափույթ ճանաչում: Մյուս կողմից, սակայն, դա ամենևին չի կարող լինել քննադատության կամ ընդդիմախոսության հիմք, թե Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած մոտեցումը տապալվել է կամ ձախողվել:

Բանն այն է, որ առաջ է քաշվում մոտեցում, որը ինքնին չէր էլ ենթադրում արագ արդյունք: Ավելին, եթե իրավիճակը ինքնին հասունացել էր այն աստիճան, որ հնարավոր էր արագ իրագործում, այդ դեպքում դիրքորոշման հարց լինել ընդհանրապես չէր կարող: Եթե իրավիճակը ինքը պետք է ենթադրի Արցախի մոտեցում բանակցային սեղանին, ապա այս դեպքում արդեն առաջարկը դառնում է տեխնիկական հարց, ոչ թե քաղաքական: Իսկ տվյալ դեպքում Երևանն ինքն է ստեղծում, կամ ինքն է սկսում ստեղծել, ձևավորել այն իրավիճակը, որի արդյունքում Արցախը պետք է վերականգնի բանակցային լիիրավ կողմի կարգավիճակը: Իսկ քաղաքականության մեջ իրավիճակ ստեղծելը ամենևին ակնթարթային քայլ չէ, այն հաճախ պահանջում է ընդհուպ տարիներ, իսկ հաճախ էլ ինքնին ստեղծելու գործընթացն ու դրանում ձևավորված նպատակն են դառնում քաղաքական արժեք ներկայացնող հաղթաթղթեր:

Այդ իմաստով, Երևանը ձևակերպել է Հայաստանի և Արցախի շահից, անվտանգության հրամայականից բխող խնդիր և նպատակակետ, որի արդյունավետության գնահատման չափանիշը ամենևին էլ, այսպես ասած, իրականացված տեսնելը կամ իրականացման երաշխիքներ տեսնելը չէ: Այստեղ կա ինքնին քաղաքական նշանակության առանձնահատկությունը, երբ կարևոր է, որ ձևակերպվել է խնդիրն ու դրվել հստակ գիծը՝ ներկայացնելով տրամաբանական փաստարկները: Դա, իհարկե, իր հերթին ենթադրում է քաղաքականության շարունակություն, հետևողականություն, ստեղծված, սահմանված և իրականանալիության առումով հեռու նպատակներից մոտ ժամանակում հարակից օգուտներ քաղելու կարողություն: Այդ տեսանկյունից, որքան էլ տարօրինակ չհնչի, քաղաքական էֆեկտն արդեն իսկ նկատելի է: Որովհետև Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունը գործնականում այլ բան չէր, քան, այսպես ասած, պարիտետը պահելու ավանդական սկզբունքի կիրառումով Հայաստանի հետ որոշակի քաղաքական երկխոսություն սկսելը:

Այդ տեսանկյունից հայտարարությունը բացառիկ էր իր տողատակով, թեև Հայաստանում այն մեծ մասամբ արժանացավ այսպես ասած՝ մակերևութային, «սովորույթի ուժով» մեկնաբանությունների և գնահատականների, դրանց մի զգալի մասն էլ պայմանավորված, իհարկե, քաղաքական փաթեթավորումով խմբային կոմերցիոն շահերով: Դժվար է հիշել, թե համանախագահները երբ էին գնացել Հայաստանի հետ քաղաքական երկխոսության: Թերևս, միայն Ապրիլյան քառօրյային հաջորդած շաբաթների և մեկ-երկու ամիսների ընթացքում, որից հետո իրավիճակը մի շարք գործոնների բերումով աստիճանաբար վերադարձավ ավանդական տրամաբանության և իրերի ավանդական դրության փուլ, այդպիսով անիմաստ դարձնելով Երևանի հետ քաղաքական երկխոսության շարունակությունը: Դրա հետևանքով նաև չեզոքացավ դրա առանցքը՝ Վիեննայի օրակարգը, որը գործնականում աննախադեպ էր այն իմաստով, որ կարգավորման գործընթացը, մեծ հաշվով, ամբողջ քառորդդարյա պատմության ընթացքում գրեթե եզակի դեպք էր, երբ Հայաստանն ու միջազգային հանրությունը, միջնորդները համատեղ քաղաքական փաստ են պարտադրում Ադրբեջանին:

Ներկայումս գործ ունենք այդպիսի նոր իրավիճակի հետ, որն առավել ևս ձևավորվել է քաղաքական անարյուն փոփոխությունների արդյունքում և ունի առավել զարգանալու և նոր իրավիճակի վերաճելու ավելի մեծ ռեսուրս, հաշվի առնելով Հայաստանում բարձր լեգիտիմությամբ իշխանության առկայությունը: Մի բան, որն անշուշտ կարևոր, սակայն ոչ բավարար պայման է հաջողության զարգացման համար: Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական առումով նոր իրավիճակ ձևավորվի նաև Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում, գնահատումների, մարտավարական և ռազմավարական դիտարկումների նոր բովանդակությամբ ու որակով, որը համարժեք լինի ձևավորված նոր հնարավորությանը:

1in.am

(Visited 37 times, 1 visits today)