Թալան եղել է Քոչարյանի ու Սերժի օրոք. ՀՀԿ-ականը՝ Շիրխանյանի նամակի մասին

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակ է հրապարակել,որտեղ ուշագրավ դրվագներ կան նախկին նախագահի մասին:

Վահան Շիրխանյանը, մասնավորապես, ասել է, որ 1998-ի նախագահական ընտրության արդյունքները Ռոբերտ Քոչարյանը կեղծել է. հաղթել էր Կարեն Դեմիրճյանը:

Պաշտպանության նախկին փոխնախարարի նամակում  կարդում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտել է երկրի զարգացումը, Հայաստանի շահերին դեմ ծրագրեր ներկայացրել:

Araratnews.am-ը զանգահարեց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանին՝ պարզաբանում լսելու, որը սակայն չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ:

Զանգահարեցինք ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին, որին էլ մի քանի հարց ուղղեցինք նամակի մասին:

Պարո՛ն Պետրոսյան,  համամի՞տ եք Վահան Շիրխանյանի այն հայտարարությանը, որ 1998-ի նախագահական ընտրության արդյունքները կեղծվել են հօգուտ Ռոբերտ Քոչարյանի:

Բոլոր ընտրությունները՝ սկսած 1996 թվականից, կեղծվել են մեծ չափերով: Դա հանրահայտ փաստ է, իսկ իրավաբանության մեջ փաստերը վերլուծման ենթակա չեն:

Ինչո՞ւ ՀՀԿ-ականները չբողոքեցին դրա դեմ: 

Որովհետեւ դիմել էին Սահմանադրական դատարան, որն էլ գտել էր՝ կեղծ ընտրություններ իբր չեն եղել, կեղծիքները չեն եղել այն չափով, որ ազդեին ընտրությունների արդյունքների վրա: Այս հարցում հավասարաչափ մեղք ուներ նաև Սահմանադրական դատարանը:

Իսկ ո՞վ էր այդ ժամանակ դիմել Սահմանադրական դատարան:

Չեմ հիշում, բայց բոլոր ընտրությունների արդյունքների հիման վրա բողոք եղել է, բացի այս վերջին ընտրություններից:

Վահան Շիրխանյանն իր նամակում շեշտում է, որ Ռոբերտ Քոչարյանը երկրի զարգացմանը խոչընդոտող ծրագրեր է ներկայացրել, թալան է եղել այդ տարիներին, Մեղրին Լաչինով փոխանակելու ծրագրին է կողմ եղել…

Մեղրին Լաչինով փոխանակելու մասին գաղափար չունեմ, լսել եմ խոսակցությունների մակարդակով:  Երկրի զարգացմանը խոչընդոտելուն այդքան էլ համաձայն չեմ, բայց որ երկիրը թալանվել է Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, դա փաստ է, ու ժողովուրդը գիտի դա:

Ինչո՞ւ եք հիմա որպես ՀՀԿ-ական այդ մասին խոսում:

Միշտ էլ բարձրաձայնել եմ, միշտ էլ դեմ եմ քվեարկել: Միակ մարդը, որը դեմ է քվեարկել զորքը ժողովրդի դեմ հանելուն, ես եմ եղել: Արտակարգ դրության օրենքում գրված էր՝ զորքը անհրաժեշտության դեպքում օգտագործվում է միտինգներ ցրելու համար: Ես էլ դեմ քվեարկեցի, դրա համար ինձ ցուցակից հանեցին, շպրտեցին դուրս:

Ի՞նչ կարծիք ունեք նոր իշխանության գործունեության մասին:

Սխալներ կան, բայց հիմնական ուղղությունը ճիշտ է: Նաև քաղաքապետարանն է ճիշտ անում: Թալանված, զավթված հրապարակները պետք է ազատվեն օլիգարխների ձեռքից: Օպերայի տարածքները էլի Քոչարյանին ու Սերժի փեսային  են պատկանում:

Այսինքն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ճի՞շտ են:

100 տոկոսով: Նույն ձեւով շարունակելու դեպքում երկիրը կարգի կբերվի:

Սոնա Դավթյան

araratnews.am

(Visited 888 times, 1 visits today)