Հերթական խոշոր վթարը՝ ճանապարհի անորակ կառուցման պատճառով. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի 92 VD 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեպի Երասխավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց՝ 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 2-ը՝ Արտաշատի հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հիմնական պատճառներից մեկը նշված ճանապարհահատվածի անորակ վերանորոգումն է, ճանապարհ վերանորոգող կազմակերպությունը վերանորոգել է թերի և անձրև լինելու ժամանակ ջրափոսեր են առաջանում, ինչը վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս: Նշված հատվածում բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, սակայն պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում թերությունը վերացնելու ուղղությամբ: Մինչ վթարի վայրում ՃՈ ոստիկանները ծառայություն էին իրականացնում, մինչև հետաքննիչը կավարտեր դեպքի վայրի տեղազննությունը, նույն վայրում հերթական վթարը տեղի ունեցավ:

Mitcubishi Colt-ը ջրափոսերի մեջ ընկնելու հետևանքով բախվեց երկաթե արգելապատնեշներին: Միակ սփոփանքը նա է, որ այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան:

(Visited 52 times, 1 visits today)