ՊՆ–ն ցանկանում է փոխել ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է ժամկետային զինծառայողների համար ծառայության ժամկետը փոխելու հարցը։ Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ըստ գերատեսչության մտահղացման` ավելի քիչ կծառայեն այն զինվորները, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում, իսկ նրանք, ովքեր թիկունքում են, ավելի երկար կծառայեն։

«Այժմ ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահությանն ընդգրկված ժամկետային զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը», – ասաց Տոնոյանը։

Նախարարն այս մասին խոսեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ։

Նրանք առաջարկել են շտկումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, ըստ որի` առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, և միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար», – ասաց Տոնոյանը։

Նա նշեց, ներկայացված նախագծի համաձայն վերը նշված ուսուցման փուլը  ևս յոթ ամսով երկարաձգելը կդառնա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում , ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, թե՛ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա:

Կառավարությունը համաձայնեց Տոնոյանի դիրքորոշման հետ ր դեմ քվեարկեց առաջարկված փոփոխություններին։

newinfo.am

(Visited 283 times, 1 visits today)