Իրեն մի հավատացեք, նա սուտասան է, ասածն էլ ջուր է. Ռուբեն Սահակյանը՝ Սասուն Խաչատրյանի մասին

Իսկ ով ասաց, որ բանակը մասնակցել է քաղաքական զարգացումներին. քննչական մարմի՞նն ասաց, Սասուն Խաչատրյա՞նն ասաց, կամ քննչական մարմնի ղեկավա՞րն ասաց. ես չեմ հավատում նրանց, նրանց ասածը ջուր է: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը:

Նա նշեց, որ 0038 հրամանը իր մեջ որեւէ հանցավոր բան չի պարունակում, ամեն ինչ նորմալ է. «Դրա բացատրությունը ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը, ոչ ոք չի կարող տալ: Ես մասնագետ չեմ, ես հիմնվում եմ մասնագետների կարծիքի վրա: Խնդրում եմ կարդացեք Սեյրան Օհանյանին եւ դա ընդունեք որպես հիմք»,-ասաց փաստաբանը:

Դիտարկմանը, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ զինվորներին վարձկաններ էին սարքել եւ որոշ օլիգարխներ վճարում էին, որպեսզի իրենց տները պահպանեն, Ռուբեն Սահակյանն ասաց. «Նման հայտարարություն կարող է անել մարդը, որը նենգափոխում է գործի փաստերը: Մարդիկ կտրվել են իրենց տներից, եկել են Երեւան գրպաններում ոչինչ չունեն, անգամ մածուկ գնելու փող չունեն: Մարդիկ բացատրում են, որ ստացել ենք գումար, օգտագործել ենք մեր կարիքների համար: Ինչու ոչ, նաեւ ուղարկել են տուն»: Նա նաեւ հավելեց, որ այդ գումարը նրանք միայն այդ ամիս են ստացել:

Ինչ վերաբերում է Սասուն Խաչատրյանի մյուս մտքին, որ սահմանին այնպիսի իրավիճակ էր, որ մեկ զինվորը առանց հերթափոխի հսկում էր առաջնագիծը, մինչդեռ որոշ զինվորներ Երեւանում հսկում էին օլիգարխների տները, փաստաբանը նշեց. «Իրեն մի հավատացեք, նա սուտասան է: Ահավոր սուտասան մարդ է: Ես քրեական գործն եմ կարդում, նման բան չկա: Խոսել եմ այլ փաստաբանների հետ, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ասում են, որ ահավոր դժվար է գործի նյութերին ծանոթանալը, որովհետեւ հարցեր են տալիս, որոնք առնչություն չունեն գործի հետ: Չեմ կարող օրինակներ բերել»:

Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը միշտ հանդես է եկել եւ երբեք չի թացքրել այն ինչը կա. «Հենց առաջին նիստում, որը օգոստոսին էր, նա մի չքնաղ ելույթ ունեցավ: Նա ասել է, որ ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդերձ, ստանալով հաղորդագրություն ԱԱԾ ղեկավարից, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործի մեջ, որ ԵԿՄ-ն ոտքի է կանգնել, փորձում են միանալ ժողովրդին, որ մարդիկ զինված են: Դուք էլ լսած կլինեք, ես անձամբ տեսել եմ, որ խոսքը գեներալ Մանվելի, գեներալ Գագիկ Մելքոնյանի մասին է: Վերջերս էլ կարդացել եմ, որ նա մի տեղ ասում է, որ հատուկ գնդի 80 տոկոսը միացել էր ցուցարարներին: Այսինքն զինվորականները միացել էին ցուցարարներին, ի՞նչ իրավունքով»:

news.am

(Visited 60 times, 1 visits today)