ԱԱԾ-ն հասավ հիմքերին. կարող է բացահայտվել ամենատհաճը

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը խորհրդարանում հայտարարել է, որ գլխավոր դատախազությունը Վահան Շիրխանյանի նամակը ուղարկել է ԱԱԾ եւ ՀՔԾ՝ ուսումնասիրության:

Ըստ Վանեցյանի, նամակում ներկայացվածն ուսումնասիրվում է, եւ եթե հարկ եւ հիմք լինի, կհարուցվի քրեական գործ եւ կլինի քննություն:

Վահան Շիրխանյանի նամակը հանրության մեջ առաջացրել է մեծ արձագանք: Պաշտպանության նախկին փոխնախարարը, բաց նամակ էր գրել Ռոբերտ Քոչարյանին եւ դրանում ներկայացրել թե հոկտեմբերի 27-ի, թե ընդհանրապես այդ փուլին առնչվող ներիշխանական անցուդարձի պատմություններ, Քոչարյանին ներկայացնելով մի շարք քաղաքական ու քրեական մեղադրանքներ:

Հանրության գերակշռող մասը, ելնելով Ռոբերտ Քոչարյանի հանդեպ բացասական վերաբերմունքից, ընդհուպ ոգեւորությամբ է արձագանքում Շիրխանյանի նամակին: Մինչդեռ նամակը հարցեր է առաջացնում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին, այլ նաեւ հենց նույն Վահան Շիրխանյանի, եւ ընդհանրապես այդ շրջանում Հայաստանի իշխող քաղաքական եւ ռազմական «վերնախավ» համարվող շրջանակի, ընդհուպ Վազգեն Սարգսյանը, որը դարձավ հոկտեմբերի 27-ի ահաբեկության զոհ:

Շիրխանյանի նամակը միայն Ռոբերտ Քոչարյանին չէ, որ «մերկացնում» է, այլ գործնականում Հայաստանի Հանրապետության կառավարման այդ շրջանը, դրա բնույթն ու իշխող քաղաքական որակները, բարքերն ու հարաբերությունների մշակույթը:

Խոշոր հաշվով, եթե եղել է այն Ռոբերտ Քոչարյանը, որի մասին նամակում արձանագրում է Շիրխանյանը, ապա եղել է, որովհետեւ դա հնարավոր է դարձրել հենց այդ իշխող համակարգը:

Ըստ այդմ, ի՞նչ են ուսումնասիրում ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն, այն պարագայում, երբ ներկայում առկա իրողություններում գործ ունենք առավելապես հենց այդ շրջանի իշխող համակարգի տարբեր թեւերի միջեւ հարաբերությունների պարզաբանման հետ, որում իբրեւ գործիք են դիտարկվում նաեւ հանգուցյալ Վազգեն Սարգսյանի հետ «տետ ա տետ» շփումները, գործնականում որեւէ կերպ անապացուցելի:

Այդպիսով, մի կողմից «գրվում» է «պատմություն», մյուս կողմից այն կառուցվում է հանրային զգացումների վրա, երբ հանրությունը հիմնվում է ոչ այնքան ներկայացվող փաստերի վրա եւ քննարկում դրանցից բխող բազմաթիվ հարցեր, այլ հիմնվում է «փաստերը» մատուցողների հանդեպ համակրանքի ու հակակրանքի վրա:

Հետեւանքն այն է, որ հանրային գիտակցության համար պատմությունը դառնում է ոչ թե ապագայի համար հետեւությունների ու եզրակացությունների շատ թե քիչ կայուն, փաստարկված եւ ուսումնասիրված հիմք, որքան հենց հանրության ոտքից կախված ծանրություն, որն անցյալի այդ «պատմությունն» իրականում վերածում է ճահճի եւ ապագայի փոխարեն դեպի այնտեղ է քաշում հանրային գիտակցությունն ու էներգիան:

Ի՞նչ խնդրի է ծառայելու ԱԱԾ եւ ՀՔԾ ուսումնասիրությունը՝ ճահիճը ծանրացնելու՞, թե հանրությանն ու պետությանը ճահճից դուրս բերելու:

lragir.am

(Visited 554 times, 1 visits today)