Նիկոլ Փաշինյանը մնացել է միայնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շաբաթ օրը Մասիսի տարածաշրջանի գյուղեր կատարած այցը բուռն քննարկման առարկա է դարձել։ Կարծիքների մեծամասնությունը հանգում է նրան, որ այդ այցի ձևաչափն ու դրա ընթացքում բարձրացված հարցերը և վարչապետի արձագանքները վկայում են պետական կառավարման համակարգի անարդյունավետ աշխատանքի, փաստացի անգործության մասին։ Այդ կարծիքները հեռու չեն իրականությունից։

Վարչապետի այցը այդ երևույթի ընդամենը երևացող կողմն էր։ Խնդիրները շատ ավելի խորքային են։ Այսօր Հայաստանում փաստացի ստեղծվել է իրավիճակ, երբ պետական կառավարման համակարգը դե ֆակտո գրեթե չի գործում։ Դրան մեծապես նպաստում է այն հանգամանքը, որ դեռևս ընդունված չէ կառավարության կառուցվածքի մասին օրենքը, և կառավարությունն այսօր գործում է սպասումների մթնոլորտում։ Պետական կառավարման համակարգի աշխատակիցների զգալի հատվածը չգիտի՝ կառավարության կառուցվածքի հաստատումից ու նոր կառուցվածքի ձևավորումից հետո կորցնելո՞ւ է աշխատանքը, թե՞ ոչ։ Իսկ այդ պայմաններում մարդիկ դադարում են նորմալ, առավել ևս մոտիվացված աշխատել։ Ու ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործնականում Հայաստանում միակ աշխատող պաշտոնյան մնացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, մարդիկ, քաղաքացիները շատ լավ հասկանում ու ընկալում են դա, դրա համար էլ բոլոր բողոքի ակցիաներ իրականացնողները ցանկանում են հանդիպել անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Մարդիկ տեսնում ու համարժեք են գնահատում այն իրողությունը, որ Հայաստանում բոլոր հարցերը լուծվում են միայն Նիկոլ Փաշինյանի միջամտությունից հետո, և իրենց հուզող խնդիրները ցանկանում են ներկայացնել անձամբ վարչապետին։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը փաստացի գործում է առանց պետական կառավարման համակարգի, այլ կերպ ասած՝ նա իշխանություն ունի առանց իշխանության, առանց իշխանության մարմինների։

Այս իրավիճակի առաջին պատասխանատուն, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է, քանի որ սա նրա ձևավորած իշխանության, նրա կազմավորած պետական կառավարման համակարգն է։ Հեղափոխությունից հետո, երբ պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնները համալրվում էին երիտասարդ հեղափոխականներով, շատերն էին Նիկոլ Փաշինյանին զգուշացնում, որ այդպես չի կարելի, որ դա հանգեցնելու է պետական կառավարման համակարգի կազմալուծման։ Նիկոլ Փաշինյանը չէր լսում այդ ահազանգերը և այսօր ստիպված է փաստացի միայնակ կրել պետական կառավարման ողջ համակարգի բեռը։

Եվ այս պայմաններում իշխանությունը պատրաստվում է մի շարք բարեփոխումների, որոնցից ամենացավոտն ու ամենաաղմկոտը լինելու է Հարկային օրենսգրքի փոփոխությունը։ Այն առնչվում է չափից ավելի մեծ թվով քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների, և դրա դեմ բողոքի ամենատարբեր դրսևորումներն անխուսափելի են լինելու։ Ինչպե՞ս է իշխանությունը դիմագրավելու բողոքի այդ ալիքին՝ չափազանց դժվար է ասել։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի կարող զբաղվել դրանցով, բայց բողոքողները պահանջելու են հենց նրան։

Նիկոլ Փաշինյանը ձևավորել է պետական կառավարման համակարգ, որի ենթահամակարգերը զուրկ են փոխլրացման ու հակակշռման սկզբունքից։ Նիկոլ Փաշինյանն է բոլոր ենթահամակարգերի կոմպրոմիսն ու փոխլրացնողը։ Բայց իշխանությունը չի կարող կենսունակ լինել, եթե այն հիմնված է բացառապես մեկ անձի վրա՝ ով էլ լինի այդ անձը։ Բայց փաստացի մենք այսօր ունենք հենց այդ իրավիճակը, որը, սակայն, երկար շարունակվել չի կարող։ Նիկոլ Փաշինյանը պետք է կարճ ժամանակում լուծումներ գտնի պետական կառավարման համակարգի բացերը լրացնելու, դրան նոր որակ հաղորդելու համար։ Այլապես բողոքի ակցիաները գնալով ավելանալու են, իսկ պետական կառավարման համակարգը չի կարողանալու համարժեք պատասխանել դրանց։

Նշենք, որ փաստացի անգործունակ վիճակում է ոչ միայն գործադիր, այլ նաև օրենսդիր իշխանությունը։ Ազգային ժողովն անցած քառօրյան անցկացրեց թերբեռնված՝ ընդամենը երկու օրենսդրական նախաձեռնություններով, նույն իրավիճակն է նաև գալիք քառօրյայի հետ կապված։ Այսինքն՝ իրականում գործ ունենք ամբողջական իշխանության անգործության, այլ կերպ ասած՝ իշխանության ճգնաժամի հետ, որում Նիկոլ Փաշինյանը փաստացի մնացել է միայնակ։

1in.am

(Visited 348 times, 1 visits today)