Նիկոլ Փաշինյանը փոխվում է

Այսօր ավելի քան չորս ժամ տևած ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մի քանի տասնյակ հարցերի՝ անդրադառնալով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող ամենատարբեր խնդիրների։ Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին և որ վճռական է իր նպատակադրումների իրականացման հարցում։ Ի տարբերություն նախորդ ասուլիսների և այլ հարթակներում ունեցած ելույթների, այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը շատ ավելի բաց էր ու կառուցողական և որևէ հարցի չէր պատասխանում հակադրության մթնոլորտում։

Տնտեսական հեղափոխությունը՝ հինգ տարում

Պատասխանելով հարցին, թե երբ կավարտվի տնտեսական հեղափոխությունը, և արդյոք իր պաշտոնավարման հինգ տարիներին կհասցնի այն ավարտին հասցնել, Նիկոլ Փաշինյանը սկզբում դրական պատասխան տվեց՝ ապա ավելացրեց, որ տնտեսական հեղափոխությունը շարունակական գործընթաց է և ունի տարբեր փուլեր։ Իսկ ասուլիսի սկզբում նա ներկայացրեց տնտեսական որոշ տվյալներ, որոնք, իր խոսքերով, վկայում են տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ Նա ասաց, որ այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով, կառավարության ծրագրերի շրջանակներում՝ 145%,-ով, և այսօրվա դրությամբ երկրում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է ընդհանուր 30%-ով: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մասնագետների կարծիքով՝ սա ահռելի աճ է: «Սա նշանակում է, որ մենք առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ, որը շարունակական իր հետ բերելու է նոր աշխատատեղեր և ոչ միայն շինարարության, այլև սպասարկման ոլորտում: Սա շատ կարևոր ցուցանիշ է, որ իր հետ բերելու է գործազրկության կրճատում»: Վարչապետը տեղեկացրեց նաև, որ այս պահին կառավարությունում քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ ընդհանուր 2.7 մլրդ դոլար ծավալով, որից 42-ը՝ 774 մլն ծավալով, ակտիվ փուլում են: «Սա նշանակում է, որ երկրում որոշակի ներդրումային աճ ունենք»,- ասաց Ն. Փաշինյանը: Իրականում սրանք բավական տպավորիչ տվյալներ են և եթե ավելի քան 700 մլն դոլարի ծրագրերն իրականացման փուլում են, դրանք ունենալու են տեսանելի սոցիալ-տնտեսական արդյունքներ։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Իրանի հետ հարաբերություններին։ Նա նշեց, որ Իրան այցից առաջ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի վարչապետների հետ, տեղեկացրել է Իրանում քննարկվելիք հարցերի շրջանակը, նրանց հետ քննարկումների արդյունքում է որոշվել, որ այս թեման Իրանում պետք է դառնա կարևոր կետերից մեկը։ «Այս քննարկումները կշարունակվեն, քանի դեռ մենք չենք եկել ընդհանուր եզրակացության: Մենք պետք է հնարավոր բոլոր ուղղություններով մեր համագործակցությունը զարգացնենք թե՛ Իրանի, թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ: Կարևոր է արձանագրել, որ նման զարգացումներն էական են նաև մեր տարածաշրջանում ինտեգրացիան և կայունությունն ապահովելու առումով:

Ուրախ եմ արձանագրել, որ կա հետաքրքրություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Եվրամիության հետ հարաբերությունների մասին, վարչապետը տեղեկացրեց, որ ջրամբարաշինության մեծ նախագիծ է իրականացվելու՝ մոտ 2 տասնյակ ջրամբար է կառուցվելու, նաև ծրագրեր են իրականացվելու ենթակառուցվածքների զարգացման, ոստիկանության համակարգի բարեփոխումների, էներգետիկ համակարգի զարգացման ու ներդրումների, այդ թվում՝ էներգետիկ միջանցքի ձևավորման գործընթացի, դատաիրավական, կրթական, հարկային համակարգի բարեփոխումների ուղղությամբ: Նա կրկնեց կառավարության նիստում իր արած այն հայտարարությունը, որ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսավորել միայն այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը ինքը կհամաֆինանսավորի այդ ծրագրերը։ Այդ համատեքստում նա անդրադարձավ ՀՆԱ/պարտք հարաբերակցությանը՝ չբացառելով, որ հնարավոր է առաջիկայում անհրաժեշտություն առաջանա վերացնել օրենսդրական սահմանափակումները։

