Հայաստանի փողի աղբյուրը

Հայաստանի իշխանության հռչակած տնեսական հեղափոխությունը դեռևս շատ հեռու է իրականություն դառնալուց։

Առայժմ տեսանելի չեն դրա իրագործման ոչ ընդհանրական, ոչ էլ՝ առավել ևս կոնկրետ մեխանիզմներն ու գործիքները։ Փաստաթղթային առումով տնտեսական հեղափոխոթյան բազան դեռևս կառավարության ծրագիրն է, որը շատ հեռու է հեղափոխական լինելուց։ Բայց եթե անգամ լինեն այլ ծրագրեր, ռազմավարություններ, հայեցակարգեր, բացակայում է տնտեսական հեղափոխության իրականացման համար անհրաժեշտ գլխավոր պայմանը՝ փողը։ Ոչ միայն տնտեսական հեղափոխության, այլ անգամ Հայաստանի տնտեսության սովորական, ընթացիկ զարգացման համար անհրաժեշտ է փող, շատ փող։ Առանց փողի անգամ ամենակատարյալ ծրագրերն ու ռազմավարությունները կմնան թղթի վրա։ Իսկ որտեղից կարող է Հայաստան հոսել տնտեսական հեղափոխության համար այդքան անհրաժեշտ փողը։ Մեծ հաշվով Հայաստանն ունի գումարային ներհոսքի երկու աղբյուր։ Մեկը զուտ տնտեսական, ներդրումային ծրագրերն են, մյուսը՝ պատկերավոր ասած՝ քաղաքական փողը։

Առաջին աղբյուրի՝ տնտեսական ծրագրերի համար պետք է լինեն օտարերկրյա խոշորամասշտաբ ներդրումներ, իսկ երկրորդ աղբյուրը՝ քաղաքական փողի աղբյուրը լայն իմաստով Արևմուտքն է՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը, որոնք կարող են Հայաստանին քաղաքական աջակցության, ներքին բարեփոխումների ու ինստիտուտների կայացման նպատակներով ֆինանսական օժանդակություն ցուցաբերել։ Տնտեսական խոշորամասշտաբ ծրագրեր առայժմ չկան, դրանք տեսանելի չեն նաև մոտ ապագայի համար։

Բանն այն է, որ Հայաստանի տնտեսական դաշտը բազմաթիվ կարևորագույն ուղղություններով դեռևս անորոշություններ է պարունակում ու շատ հարցեր հստակեցման կարիք ունեն։ Դեռևս ընդունված չէ բիզնեսի համար սահմանադրական նշանակություն ունեցող Հարկային օրենսգիրքը, դեռևս վերջնական որոշում չկա անցումային արդարադատության վերաբերյալ, որն այսպես թե այնպես առնչվելու է նաև տնտեսական հարաբերություններին, «Ամուլսարի» սեփականատեր «Լիդիան» ընկերությունը հայտարարել է կառավարության նկատմամբ արբիտրաժային գործընթաց սկսելու մասին և այլն։

Մի խոսքով, տնտեսության մեջ կան բավական անորոշություններ, որոնք ներդրողներին ընհանրապես, օտարկերկրյա ներդրողներին՝ մասնավորապես առայժմ հետ են պահում ներրդրումներ իրականացնելու որոշումներից։ Ու ստացվում է, որ հռչակված տնտեսական հեղափոխության իրագործման համար Հայաստանի առայժմ տեսանելի հնարավորությունը մնում է այսպես կոչված քաղաքական փողը։ Իսկ այդ փողը ստանալու համար Հայաստանը բավական աշխատանք ունի կատարելու ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրամիության հետ։ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում թավշյա հեղափոխությունից հետո լայն իմաստով դեռևս նոր օրակարգ ձևավորված չէ։ Դեռևս անցած իշխանության օրոք ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հնչեցրած թիվը՝ էներգետիկայի ոլորտում 8 միլարդ դոլարի ամերիկյան հետաքրքրության մասին, մնում է չառարկայացված։ ԱՄՆ-ը Հայաստանում նոր դեսպան ունի և պետք է հույս ունենալ, որ առաջիկայում երկուստեք քայլեր կկատարվեն ամերիկյան հնարավոր աջակցության և ներդրումային ծրագրերի որոշակիացման ուղղությամբ։

Շատ ավելի առարկայական է Եվրամիությունից աջակցություն ստանալու հնարավորությունը, ինչի մասին հայտարարություններ են հնչել ԵՄ-ի ամենաբարձրաստիճան ղեկավարներից։ Ներկայումս Հայաստանը ԵՄ-ին է ներկայացրել 13 կետից բաղկացած ծրագիր, որոնք գտնվում են ուսումնասիրման փուլում։ Ամենակարևորը՝ ԵՄ-ի հետ կա Համապարփակ գործընկերության ծրագիրը, որը թավշյա հեղափոխութունից հետո որոշակիորեն երկրորդական պլան էր մղվել։ Այն դեռևս վավերացված չէ ԵՄ անդամ մեկ տասնյակից ավելի երկրների կողմից։ Եվ ուրեմն Հայաստանը, մեր դիվանագիտությունը պետք է գերակտիվ աշխատանք ծավալի Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը հնարավորինս արագ վավերացնելու և ամբողջությամբ ուժի մեջ մտնելու համար։ Եվրոպական աջակցությունը առավելապես ենթակառուցվածքային ծրագրերին ուղղվող աջակցություն է, ինչպես նաև աջակցություն՝ ուղղված ներքին ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։ Դա իհարկե փոքր ինչ այլ փող է, քան ուղիղ ներդրումները, սակայն այդ փողի ներհոսքը Հայաստան՝ կարող է ունենալ զգալի տնտեսական էֆեկտ։

Հայաստանում տնտեսական հեղափոխության ճանապարհն այսպիսով զգալի չափով անցնում է Եվրամիությունով։ Եվ ուրեմն, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն իրականում տնտեսական հեղափոխությանը սպասարկող գործոն ու գործիք է, որը բաց թողնելու իրավունք Հայաստանը չունի։

Լուսանկարը՝ panorama.am-ի

1in.am

(Visited 52 times, 1 visits today)