Միհրան Ծառուկյանն առաջին անգամ ժյուրի լինելու, բարդ ապրումների և Նիկի հետ կոնֆլիկտի մասին

Ժամանակին նա մասնակցում էր երաժշտական նախագծի, որն իրեն բերեց հայտնիություն ու երաժշտական կարիերա սկսելու առիթ դարձավ, այսօր ինքն է ընտրում պատանի երգիչների, որոնց համար մուտքը հեռուստատեսություն կարող է այնքան ճակատագրական լինել, որքան իր համար էր. «Հայ սուպերսթար» նախագծով իր կարիերան սկսելուց 13 տարի անց Միհրան Ծառուկյանն «Արմենիա TV»–ի I like it երաժշտական նոր նախագծի ժյուրիի կազմում է։

Tert.am Life–ը երգչի հետ զրուցել է ինչպես զգացողությունների, այնպես էլ կարգավիճակի բարդության, ժյուրիի մյուս անդամների հետ բանավեճերի ու շոու անող թիմ ձևավորելու մասին։

Միհրանն անկեղծացավ, որ առաջին նկարահանումից հետո մինչև ուշ գիշեր բավականին էմոցիոնալ էր։ Հիշել էր իր անցած ուղին։ «Հիշել էի, թե ինքս ինչ ապրումներ ունեի առաջին անգամ եթերում հայտնելիս։ Իմ տարիքն ավելի մեծ էր, այս նախագծին մասնակցում են 8-13 տարեկան երեխաներ, ես 18 էի, բայց կարծում եմ` նույն ապրումներն ունեի,– ասաց նա ու հավելեց, որ իր համար շատ բարդ էր, երբ ինչ–որ երեխայի չէին ընտրում։

–Երբ համաձայնեցի մասնակցել նախագծին, չէի պատկերացնում, որ այսքան բարդ է լինելու և քեզ այդքան վատ ես զգալու երեխային չընտրելու համար։ Շատ բարդ է, երբ ինչ–որ երեխա լացելով է գնում, մտածում ես` էս ի՞նչ եմ անում, երեխան հուզված է, գուցե, սխալվում ես չընտրելով, բայց չես էլ կարող միայն զգացմունքային ընտրություն անել»։

Միհրանն առաջին անգամ է ներկայանում ժյուրիի կարգավիճակում։ Մինչև այս հրաժարվել է նույնիսկ մանկական փոքր մրցույթների ժամանակ ներկայանալ որպես ժյուրի։ Ասում է` չի սիրում դատել. «Ես շատ անփորձ եմ այդ առումով։ Միշտ մերժել եմ նման առաջարկները, քանի որ մտածում էի, որ չեմ ուզում դատել երգիչների, երեխաների։

Ժյուրիի աշխատանքը շատ բարդ է։ Այս անգամ ընդունեցի առաջարկն ու հասկանում եմ, որ լինելու են թե՛ լավ, թե՛ վատ մեկնաբանություններ։ Պրոդյուսերներն էլ զգուշացրին, որ պատրաստ լինեմ ամեն տեսակ կարծիքի։ Չէի պատկերացնում, որ միանգամից կընդգրկվեի այս ամենի մեջ, այսքան կանհանգստանայի ու կդառնայի ուսուցիչ»։

Միհրանի կարծիքով` առաջին օրվա արդյունքներով լավ թիմ է ձևավորել։ Նրա խոսքով` իր թիմում ընդգրկված են արտիստիկ երեխաներ, որոնց հետ կարող է նաև լավ շոու անել. «Կարծում եմ` շատ լավ շոու կունենաք։ Հրաշալի երեխաներ կային, որոնց առաջին իսկ նոտաները երգելիս մտածում ես`կարծես հասուն աղջիկ կամ տղա լինի։

Կան նաև շոուի համար իդեալական երեխաներ, որոնք գուցե իդեալական չեն երգում, բայց հեռուստատեսային շոուի համար հրաշալի են։ Իմ թիմում, կարծում եմ, այնպիսի երեխաներ են, որոնք և՛ լավ ձայն ունեն, և՛ շատ լավ շոու կարող են անել»։

Երբ պտտվում են ժյուրիի 2 կամ 3 անդամ, նրանք են հայտնվում հակառակ բևեռում, քանի որ երեխաները պետք է ընտրեն ժյուրիի անդամներից մեկին։ Միհրանը հասցրել է «պարտվել» այս դաշտում, երբ երեխան, որին ցանկացել է տեսնել իր թիմում, ընտրել է Նիկին։ « 2 երեխայի դեպքում բոլորս պտտվեցինք։ Նրանցից մեկի դեպքում նույնիսկ ոտքի կանգնեցի ու ասացի` խնդրում եմ, արի իմ թիմ։ Անկախ ինձնից այդպես արեցի։ Ես էլ չէի պատկերացնում, որ կարող եմ նման բան անել։

Չեկավ, գնաց Նիկի մոտ»,– ժպիտով պատմեց երգիչը ու նկատեց, որ հիմնական կոնֆլիկտը Նիկի հետ է լինում։ «Կոնֆլիկտն անընդհատ Նիկի հետ է, բայց դե Նիկն ինչ:),– կատակեց նա ու հավելեց,– երեխային հնարավորինս պետք է համոզես, որպեսզի գա քո թիմ։ Մեր կոնֆլիկտը բարի էր։ Այդ ամենն անում ենք իրար չվիրավորելով։ Չեմ կարծում` իրականում այնպիսի կոնֆլիկտ լինի, որ անդրադառնա հարաբերությունների վրա։ Ես, համենայն դեպս, այդպիսին չեմ, կսպանեմ, կանցնեմ (ծիծաղում է, հեղ.)»։

Միհրանը նկատեց, որ դեռ առաջին նկարահանման օրը հասկացել է, որ նախագիծը ստացված է։ Երգչի պատանի գործընկերը Յանա Հովհաննիսյանն է, որի հետ զուգերգ էլ ունեն։ Նկարահանումից առաջ նրանք խորհրդակցել են, Միհրանը տվել է իր խորհուրդները։

«Յանային խորհուրդ եմ տվել, որ որքան էլ ուշադրություն դարձնի արտաքնին, հնարավորինս շատ մասնակիցների ընտրի, որովհետև հնարավոր է` չհավանի շարժուձևը, բայց ես պտտվեմ ու շատ լավ ձայն ունեցող մասնակցի կորցնենք։ Եղավ նման դեպք, երբ ես ու Սոնան պտտվել էինք, բայց երեխան չանցավ, որովհետև երեխաները չէին ընտրել ոչ։ Շատ–շատ ափսոս էր։ Ժողովրդական երգող երեխա էր»,– ասաց նա։

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան

goodtimearm.ru

(Visited 106 times, 1 visits today)