3,5 տոննա բեռ բարձած ՊՆ «Զիլ»-ը անցել է հանդիպակաց ընթացող «Օպելի» վրայով ու գլորվել ձորը, վերջինիս վարորդն ու ուղևորը մահացել են

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Արա Էլբակյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 43-ամյա Արա Էլբակյանը պայմանագրային զինծառայող էր, վարորդ, կոչումով՝ շարքային:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 3-րդ մասով:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 21-ն անց 45-ի սահմաններում Արա Էլբակյանը վարել է ՊՆ հաշվեկշռում գտնվող «Զիլ» մեքենան: Երևան-Գյումրի ավտոճանապարհի 95-րդ կմ հատվածում, ըստ մեղադրանքի, Արա Էլբակյանը խախտել է ՃԵԿ համապատասխան պահանջները, մեքենան վարել է տվյալ ճանապարհահատվածում թույլատրելի առավելագույն արագությունը՝ 30 կմ/ժ-ն, այնպես էլ տվյալ շրջադարձում կողասահքի չենթարկվելու պայմանից ելնելով՝ սահմանային 60 կմ/ժ-ն գերազանցող՝ 71 կմ/ժ-ից ավելի մեծ արագությամբ, ինչը չի ապահովել «Զիլ» մեքենայի լիարժեք կառավարումը:

Արդյունքում, ըստ մեղադրանքի, «Զիլ» մեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, բախվել է հանդիպակաց ուղեմասով երթևեկող «Օպելին», դուրս է եկել երթևեկելի մասի սահմաններից ու գլորվել է ձորը:

«Օպելի» 43-ամյա վարորդ Վարդան Մ.-ն և ուղևոր՝ 30-ամյա Ռոստոմ Բ.-ն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ «Զիլ» մեքենայում գտնվող ուղևոր՝ 51-ամյա Անանիկ Ղ.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Դատարանում Արա Էլբակյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ նա հայտնել է, թե ՊՆ-ում պայմանագրային հիմունքներով աշխատում է 2012 թվականից, վարել է «Զիլ» և «ԿամԱԶ» մեքենաները:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին «Զիլ» և «ԿամԱԶ» մեքենաներով զորամասից մեկնել են Երևան՝ ՊՆ պահեստից ապրանքներ ստանալու: Պահեստում պարզվել է, որ «ԿամԱԶ»-ը անսարքություն ունի: Ինքը բանվորներ Անանիկի ու Ռուբենի հետ իր վարած «Զիլ» մեքենան բարձել ու շարժվել է Գյումրի: Ռուբենը նստած էր իր կողքին, Անանիկը՝ նրա կողքին՝ դռան մոտ:

Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում հասել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Սառնաղբյուր գյուղին հարակից ճանապարհահատվածին, որը վայրէջք ունեցող ճանապարհ է, այնտեղ շինարարական աշխատանքներ էին կատարվել:

Երբ այդ ճանապարհի երկու ոլորաններից մեկն անցել էր, երկրորդ ոլորանի սկզբնամասում հանկարծ մոտ տասը մետր հեռավորությունից տեսել է հանդիպակաց ուղեմասով ընթացող մեքենա, որի լույսերը շլացրել են իրեն: Ինքը մտածել է, թե կարող է բախվել այդ մեքենային, իր մեքենայի ղեկը կտրուկ աջ է թեքել: Այդ ժամանակ իրեն թվացել է, թե կորցնում է մեքենայի կառավարումը, ղեկը ձախ է թեքել, իրոք՝ կորցրել է մեքենայի կառավարումը, մեքենան կողաշրջվել է դեպի ձախ, ընկել է հանդիպակաց ընթացող մեքենայի՝ «Օպելի» վրա, անցել է այդ մեքենայից, հայտնվել է գետնին, ապա բախվել է արգելապատնեշին ու գլորվել է ձորը:

Արա Էլբակյանն ասել է, թե իր վարած «Զիլ» մեքենան տեխնիկապես սարքին վիճակում էր: Վթարի պահին մեքենան բեռնված էր 3,5 տոննա բեռով: Մինչև վթարը ինքը երթևեկել է 40-50 կմ/ժ արագությամբ: Մինչև վթարը հաճախակի արգելակել է, որ վայրէջքին մեքենայի ընթացքը չարագանա:

Ըստ ամբաստանյալի՝ իր վարած մեքենայի կողաշրջվելու պատճառն այն էր, որ մեքենայի ղեկը կտրուկ աջ է թեքել, հետո՝ ձախ: Մեքենան հավասարակշռությունը կորցրել է, դրան նպաստել է նաև այն, որ մեքենան բեռնված էր:

