«Ստեղ տղա կա՞․․․». Դիլիջանում դանակահարվել է «Միմինո» սրճարանի տեր «Կինտոն»

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ռազմիկ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

42-ամյա Ռազմիկ Հ.-ին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի ու խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի նոյեմբերի 11-ի երեկոյան Ռազմիկը գնացել է Դիլիջանի «Միմինո» սրճարան ու բարձրաձայն հարցրել է. «Ստեղ տղա կա՞»: Ապա, ըստ մեղադրանքի, նա «անհիմն վիճաբանել է այդ հարցին արձագանքած մարդկանց հետ, առանց հրավերի նստել է սեղաններից մեկի մոտ՝ «սեղանակցել է… իր սանձարձակ վարքագծով խաթարել է սրճարանի բնականոն աշխատանքը՝ շուրջ 15 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը…»:

Սրճարանի սեփականատեր Արմեն Մ.-ն Ռազմիկին դուրս է բերել սրճարանից: Ժամը 18-19-ի սահմաններում առաջացած տարաձայնությունները հարթելու նպատակով Ռազմիկն ու Արմեն Մ.-ն, ըստ մեղադրանքի, մեկնել են Տավուշի մարզի Թեղուտ գյուղի 1-ին փողոցի սկզբնամաս, որտեղ Ռազմիկը, ըստ մեղադրանքի, բարձրաձայն հայհոյանքներ տալով՝ խուլիգանական դրդումներով Արմեն Մ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կրծքավանդակին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս և, հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի:

Ռազմիկ Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, որ դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 11-ին, գնացել է Դիլիջանում Արմեն Մ.-ին պատկանող սրճարան: Արմենն իր ընկերն է, ինքը նրա հետ նորմալ հարաբերությունների մեջ է: Իրեն մեղավոր է ճանաչում միայն «Միմինո» սրճարանում խուլիգանություն անելու համար, բայց ինքն Արմենին չի դանակահարել:

Երբ Արմենն իրեն դուրս է բերել սրճարանից, մեքենայով տարել ու իջեցրել է կանգառում՝ Դիլիջանի շրջադարձի մոտ: Ինքը պատահական մեքենայով գնացել է Թեղուտ գյուղ՝ իրենց տուն: Այդ օրը տանից դուրս չի եկել: Առավոտյան լսել է, որ «Միմինո» սրճարանում տեղի ունեցածի պատճառով իրեն են փնտրում: Այդ պատճառով փախուստի է դիմել: Բայց հետագայում լսել է, որ իր «գլխին սարքել են», կամովին ներկայացել է ոստիկանության բաժին:

Չի կարող ասել, թե ինչու է պաշտպանության տակ գտնվող վկան ցուցմունք տվել՝ իբր ինքն է դանակահարել Արմենին: Արմենն իր ընկերն է, իրենց միջև թշնամանք չկա: Այո, ինքը սրճարանում կոպիտ է խոսել: Տուն գնալիս չի մտել խանութ, դանակ չի փնտրել…

Գործով վկաները, ովքեր խուլիգանության պահին եղել էին «Միմինո» սրճարանում, Ռազմիկ Հ.-ի դեմ ցուցմունք չեն տվել:

Մասնավորապես՝ վկա Լևոն Օ.-ն հայտնել է, թե հեռախոսով է զբաղված եղել ու ոչինչ չի հիշում: Սրճարանում կոնֆլիկտ կամ վեճ չի եղել: Ամբաստանյալին սրճարանում չի տեսել: Սուրճ է խմել ու տուն է գնացել: Վկան պնդել է, որ իր նախաքննական ցուցմունքում կան բառեր, որ ինքը չի գրել, օրինակ՝ «կուրաժիտ», «ինքն իրեն բարձր դասել»՝ այդ բառերն ինքը չի օգտագործել: Ամբաստանյալը մտել է սրճարան ու հարցրել է. «Ստեղ տղա կա՞»… Մարդիկ մտածել են, թե նրան օգնություն է պետք…

