Մոսկվան անուղղակիորեն ճանաչում է Արցախի իրավունքը

Այսօր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է խորհրդարան, որտեղ փակ հանդիպում է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանը որդեգրում է որոշակիորեն նոր մոտեցում, ինչը մանրամասն ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհրդի նիստում։ Մնացականյանն ասել է նաև, որ հայկական կողմը բանակցություններում շեշտը դնում է մարդու, մարդու իրավունքի խնդիրների վրա, քանի որ արցախյան հարցը մարդու իրավունքներին առնչվող հարց է։ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հայկական կողմի պահանջը բանակցությունների շարունակության նախապայման չէ, և որ հայկական կողմը բանակցություններին մասնակցում է բացառապես կառուցողական տրամադրվածությամբ։

Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունները նորություն չեն, նա ըստ էության վերահաստատել է այն, ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում։ Մյուս կողմից, հայտարարությունը, որ Հայաստանը բանակցային գործընթացում որդեգրում է նոր մոտեցում, ինքնին ուշագրավ է։ Մի կողմից Հայաստանը չի հրաժարվում բանակցային գործընթացում առկա երեք սկզբունքներից ու վեց տարրերից, սակայն մյուս կողմից հանդես է գալիս դրանց հստակեցման պահանջով, ինչն էլ ընկած է նոր մոտեցման հիմքում։ Այսպիսով, հայկական կողմի նոր մոտեցումը խարսխված է մի կողմից Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու պահանջի, մյուս կողմից՝ բանակցային սկզբունքներն ու տարրերը հստակեցնելու սկզբունքի վրա։ Այդ առումով ուշագրավ է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այսօրվա հայտարարությունը։ Խոսելով Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հնարավորության մասին, Զախարովան հայտարարել է. «Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացվելու է բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք այն կհարգենք։ Դա ոչ միայն մեր դիրքորոշումն է, դա նաև եռյակի (ԵԱՀԿ ՄԽ) մյուս երեք անդամների դիրքորոշումն է»։ Զախարովան փոքր-ինչ սխալ է այն առումով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր վերջին հայտարարությամբ, ըստ էության, անընդունելի էր համարել բանակցային ձևաչափը միակողմանի փոխելու հնարավորությունը։ Մարիա Զախարովան ասում է նույն բանը, սակայն փոքր-ինչ այլ շեշտադրմամբ, ինչը պետք է դրական համարել հայկական շահերի տեսանկյունից։ Խոսելով կողմերի մասին՝ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը չի մատնանշում Հայաստանն ու Ադրբեջանը, ինչը կարելի է ինչ-որ իմաստով համարել նաև Արցախի հիշատակում՝ առանց նրա անունը տալու։ Այսինքն՝ չմատնանշելով ո՞ւմ նկատի՝ «կողմեր» ասելով, Զախարովան, ըստ ամենայնի, բաց է թողնում այդ արտահայտության տակ նաև Արցախը ընկալելու կամ հասկանալու հնարավորությունը։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանն անուղղակիորեն ճանաչում է Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակցելու իրավունքը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հակամարտության կողմերը երեքն են՝ Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը։ Եվ երբ խոսք է գնում կողմերի որոշումները հարգելու մասին, ապա Արցախը՝ որպես հակամարտության կողմ, ունի հարգանքի արժանանալու նույնպիսի իրավունքներ, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների տեղապտույտի հիմնական պատճառներից մեկն այն է, որ շուրջ քսան տարի այն ընթացել է գրեթե միևնույն սկզբունքների ու կաղապարների շրջանակներում։ Բանակցությունների ընթացքը փոխելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռազմավարություններ ու նոր հայեցակարգեր։ Բանակցություններում հայկական կողմի, ՀՀ վարչապետի վերջին քայլերը ինչ-որ իմաստով խթան են միջազգային հանրությանը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբին հնացած կաղապարներից դուրս գալու ու խնդրի լուծման նոր առաջարկներ ներկայացնելու համար։ Հայաստանն արել է իր քայլը։ Գնդակը, ինչպես ասում են, միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտում է։

1in.am

(Visited 150 times, 1 visits today)