Վարչապետին հարց հղվեց նաև հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանում պետք է լինի հնարավորինս գործունակ հակակոռուպցիոն մարմին»։ Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ սահմանափակում չկա, պետք է լավ մտածված լուծումների գնալ, որպեսզի պետության մեջ պետություն չստեղծվի, այսինքն՝ պետական կառավարման համակարգի հավասարակշռումը չխախտվի. «Եթե լինի պետություն պետության մեջ, մենք կկորցնենք հակակշիռների մեխանիզմը»:

Ոչ թե մարտահրավեր, այլ երկխոսություն

Ասուլիսի զգալի հատվածը նվիրված էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Հիմնական ուղերձը կրկին վերաբերում էր Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելուն, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ այդ հարցի փոքր-ինչ այլ մեկնաբանությամբ։ Նա հայտարարեց, որ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու առաջարկը ոչ թե մարտահրավեր է, այլ երկխոսությանն ուղղված քայլ։ «Հայաստանը ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել դիմացինին ու փորձել հասկանալ դիմացինին, նույնն ակնկալում ենք իրենցից: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, այդ դիրքորոշումը մենք կարող ենք մեղմացնել, բայց նույնն ակնկալում ենք մեր գործընկերներից, հակառակ դեպքում խոսակցություն տեղի չի ունենա։ Մենք երկխոսությունից չենք հրաժարվի և սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Կարծում եմ՝ արդյունավետ լուծումը կամ շարունակությունը այս տրամաբանության շրջանակում կլինի»,- ասաց Փաշինյանը:

«Սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա, և դիվանագիտական գործընթացում պետք է պարզապես հետևողականորեն աշխատել: Այն, ինչ հրապարակայնորեն ասվում է, դա նորություն չի ո՛չ ՄԽ, ո՛չ Ադրբեջանի գործընկերների համար: Այն, ինչ ասվել է, ես անընդհատ ասել եմ»,- անդրադառնալով Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ժամկետի մասին հարցին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ այսօրվա օրակարգը ձևավորվել է անցած տարի մայիսին և դրա սպասարկումը շարունակվում է: Անդրադառնալով բանակցային գործընթացում ներառված 3 սկզբունքներին՝ Ն. Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում այդ 3 սկզբունքները, ինչ մեկնաբանության վրա են կողմերը հիմնվելու հետագա բանակցությունների ընթացքում: Ըստ նրա՝ այն մեկնաբանությունները, որոնք ներկայացնում է Ադրբեջանը, մեզ համար ընդունելի չեն: «Քանի դեռ չենք հստակեցրել խոսակցության շրջանակը, մենք իրար չենք հասկանա: Այս անհրաժեշտությունն այժմ ծագել է Ադրբեջանի նախագահի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, միջազգային այլ գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում»,- ասաց Ն. Փաշինյանը՝ շեշտելով, որ կան տարբեր մեկնաբանություններ: «Ես ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ»,- ասաց նա: Փաշինյանը հայտարարեց, որ վարչապետ ընտրվելուց հետո հանդիպել է ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, և այդ գործընթացը շարունակվում է, բոլորի հետ հանդիպումներում ինքը փորձում է հասկանալ՝ ինչ է կատարվում։ «Ես ստացել եմ հսկայական տեղեկատվություն, բայց այն ևս նոր հսկայական տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն է առաջ բերում»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե անհրաժեշտություն առաջանա ղարաբաղյան հարցի հետ կապված խորհրդակցելու, պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսեց երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ ինքը պետք է փորձի երկխոսություն հաստատել Ադրբեջանի հասարակության հետ, Ալիևը՝ Հայաստանի։

«Օրինակ՝ ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը որևէ բան ունի՞ ասելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայությանը: Օրինակ՝ ես շատ ասելիք ունեմ Ադրբեջանի հանրությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բազմաթիվ այլ հարցերի ու ոլորտների, որոնց մեկ հրապարակման շրջանակներում անդրադառնալ հնարավոր չէ։ Իսկ ընդհանուր առմամբ, այսօրվա ասուլիսը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը իրեն շատ ամուր է զգում, տեղեկացված է գրեթե բոլոր հարցերից և պատրաստ է երկխոսության։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, իշխանության մեջ գտնվելով, փոխվում է, և սկզբնական շրջանում նրա մոտ գերակշռող հեղափոխականությունը փոխարինվում է պետության ղեկավարին բնորոշ հատկանիշներով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

(Visited 95 times, 1 visits today)