Հետագայում՝ որպես մեղադրյալ հարցաքննվելու, ապա դատարանում հարցաքննվելու ժամանակ Արա Էլբակյանը հայտնել է, թե վթարից անմիջապես առաջ ինքը կուրացել է հանդիպակաց ընթացող մեքենայի լույսերից, արգելակել է ու ղեկը ո՛չ կտրուկ՝ թեքել է դեպի աջ: Ցանկացել է արգելակելով կանգնեցնել մեքենան, բայց հարված է զգացել մեքենայի հետևի անվադողին, կորցրել է կառավարումը, կողաշրջվել ու ընկել է ձորը:

Արա Էլբակյանը պնդել է՝ ինքը նախաքննական մարմնին չի ասել, թե ղեկը աջ ու ձախ է արել, միայն ասել է՝ աջ է քաշել: Ինքը «Օպելի» վրայով չի անցել, միայն հարված է զգացել անիվին: Ինքը 71 կմ/ժ արագությամբ չի երթևեկել, հանդիպակաց ուղեմաս դուրս չի եկել, գտնվել է իր երթևեկելի գոտում: Կարծում է՝ «Օպելը» իր վարած մեքենայի հետևի անիվին է դիպել: Տարածքը թեք էր, դրա համար մեքենան սահել է դեպի ձախ…

Տուժողի իրավահաջորդ Մնացական Խ.-ն հայտնել է, թե «Օպելի» ուղևոր Ռոստոմ Բ.-ն իր քեռու տղան էր, նրա ծնողները զոհվել էին 1988-ի երկրաշարժին, Ռոստոմը ապրել է իրենց հետ… Նա աշխատում էր Թալինում՝ «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկում՝ որպես վարկային բաժնի մասնագետ:

«Օպելի» վարորդը եղել է իր փեսան: Դեպքի օրը զանգել են իրեն ու ասել են, թե վթար է եղել, քեռու տղան մահացել է, իսկ փեսան ծանր վիճակում է: Ինքն անմիջապես գնացել է հիվանդանոց, կոնկրետ վթարի մասին ոչինչ ասել չի կարող…

Տուժողի իրավահաջորդ Արտակ Մ.-ն հայտնել է, թե «Օպելի» վարորդ Վարդան Մ.-ն իր եղբայրն էր: Նա աշխատում էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության վրա: Հիվանդանոցում խոսում էին, թե «Զիլ» մեքենան անցել է Վարդանի վարած «Օպելի» վրայով, հետո գլորվել է ձորը…

Արա Էլբակյանը մահացածների հարազատներին որևէ կերպ չի աջակցել…

Գործով վկա Արմեն Գ.-ն հայտնել է, թե դեպքի օրը իր «Ֆոլքսվագեն» մեքենայով երթևեկել է Երևան-Գյումրի ավտոճանապարհով:

Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում հասել է Սառնաղբյուր գյուղին հարակից ճանապարհահատվածի վայրէջքին: Այնտեղ շինարարական աշխատանքներ էին կատարվել: Իր դիմացով ընթանում էր ՊՆ համարանիշով «Զիլ» մեքենա: Սկզբում ինքը ցանկացել է վազանց կատարել, սակայն նկատելով ճանապարհային նշանը, որ վազանցն արգելվում է, որոշել է մինչև վայրէջքի վերջը ընթանալ «Զիլ»-ի հետևից: Ինքն ընթանում էր մոտ 40 կմ/ժ արագությամբ: Իր ու «Զիլ» մեքենայի հեռավորությունը 20-25 մետր էր: Դեռ չհասած ճանապարհի երկրորդ ոլորանին՝ նկատել է, որ «Զիլ» մեքենայի հետևի աջ կողմի անիվները բարձրացել են գետնից, մեքենան կողաշրջվել է դեպի ձախ՝ հանդիպակաց ուղեմասով երթևեկող «Օպելի» վրա, անցել է «Օպելի» վրայով՝ ձախակողմյան անիվների վրա գնացել-հարվածել է արգելապատնեշին, այն տեղաշարժել ու ընկել է ձորը:

Ինքը միանգամից կանգնել է, փորձել է օգնել «Օպելում» գտնվողներին: Մարդիկ են հավաքվել, շտապօգնությունն է եկել, «Օպելի» վարորդին և ուղևորին տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ վկայի՝ «Զիլ» մեքենայի կողաշրջվելուն նպաստել է այն, որ տեղանքում ոլորաններ կան, երթևեկելի հատվածը նեղ է, մեքենան բեռնված էր: Կոնկրետ վարորդը ինչ գործողություններ է կատարել, ինքը չի կարող ասել…

