Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Երևանում հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք»,- կառավարությունում ընդունելով Վրաստանի նախագահին՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրել է, որ որպես վարչապետ՝ իր առաջին պաշտոնական այցը կատարել է Վրաստան, և դա ընդգծում է Հայաստանի կառավարության և անձամբ իր առանձնահատուկ ուշադրությունը և կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: «Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա և ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել»։
Զուրաբիշվիլին իր հերթին համոզմունք է հայտնել, որ հարևան պետությունների՝ առանց այն էլ սերտ հարաբերությունները կանցնեն նոր փուլ, և կկարողանանք էլ ավելի զարգացնել:
Փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ անկախ այն բանից, որ Հայաստանն ու Վրաստանը տարբեր աշխարհաքաղաքական ուղղվածություն ունեն, Հայաստանին պետք է կայուն և կանխատեսելի Վրաստան։ «Վրաստանը մեր հյուսիսային հարևանն է և այնտեղով է գալիս ապրանքների մեծ մասը։ Եվ նույնն էլ Վրաստանին՝ պետք է կայուն և կանխատեսելի Հայաստան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Վարդանյանն ընդգծեց՝ երկու երկրները շատ դեպքերում միջազգային հարթակներում աչք են փակում իրար դեմ ուղղված քվեարկություններին. «Հատկապես երբ խոսքը կոնֆլիկտներին է վերաբերում, մեր քվեարկությունները տարբերվում են։ Բայց երկու պետություններն էլ ըմբռնումով են մոտենում միմյանց աշխարհաքաղաքական վիճակին, և խնդիրը սկանդալների չի հասնում»։
Մեր զրուցակիցը հավելեց. «Չնայած Հայաստանը գնաց ԵԱՏՄ, մեզ ձեռնտու է, որ Վրաստանը որքան հնարավոր է շատ ինտեգրվի եվրոպական կառույցներին։ Հայաստանին ձեռնտու է ունենալ տնտեսապես բարեկեցիկ, կանխատեսելի հարևան։ Բացի դրանից՝ Վրաստանում Արևմուտքի կողմից արվող շատ բարեփոխումներ նաև Հայաստանի համար են վարակիչ դարձել։ Հայաստանում շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ՝ տեսնելով, թե Վրաստանն ինչպես է առաջ շարժվում, փորձում են հետևել այդ օրինակին»։
Ըստ Վարդանյանի՝ Հայաստանին ձեռնտու է, որ Վրաստանը գնա եվրոպական ուղղությամբ. «Բարեկեցիկ, կայուն, զարգացած հարևան ունենալը միանշանակ բխում է մեր շահերից»։
Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն այցը շատ հետաքրքիր է գնահատում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վասաձեն մասնավորապես նշեց. «Այն միևնույն ժամանակ արարողակարգային է, որովհետև Վրաստանի նոր նախագահը ոչ պաշտոնական, բայց գործող արարողակարգի համաձայն՝ պարզապես պարտավոր է այցելել հարևան երկիր։ Միևնույն ժամանակ այցը ճանաչողական բնույթի է, որովհետև Հայաստանի ղեկավարության հետ անձնական ծանոթությունը ևս պարտադիր է Վրաստանի նախագահի համար»։
Ըստ Վասաձեի՝ այցի ամենահետաքրքիր հատվածը տեղեկատվականն է։ «Մեր երկրում նախագահը հանդիսանում է արտաքին գործերի սուպեր նախարար, որի գործառույթների մեջ է մտնում Վրաստանում իրական իշխանություն ունեցող մարդկանց հետ շփումները։ Իսկ հաշվի առնելով տարածաշրջանում շատ դինամիկ զարգացող իրադարձությունները՝ սա հիմա իսկապես շատ կարևոր է,- եզրափակեց նա։
1in.am