Ի՞նչ պիտի անեի, մի թոկ ճարեի, կախվեի՞. Վազգեն Խաչիկյան

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը խոհարարական հաղորդում է վարելու MO TV-ի  եթերում։ Համացանցում բուռն քննարկման է արժանացել հաղորդման անվանումը՝ «Ուտում ենք Խաչիկյանի հետ»:

Սա առիթ է դարձել, որպեսզի շատերը հիշեն նրա 12 տարվա ազատազրկման դատապարտման պատճառը։ Շատերը նշում են, որ Սերժ Սարգսյանի ներմամբ ազատ արձակված Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29 միլիոն դրամ գումար հափշտակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Armdaily.am-ի հետ զրույցում Վազգեն Խաչիկյանն ասաց, որ իր ազատազրկման պատճառն ու հիմքերը չափազանց խարխուլ էին։ «Ես դրան չեմ ուզում անդրադառնալ, մի փաստ եմ ուզում արձանագրել․ 1991 թ-ի սեպտեմբերի 21-ից՝ մինչ օրս կառավարության նիստին մասնակցած որևէ պաշտոնյա, բաժնի պետ, վարչության պետ, փոխնախարար, նախարար, փոխվարչապետ կամ վարչապետ, իր ծառայողական պարտականությունների հետ կապված չի ազատազարկվել։ Սրանից բխում է երկու հետևություն․ կամ բոլորը սրբեր և հրեշտակներ են,  սրանց միջի միակ սատանան Խաչիկյանն էր, կամ էլ այլ պատճառներ կան։ Ես ինչ պիտի անեի, ըստ իրենց, պիտի գնայի մի թոկ ճարեի, կախվեի՞, հակառակը․ եթե ես դիմացել եմ իմ կալանավորման ընթացքում բարձրացված աղմուկին, եթե ես 5 տարի դիմացել եմ  բանտին, ֆեյսբուքյան գրառումն ինչ է, որ չդիմանամ»,-ասաց նա։ Նա ընդգծեց, որ հիմա իր գործունեությունն ուղղված է Ախթալայի բրենդավորմանը։ «Քար նետելուց առաջ՝ թող յուրաքանչյուրը մտածի՝ ինքը մեղքեր ունի՞, թե չէ։ Եթե անգամ ինչ-որ բան էլ եղել է, ես շեշտում եմ՝ եթե եղել է, Վազգեն Խաչիկայնն իր պատիժն արդեն կրել է»,-նշեց նա։

Նա անդրադարձավ նաև իր յութուբյան ալիքով խոհարարական հաղորդում վարելու մտադրությանը՝ ընդգծելով, որ հաղորդումը կլինի ռուսերենով «Եթե անգլերեն իմանայի նույնքան, որքան ռուսերենը, ապա անպայման անգլերեն կվարեի։ Չի բացառվում, որ 1-2 ամիս անց իմ յութուբյան ալիքով սկսեմ այդ հաղորդումը վարել։ Արդեն նույնիսկ անունն եմ մտածել, «В  красной рубашке профессор Хачикян»։ Կարծում եմ Գեորգի Դանելիան երկու  բան արեց հայ ժողովրդի համար․ Դիլիջանը և Խաչիկյան ազգանունը բրենդ դարձրեց։ Սա իմ մասին չէ, բայց ես կօգտվեմ այդ բրենդից՝ ավելի մեծ լսարան ներգրավելու համար»,-ասաց նա։ Նշենք, որ ամիսներ առաջ Armdaily.am-ի հաղորդումներից մեկի ժամանակ Վազգեն Խաչիկյանը նշել էր, որ երազում է հաղորդում վարել. դա նրա 12 երազանքնոերից մեկն էր, որը, փաստորեն, այս տարի կատարվեց:

(Visited 384 times, 1 visits today)