Դատաքննական ցուցմունքում վկան ենթադրել է, որ երևի «Զիլը» թափքի մասով է անցել «Օպելի» վրայով…

Ըստ ավտոտեխնիկ-փորձագետի՝ հիմք ընդունելով հետքաբանական հետազոտության արդյունքները, եկել են այն եզրահանգման, որ «Զիլ» մեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, առջևի ձախակողմյան անիվով բարձրացել է «Օպել» մեքենայի ձախակողմյան անիվի վրա ու անվաթևի վրայով ընթացել է դեպի մեքենայի սրահը, այդ ժամանակ տեղի է ունեցել մեքենաների փոխազդեցությունը: Դրանից հետո «Զիլ» մեքենայի անիվները հպվել են ասֆալտին, «Զիլը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է ձորում: Հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառը եղել է «Զիլ» մեքենայի վարորդի կողմից նախապես ընտրված ոչ ճիշտ ռեժիմն ու արագության գերազանցումը… Եթե անգամ «Զիլ» մեքենայի վարորդը շլացել է դիմացից եկող մեքենայի լույսերից, նա պիտի ընտրեր երթևեկության այնպիսի ռեժիմ ու արագություն, որ հանդիպակաց ուղեմաս դուրս չգար…

Արա Էլբակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենգրքի 377 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Արա Էլբակյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 1 միլիոն 990 հազար 034 դրամ՝ որպես ՊՆ հաշվեկշռում գտնվող «Զիլ» մեքենային, ՊՆ-ին պատճառված նյութական վնասի հատուցում:

Արա Էլբակյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 142 հազար 800 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Դատարանն իրավունք է վերապահել տուժողների իրավահաջորդներին՝ քաղաքացիական դատավարության կարգով քաղհայցի պահանջներ ներկայացնելու:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Դերձակյանը և տուժողի իրավահաջորդ Արտակ Մ.-ի ներկայացուցիչ, փաստաբան Կ. Գասպարյանը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել է մեղսագրված արարքի համար արդարացնել Արա Էլբակյանին կամ դատավճիռը բեկանել և գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջել է դատավճիռը պատժի և քաղհայցի մասով փոփոխել՝ պատժի խստացման ու տուժողի իրավահաջորդների ներկայացրած քաղհայցի բավարարման առումներով:

Դատական այս նիստին կողմերը ներկայացրին իրենց վերաքննիչ բողոքները, ինչպես նաև՝ հակառակորդ կողմի բերած բողոքի դեմ իրենց առարկությունները:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Դերձակյանն ասաց, թե ներկայացնում է իր բողոքի «թիրախային կետերը»: Ըստ պաշտպանի՝ « Զիլ» մեքենայի արագությունը որոշելու համար տրված մեկնարկային տվյալները սխալ են եղել, հետևաբար՝ փորձագիտական եզրակացությունը չի կարող հիմնավոր լինել ու դրվել դատական ակտի հիմքում:

Պաշտպանը նշեց, որ դեպքի վայր հանդիսացող ճանապարհահատվածում կատարվել են շինարարական աշխատանքներ, որոնց ընթացքում փոփոխվել են որոշ պարամետրեր, դրանից հետո են կատարվել համապատասխան չափումները ու փորձագետներին են ներկայացվել այդ փոփոխված պարամետրերը, որոնք չեն արտացոլում դեպքի պահին տվյալ ճանապարհահատվածի իրական պատկերը:

Պաշտպանը պնդեց, թե փորձագիտական եզրակացության հիմքում կամայական, ոչ իրական տվյալներ են, ու փորձագիտական եզրակացությունը «կեղծ է»: Դրանից բխում է, որ անհիմն է եզրահանգումը իր պաշտպանյալի կողմից տվյալ ճանապարհահատվածում թույլատրելի արագությունը գերազանցելու, նրա մեղավորությունը հիմնավորելու վերաբերյալ. «Ոնց գցում-հաշվում ենք, «Զիլ»-ը ընթացել է 30-40 կմ/ժ արագությամբ»,- ասաց պաշտպանը:

Նա նշեց, թե վթարի ենթարկված տրանսպորտային միջոցների՝ «Օպելի» և «Զիլ» մեքենայի զննությունը կատարվել է «թերի», մեքենաների շփման հատվածներից նմուշներ չեն վերցվել: Վթարի բոլոր մասնակիցներից վերցվել են արյան նմուշներ, սակայն, ըստ պաշտպանի, քննիչը «Օպելի» վարորդի արյան նմուշը պահել է 7 օր, հետո է ներկայացրել հետազոտման: Ուղևորի արյան մեջ ալկոհոլի քանակություն է հայտնաբերվել, իսկ «Օպելի» վարորդի արյան մեջ ալկոհոլի աննշան քանակություն է հայտնաբերվել, որը հավասարազոր է սթափության, մինչդեռ, ըստ պաշտպանի, եթե քննիչը վարորդի արյան նմուշը ժամանակին ուղարկեր փորձաքնության, հնարավոր է, որ ալկոհոլի քանակությունը ավելի մեծ լիներ…