Դատաքննությանը չի ներկայացել տուժող Արմեն Մ.-ն: Դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքը: Նա հայտնել է, թե Դիլիջանի «Միմինո» սրճարանի սեփականատերն է, Ռազմիկ Հ.-ին ճանաչում է, նրան ասում են՝ «Ազի»: Դեպքի օրը նա եկել է իր սրճարան: Ինքը նկատել է, որ նա ոչ սթափ վիճակում է: Նա իր պահվածքով խանգարել է սրճարանի «ընդհանուր մթնոլորտին»: Նա չի ենթարկվել հանդարտվելու՝ իր հորդորներին, դրա համար ինքը նրան դուրս է հանել սրճարանից: Նստեցրել է իր մեքենան, տարել, իջեցրել է կանգառում: Դրանից հետո Ռազմիկին չի տեսել: Գնացել է տուն, հետո ուղևորվել է Վանաձոր: «Ֆրոլովո» գործարանից մոտ 3-4 կմ դեպի Վանաձոր՝ ճանապարհի աջ մասում, կանգնած էր սպիտակ մեքենա, շուրջը՝ 4-5 տղաներ: Ինքը մոտեցել, հարցրել է՝ ինչո՞վ կարող է օգնել: Նրանցից մեկն ասել է՝ դու ո՞վ ես, արա՛, ոչ մի բանով չես կարա օգնես: Ինքն էլ է կոպիտ պատասխանել: Նրանք սկսել են իրեն հարվածել, ինքն ընկել է գետնին, նրանք հեռացել են: Ինքը նստել է իր մեքենան, վերադարձել է տուն, տանն է նկատել, որ մի քանի տեղից դանակով խփել են իրեն: Այդ տղաներին ինքը չի ճանաչում, նրանց մեքենայի համարը չի նկատել, ոչ մեկից չի բողոքում: Թեղուտում հայտնաբերված արյունը հաստատ իրենը չէ…

Դատարանն արձանագրել է, որ նախաքննական մարմինը Ռազմիկ Հ.-ի կողմից սպանության փորձ կատարելու մեղադրանքը հաստատող միայն մեկ ապացույց է ներկայացրել՝ պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքը: Համաձայն այդ ցուցմունքի՝ դեպքի օրը վկան տեսել է «Կինտո» մականունով Արմեն Մ.-ին՝ Թեղուտ գյուղի՝ Մացոյի խանութի դիմացի մայթին: Գյուղի վերևի մասից հայհոյելով եկել է «Ազին»՝ Ռազմիկը, ցանկացել է խփել «Կինտոյին», բայց նրան հրել են: Այդտեղ մի քանի հագով «Կինտոյին» ծեծել են, նա ընկել ու ինչ-որ զենքով օդ է կրակել: Նրան ծեծողները հետ են քաշվել, բայց «Ազին» առաջ է գնացել ու մի քանի անգամ հարվածել է «Կինտոյին»: Հետո «Կինտոն» ինքնուրույն ոտքի է կանգնել ու մեքենայով հեռացել է:

Պաշտպանության միջոց կիրառված վկան հետագայում իրեն բացահայտել, ապա անհայտ ուղղությամբ հեռացել է Հայաստանից:

Դատարանն արձանագրել է. «Որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել, որ Արմեն Մ.-ին դանակով հարվածել ու վնասվածքներ է պատճառել Ռազմիկ Հ.-ն, ավելին՝ որ վերջինս դիտավորություն է ունեցել սպանելու Արմեն Մ.-ին, բայց իր կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դատարանը նշել է՝ եթե անգամ պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքը գնահատվեր որպես արժանահավատ ապացույց, ապա ըստ այդ ցուցմունքի էլ՝ ոչ մի բան չի խանգարել Ռազմիկ Հ.-ին՝ ավարտին հասցնելու տուժողին սպանելու մտադրությունը:

Դատարանը վճռել է՝ Ռազմիկ Հ.-ին սպանության փորձի մեղադրանքում արդարացնել, ճանաչել անպարտ, այդ մեղադրանքով դադարեցնել նրա քրեական հետապնդումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ռազմիկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 40 հազար դրամ տուգանքի: Դատարանը այս պատժի մեջ հաշվակցել է 2017 թվականի մայիսի 11-ից մինչև 2018 թվականի մարտի 15-ը Ռազմիկ Հ.-ի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակը, և նրան լրիվ ազատել է պատժի կրումից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրողը: Նա առաջին ատյանի դատարանի կողմից սպանության փորձի մեղադրանքում Ռազմիկ Հ.-ին արդարացնելը համարել է սխալ ու չհիմնավորված: Մեղադրողը պահանջում էր արդարացման մասով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Ռազմիկ Հ.-ին մեղավոր ճանաչել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով ու օրենքով նախատեսված համաչափ պատիժ սահմանել:

Վերաքննիչ քրեական դատարանը հանգեց եզրակացության, որ մեղադրանքի կողմը վերոհիշյալ ծանր մեղադրանքը հիմնավորող բավարար փաստարկներ ու ապացույցների համակցություն չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը մերժեց մեղադրողի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ, օրինական ուժի մեջ:

1in.am

(Visited 167 times, 1 visits today)