Ամենապրիմիտիվ հարցում՝ հայատյաց քաղաքականություն. ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ ծանր հարված Բաքվին

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուս քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու հնարավոր վտանգների մասին. «ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է թույլ չտալ մուտքն իրենց երկրի տարածք այն անձանց, որոնք, անկախ քաղաքացիությունից, ուղղակի կամ անուղղակի կերպով, հայ ազգի պատկանելիության նշաններ ունեն»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Գերատեսչությունից նշում են, որ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական գործողությունների անթույլատրելիության մասին ռուսական կողմի բազմաթիվ դիմումներն ադրբեջանական կողմին անտեսվում են: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՌԴ ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Ադրբեջան կատարելիք ուղևորության ժամանակ մանրակրկիտ կշռադատել հնարավոր վտանգները:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանի արտգործնախարարության բաց տեքստով ասվածից բխում է մի պարզ բան։ «Ադրբեջանում հայերի նկատմամբ պետական մակարդակով գերակշռում է այն նույն վերաբերմունքը, ինչ նացիստական Գերմանիայում հրեաների նկատմամբ։ Այսինքն` Ադրբեջանը, այո՛, նացիստական, ռասիստական պետություն է։ Դա դրսևորվում է և՛ քաղաքականությամբ և՛ նաև հիմնավորված է տեսականորեն՝ այնտեղ նշվում է, որ ղարաբաղյան հարցի չլուծված լինելու պատճառով է նման մոտեցումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ այս ամենն ընդամենը ստեղծված իրավիճակի արձանագրումն է. «Ի վերջո, Ռուսաստանն իր քաղաքացիների հետ կապված խնդիրներ է բարձրացնում Ադրբեջանի առաջ՝ փորձելով իրավիճակ փոխել։ Սա նաև որոշակի առումով նախազգուշացում է Ադրբեջանին, որ ընդհանրապես Ռուսաստանից այցելուների հոսքն Ադրբեջան էապես կարող է կրճատվել։ Այս հայտարարությունն իհարկե կտարածվի միջազգային լրատվամիջոցներով։ Սրանից բխելու է մի բան՝ միջազգային հանրությունը տեղյակ է լինելու, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։ Այսինքն՝ Ռուսաստանը Ադրբեջանին սրանով բավականին ծանր հարված հասցրեց»։

Մի կողմից խոսվում է խաղաղության նախապատրաստվելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ ամենապրիմիտիվ հարցում Ադրբեջանն այսպիսի հայատյաց քաղաքականություն է վարում։ Ռուբեն Մեհրաբյանը, համաձայնելով այս դիտարկմանը, միևնույն ժամանակ նշում է. «Ի վերջո, այն նույն երկրին, որին Ռուսաստանն այսօր դիմում ու նախազգուշացումներ է անում՝ այդ նույն ռեժիմի առաջին զինողը Մոսկվան է։ Փաստ է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանին ամենամեծ բարոյական աջակցություն ցուցաբերողը Ռուսաստանն է»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այժմ Մոսկվայի կողմից խնդրի բարձրաձայնումը կապված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշակի լարվածության հետ։ «Ինչո՞ւ այսքան տարի չէին բարձրաձայնում, չէ՞ որ խնդիրը նոր չէ։ Ես ավելի շատ այն կապում եմ ռուս-ադրբեջանական հարաբերությունների շահերի բախման հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանն ընդգծեց. «Իհարկե, սա կոնֆլիկտի չլուծման հետևանք է, բայց կրկնում եմ՝ խնդիրն այսօր չի առաջացել, պարզապես ռուս-ադրբեջանական հարաբերություններում այսօր կա որոշակի լարվածություն, որտեղ օգտագործվում են տարբեր միջոցներ որոշակի ազդեցություն ունենալու համար։ Սա շատ լավ միջոց է Ռուսաստանի համար ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա։ Այսինքն՝ խնդիրը կապված է Ղարաբաղյան հակամարտության հետ, բայց Ռուսաստանի կողմից խնդրի բարձրաձայնումն այդ հակամարտության հետ կապ չունի. սա իրենց միջև առկա լարվածության հետևանք է»։

Քաղաքագետը նաև նշեց՝ այսօր Բաքվին խաղաղության նախապատրաստելն անիմաստ է։ «Ագրեսիվ հռետորաբանությունն այդ երկրի չի փոխվում։ Իսկ Հայաստանի հասարակությունը այդ խաղաղությանը պատրաստ է, ադրբեջանցիները հիմա էլ գալիս են Հայաստան ու խնդիր չեն ունենում։ Հայաստանին խաղաղության նախապատրաստելու դրույթը ենթադրում է զիջումների նախապատրաստում, իսկ դա միակողմանիորեն չի լինում։ Ադրբեջանի հասարակությունն այսօր պատրաստ չէ հայերի հետ խաղաղ ապրել, ինչպե՞ս պատրաստել Ադրբեջանի հասարակությանը խաղաղության, եթե ղեկավարությունն ամեն օր աշխարհի տարբեր կետերում նշում է, որ հայերն իրենց թշնամիներն են և վերը նշված օրինակն էլ դրանցից մեկն է՝ անգամ ՌԴ քաղաքացի ազգությամբ հայերն իրենց համար թշնամի են։ Հետևաբար՝ խաղաղության նախապատրաստումը կեղծ մոտեցում ու օրակարգ է»,- եզրափակեց նա։

1in.am

(Visited 234 times, 1 visits today)