Բանակին՝ Սաշիկ Սարգսյանի 20 մլն դոլարի նվիրատվությունը ինդուլգենցիայի տպավորություն է թողնում

«Մենք պետք է արձանագրենք այն հիմնական խնդիրները, որի հետևանքով թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ: Առաջին խնդիրը սոցիալական արդարության բացակայությունն էր, երկրորդը՝ ընտրովի արդարադատությունը և անպատժելիությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ թավշյա հեղափոխությունից հետո, ցավոք, չի ձևավորվել այն հայեցակարգը, որը պետք է մեզ հույս տար, որ կվերացվի սոցիալական անարդարությունը, կամ պետք է լուծվեն այդ անարդարությանը նպաստած խնդիրները. «Մենք միակ ճանապարհը համարում ենք այն, որ այդ անցումային արդարադատություն ասվածը ի վերջո ձևավորվի, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ շարունակվում է նախկին ընտրովի մոտեցումը: Եթե չկա այդ հայեցակարգը, ապա ընտրովիությունը անխուսափելի է»:

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի կողմից բանակին տրամադրված 20 մլն դոլարին և նմանատիպ այլ դեպքերի, Սաքունցն ասաց. «Ես չգիտեմ, թե դրանք ինչ ընթացակարգերով են տեղի ունենում: Որևէ հիմնավորում չկար, որ այդ գումարները օրինական ճանապարհով են առաջացել:

Դա ինձ վրա ավելի շուտ ինդուլգենցիայի տպավորություն է թողնում, երբ կաթոլիկ եկեղեցին տալիս էր մեղքերի թողության ինչ-որ գրավականներ, փաստաթղթեր, որի դիմաց վճարում էին մարդիկ ու անմեղություն էին ձեռք բերում: Ես չեմ կարծում, որ ֆինանսներով կամ դրանց չափով պետք է որոշվի, ասենք, այնպիսի մի լուրջ խնդիր, ինչպիսին քաղաքական հետապնդման զոհերն էին՝ քաղբանտարկյալները»:

Իրավապաշտպանի խոսքով՝ հասարակությունն էլ է մնում ֆրագմենտացված, որովհետև չկա այն ընդհանուր, լեգիտիմ մոտեցումը, որի վրա ձևակերպված են այդ խնդիրները և դրանց լուծման ուղիները, որոնք անվերապահորեն ընդունելի են. «Այսինքն՝ լեգիտիմ իշխանությունը պետք է ձևավորի լեգիտիմ գործիքներ, որպեսզի կարողանա քայլերի նկատմամբ լեգիտիմություն ունենալ, և տարընթերցումները լինեն սուբյեկտիվ: Բայց, ցավոք, դրանք դեռ մնում են օբյեկտիվ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 62 times, 1 visits today)