Նաիրի Հունանյանի կարգավիճակը.

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե չի հերքում և չի հաստատում տեղեկությունը, որ Նաիրի Հունանյանը ցուցակագրված է եղել որպես ԱԱԾ գործակալ: Նա հայտարարել է, որ տեղեկացված է Վահան Շիրխանյանի հայտնի նամակից եկած տեղեկություններին և դրանց մասին արձագանք կլինի հարցն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո:

Հաստատվելո՞ւ է տեղեկությունը, թե՞ ոչ: Անկասկած է, որ այդ հանգամանքը կարող է էապես շրջել իրավիճակը Հոկտեմբերի 27-ի շուրջ: Մյուս կողմից՝ վարկածային մակարդակով, որ Նաիրի Հունանյանը հատուկ ծառայությունների հետ կապեր է ունեցել, խոսակցություններ շրջանառվել են վաղուց: Իհարկե, խոսքն այս դեպքում ավելի շատ արտաքին հատուկ ծառայությունների հետ կապերի մասին էր: Այս համատեքստում էլ հայտնի է ռուսական հատուկ ծառայության նախկին աշխատակից, Մեծ Բրիտանիայում ապաստան ստացած, իսկ հետո թունավորված Լիտվինենկոյի հայտարարությունը, որ Հոկտեմբերի 27-ը ռուսական հատուկ ծառայությունների գործ էր: Լիտվինենկոյին թունավորեց հենց ռուսական հատուկ ծառայությունը: Դրա համար բրիտանացիները մեղադրում և որոնում էին Անդրեյ Լուգովոյին, որը, սակայն, բարեհաջող ապաստանեց Ռուսաստանում, անգամ Պետդումայի պատգամավոր դարձավ, նաև պարգևատրվեց:

Հոկտեմբերի 27-ի շուրջ վարկածների պակաս երբեք չի էլ զգացվել, և մի բան է հստակ թերևս բոլորի համար, որ պաշտոնական վարկածը կամ արդեն դատավճռով հաստատված իրողությունը չի համոզում ոչ մեկին, որ ահաբեկչությունը եղել է ընդամենը 5 անձի գործ, որոնք պարզապես զգայական կամ այլ չարակամ նպատակներով գնացել են այդ քայլին:

Եթե ԱԱԾ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո պարզվի, որ Հունանյանը որևէ կապ է ունեցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, ապա դա կարող է պայթող ռումբի էֆեկտ ունենալ Հոկտեմբերի 27-ի գործի համար: Մյուս կողմից, սակայն, բաց է մնալու հարցը՝ իսկ այլ հատուկ ծառայության հետ կապ Հունանյանն ունեցե՞լ է, թե՞ ոչ: Ի վերջո՝ այն, որ նա կարող էր կապ ունենալ հայկական հատուկ ծառայության հետ, եթե հաստատվեն այդօրինակ կասկածները կամ խոսակցությունները, դեռ չի հերքում, որ նա կարող էր կապ ունենալ նաև այլ երկրի հատուկ ծառայության հետ, ըստ այդմ՝ գործել այլ երկրի համար, իսկ հայկական անվտանգության ծառայության հետ կապը լիներ քողարկման միջոց: Վերջին հաշվով, ինչպես էլ գնահատենք Հայաստանի անվտանգության համակարգի կոնկրետ պատասխանատուներին, այդուհանդերձ միարժեք է և այն, որ անկախության այդ առաջին տարիներին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, պատերազմող պետության համար բարդ ռեգիոնում անչափ դժվար էր կարճ ժամանակում ձևավորել հատուկ ծառայություններ, որոնք իրենք իսկ չլինեին բավականաչափ խոցելի:

Այս ամենը հանրագումարում բերում է մի աներկբա եզրակացության, որ գործ ունենք իսկապես բարդագույն մի սարդոստայնի հետ, որի մեջ են մեզ գցել նաև ահավոր այդ ոճրագործությունը, դրա իրական կազմակերպիչները, և որից մենք այսօր փորձում ենք դուրս գալ՝ օգտվելով այն հնարավորությունից, որ տվել է թավշյա հեղափոխությամբ համակարգային փոփոխությունը:

Մյուս կողմից, սակայն, թերևս ամենևին ավելորդ չէ հարցը՝ այդ փորձերի հետևանքով մենք դո՞ւրս ենք գալու, թե՞, ինչպես լինում է հենց բարդ սարդոստայններում, դուրս գալուն ուղղված ամեն մի շարժում մեզ ավելի է խճճելու: Եվ դա չէ՞ նաև, որ կարող է լինել ոճրագործության մեկ այլ սարսափելի ազդեցություն-ական՝ դրված Հայաստանի տակ:

1in.am

(Visited 44 times, 1 visits today)