Պաշտպանը պնդեց իր վերաքննիչ բողոքը՝ կամ արդարացնել իր պաշտպանյալին, կամ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կ. Գասպարյանը ներկայացնելով իր բողոքը, նշեց, որ համամիտ չէ ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Դերձակյանի բողոքին:

Ըստ Կ. Գասպարյանի՝ առաջին ատյանի դատարանը չի պահպանել կողմերի հավասարության սկզբունքը, առավելություն է տվել ամբաստանյալի կողմին՝ ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ, ինչպես նաև չի լուծվել տուժողների հուղարկավորության ծախսերի հատուցման հարցը:

Կ. Գասպարյանն ընդգծեց՝ երկու զոհ կա ամբաստանյալի գործողությունների արդյունքում՝ նա մեքենան թույլատրելիից ավելի արագ է վարել, ինչը հաստատվել է փորձագիտական եզրակացությամբ: Եվ նման պայմաններում առաջին ատյանի դատարանը և՛ ակնհայտ մեղմ պատիժ է նշանակել, և՛ ամբաստանյալին թողել է ազատության մեջ:

«Տուժողների իրավունքների հարգում՝ դատարանի կողմից, չենք տեսնում»,- ընդգծեց Կ. Գասպարյանը՝ մեջբերելով միջազգային իրավունքի նորմերը՝ տուժողների իրավունքները հարգելու վերաբերյալ:

Կ. Գասպարյանը նշեց, որ «Օպելի» վարորդի խնամքին են չորս անչափահաս երեխաները, որոնցից երկուսը 4 տարեկան են. «Չորս երեխա ունեցող երիտասարդը, որն իր տան հիմքը նոր էր գցել, մեկ անձի անօրինական գործողությունների արդյունքում զրկվել է կյանքից, նրա երեխաներն ու վատառողջ ծնողները զրկվել են միակ կերակրողից…»,- ասաց Կ. Գասպարյանը ու տարակուսեց՝ այս պայմաններում դատական պրակտիկայի համաձայն՝ դատարանը գոնե հուղարկավորության ծախսերի ողջամիտ հատուցում որոշեր. «Այս աստիճանի արհամարհական վերաբերմունք և՝ մեղմ պատիժ՝ 2 զոհի առկայությամբ, ընդ որում՝ երկրորդ զոհն էլ երիտասարդ էր, դեռ ընտանիք չէր կազմել, ու ամբաստանյալը դատապարտվել է ընդամենը 7 տարի 6 ամիս ազատազրկման… այսօրվա վիճակով ճիշտ չի վարվել դատարանը»,- ասաց Կ. Գասպարյանն ու պնդեց իր բողոքը՝ խստացնել Արա Էլբակյանի պատիժը ու քաղհայցի պահանջները բավարարել հուղարկավորության ծախսերի հատուցման մասով:

Դատական նիստին ներկա տուժող Անանիկ Ղ.-ն հայտարարեց, թե ինքը կողմ է ամբաստանյալի շահերի պաշտպանի բողոքին: Այս հայտարարությունը վրդովմունք առաջացրեց տուժող կողմի շարքերում, Անանիկ Ղ.-ն տեղափոխվեց ամբաստանյալի կողմի շարք: Անանիկ Ղ.-ն ամբաստանյալի ծառայակիցն է եղել, վթարի պահին գտնվել է «Զիլ» մեքենայի մեջ, նրա առողջությանը միջին ծանրության վնաս էր պատճառվել: Ամբաստանյալից նա բողոք, պահանջ չունի: Ասաց. «Բանվոր մարդ եմ, գնացել, ապրանք եմ բարձել, հետդարձի ճամփին փորձանքի ենք եկել»:

Ըստ այս տուժողի՝ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչը «ինչ ասում են՝ սաղ սուտ ա… Թող Էլբակյանին 7,5 տարի չտան, 100 տարի տան, բայց դա արդար չի, սաղ սխալ են գրել…»,- ասաց տուժող Անանիկ Ղ.-ն՝ նկատի ունենալով նաև փորձաքննությունների եզրակացությունները:

Տուժողի իրավահաջորդ Արտակ Մ.-ն հայտարարեց, թե տուժող Անանիկ Ղ.-ն, ըստ գործի տվյալների, վթարի պահին քնած է եղել, չի կարող ճիշտ ու սխալ որոշել:

Գործով մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք չէր բերել: Մեղադրողը նախ առարկեց ամբաստանյալի շահերի պաշտպանի բերած բողոքի դեմ՝ նշելով, որ դեպքի վայրի պատշաճ զննություն է կատարվել, վթարի ենթարկված մեքենաները պատշաճ զննվել են: Հատուկ հարցում է կատարվել ու պատասխան է ստացվել, որ դեպքի վայր հանդիսացող ճանապարհահատվածում շինարարական աշխատանքի արդյունքում որևէ պարամետր, մասնավորապես՝ «շրջադարձի շառավիղները» փոփոխման չեն ենթարկվել, նոր ճանապարհահատվածը չի էլ համընկնում դեպքի վայր հանդիսացած ճանապարհահատվածի հետ:

Մեղադրողը գործով անցկացված փորձաքննությունների եզրակացությունները հիմնավոր, օրինական անվանեց, նշեց, որ փորձագետները հարցաքննվել են առաջին ատյանի դատարանում, տվել են պատճառաբանված, հիմնավոր պարզաբանումներ ու հաստատել են իրենց տված եզրակացությունները: «Օպելը» ընթացել է իր ուղեմասով, և վթարը տեղի է ունեցել «Զիլ» մեքենայի վարորդի կողմից արագությունը գերազանցելու արդյունքում:

Մեղադրողը պնդեց, որ ամբաստանյալին արդարացնելու, գործը նույն ստորադաս դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմքեր չկան: Ըստ մեղադրողի՝ հիմքեր չկան նաև ամբաստանյալի պատիժը խստացնելու համար՝ առաջին ատյանի դատարանը սահմանել է համաչափ պատիժ: Մեղադրողը չառարկեց միայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ. Գասպարյանի բողոքի երկրորդ պահանջին՝ հուղարկավորության ծախսերի մասով քաղհայցի պահանջի բավարարման վերաբերյալ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Դերձակյանն առարկեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի դեմ: Նշեց, որ հիմքեր չկան իր պաշտպանյալի պատիժը խստացնելու համար: Իսկ քաղհայցի պահանջի մասով առաջին ատյանի դատարանը տուժողների իրավունքները չի խախտել, նրանց հնարավորություն է տվել քաղհայցի պահանջները ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը նշեց, թե որպես հուղարկավորության ծախսերի հատուցում՝ իրենք գումար են առաջարկել, բայց տուժողի իրավահաջորդը չի ընդունել:

Այս հայտարարության դեմ ընդվզեց տուժողի իրավահաջորդ Արտակ Մ.-ն՝ հայտարարելով, թե իրենց ոչ միայն գումար չեն առաջարկել, այլև ցավակցություն չեն հայտնել. «Պաշտպանության նախարարության մեքենա էր, պաշտպանության նախարարության աշխատողներ էին, թող մի-մի հատ վենոկ ուղարկեին գոնե. եթե մարդկային վերաբերմունք ունենային, էս բանը չէր հասնի ստեղ… Պետության շահը բարձր դասելով՝ մեղադրողի պահանջը բավարարվել է, իսկ տուժողների պահանջները չեն բավարարվել…»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ. Գասպարյանը հայտարարեց, որ «Օպելի» վարորդ Վարդան Մ.-ն խմելու հակում չի ունեցել, նա հիվանդություն ուներ, որը բացառում էր խմելը: Փորձագետները, ըստ Կ. Գասպարյանի, «շատ գրագետ» պարզաբանումներ են տվել դատարանում, նրանց եզրակացությունները կասկած չեն հարուցում. «Մեղմ պատիժ է նշանակվել՝ երկու զոհ է եղել, չեն ցավակցել, մի դրամ չեն ծախսել, արդարացում են պահանջում… «Զիլը» «Օպելի» վրա է բարձրացել, լղճել է, «Զիլ» մեքենայում չի եղել պատասխանատու սպան, նա ուրիշ մեքենայով է գնացել…»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հուղարկավորության ծախսերի հատուցումը պահանջել է ինչպես ամբաստանյալ Արա Էլբակյանից, այնպես էլ Պաշտպանության նախարարությունից՝ համապարտության կարգով:

Դատական հաջորդ նիստին՝ մարտի 28-ին, կողմերը կներկայացնեն միջնորդություններ, եթե այդպիսիք ունենան, ապա դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

1in.am

(Visited 388 times, 1 visits today)