Հայաստանը շուրջ 25 տարի լլկվել էր, բնակչությունը ունեզրկվել, ստորացվել, ստեղծվել էր մի համակարգ, որը ավելի վատն էր դարձել, քան օտարի տիրապետությունը․․․

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը։

–Մարտի 12-ին Արցախում հրավիրելով Անվտանգության խորհրդի նիստ և ընդունելով նման բանաձև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական մեծ թռիչք գործեց՝ վերականգնելով հայոց երբեմնի փառքն ու հզորացման անշրջելի առաջընթացը:

– Քանի որ վարչապետը հայոց ամենաերիտասարդ արքա Պապ թագավորից մեջբերումներ է անում, չկասկածելով, որ նա գիտի, ուզում եմ հիշեցնել մի քանի ակնհայտ քայլերի մասին, որ կատարեց 18-ամյա Պապ թագավորը ներքին բարեփոխումների առումով, ինչի հետևանքով Հայաստանը ընդամենը երկու տարում վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը արևելյան հատվածում, նկատի ունեմ արևելյան սահմանագիծը՝ Քուռ գետը, Հայաստանին ենթարկեցրեց նախկինում ենթակա Վիրքն ու Աղվանքը, ճնշեց անհնազանդ նախարարական տներին՝ չխնայելով անգամ ապստամբ նախարարի՝ Գուգարաց բդեշխի արու զավակներին և ոչնչացնելով:

Գյուղացիները, որ հողազուրկ էին դարձել, ստացան հողեր՝ ի հաշիվ եկեղեցուն տրված 7 հողակտորից 5-ի վերադարձի: Ներքին բարեփոխումների արդյունքում տարիներ շարունակ ասպատակված երկիրը կարճ ժամանակամիջոցում տնտեսական վերելք ապրեց, որի արդյունքում բանակի թվակազմը հասցրեց 90 հազարի:

Արևմտյան ուղղությամբ հայոց հին սահմանները վերականգնելու նպատակով՝ Կապադովկիա, Կեսարիա, Եդեսիա և այլ քաղաքներ, պահանջագիր ներկայացրեց Վաղես կայսերը, ում օգնությամբ և աջակցությամբ պարսիկներին դուրս էր մղել Հայաստանից: Պապ թագավորի նվիրումը իր հայրենիքին նրան ուժ, եռանդ և հավատ էր ներշնչում, որի արդյունքում կարողացավ այդքան կարճ ժամանակաընթացքում դժվար կացությունից դուրս գալու ելքեր գտնել:

Դուք վարչապետին համեմատում եք Պապ թագավորի հե՞տ: Շատերն այդ համեմատությունը գրոտեսկային են համարում։

– Համեմատությունը եզրեր ունի: Հայաստանը շուրջ 25 տարի լլկվել էր, բնակչությունը ունեզրկվել, ստորացվել, ստեղծվել էր մի համակարգ, որը ավելի վատն էր դարձել, քան օտարի տիրապետությունը: Եվ այս սարսափելի իրավիճակում հայտնվում է Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցների հետ ժողովրդին ոտքի հանում և համայն հայության աջակցությամբ իրականացնում է անարյուն հեղափոխություն: Այժմ վերադառնանք Ձեր հարցի բովանդակությանը:
Պարոն Փաշինյանը կարողացավ ուղի գտնել Արցախի հարցում՝ հայոց պետության արևելյան սահմանները մոտեցնելով իր հին սահմանագծերին: Ահա և համեմատության եզրերից մեկը:

Այժմ վարչապետը պետք է ավելի մեծ եռանդով և վճռականությամբ լծվի ներքին բարեփոխումներին: Չպետք է հապաղի, պետք է հաշվի չառնի օտարերկրյա գործակալական ցանցի և օտարին ծառայող շարասյան վայրահաչոցները, համայն հայության մեծամասնությունը նրա կողքին է և աջակիցը:

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ներքին բարեփոխումները:

– Այս փուլում տնտեսական հեղափոխություն իրականացնելու և տնտեսությունը արագընթաց տեմպերով վերականգնելու՝ Հայաստանը գիտաարդյունաբերական երկիր դարձնելու նպատակով վճռական պետք է լինեն պետության՝ կառավարության մասնակցությունը և կարգավորիչ դերի իրականացումը, ինչպես նաև պետական կառավարման օղակների՝ հարկային, մաքսային և այլն, տնտեսվարողներին և քաղաքացիներին չխանգարելուն ուղղված քայլերը, այլ ընդհակառակը՝ կառավարության հիմնական խնդիրը պետք է դառնա աջակցելը:

Դուք կարծում եք, որ Փաշինյանը ունա՞կ է դա իրականացնելու:

– Իհարկե: Քանի որ Ձեր սերունդը անմիջական մասնակիցը եղավ այդ հրաշքին, ապա դեռևս չեք կարող գնահատել նրա պատմական նշանակությունը հայոց արդի պատմության ընթացքի վրա: Այլևս անշրջելի է հայոց առաջընթացի ուղին:

Եթե պետական այրը հայրենասեր է, ապա նա ամբողջովին նվիրվում է պետությանը և ժողովրդին ծառայելուն՝ առանց որևէ անձնական ակնկալիքի: Հայրենասեր բառն առաջին անգամ օգտագործել է Մովսես Խորենացին՝ փառաբանելով Արամին:

Մենք, առաջին հերթին՝ իշխանությունը, պետք է հասարակության մեջ սերմանենք հայրենասիրության գաղափարը, քրիստոնեությունից բխող բարոյական բոլոր նորմերը պետք է դառնան այն գաղափարները, որոնց միջոցով հայ ազգը և հայոց պետությունը պատմության երկարատև ընթացքի այս փուլում նոր վերելք պետք է ապրեն և մտնեն հերթական ոսկե դարը, և 21-րդ դարը հայոց պետության հզորացման և փառավոր անցյալի վերականգնման դարն է լինելու:

Իսկ դրան հասնելու ճանապարհը դժվար է լինելու, լի թշնամիներով՝ արտաքին և ներքին, սակայն ամեն ինչ մեր ժողովրդի ձեռքին է. եթե իշխանությունը կարողանա իր գործնական քայլերով նրան հավատ ներշնչել, որ դա հասանելի է և իրականանալի, ուրեմն մենք առաջիկա տարիներին կունենանք մեր երազանքների երկիրը:

1in.am

Մեկնաբանեք նյութը և կիսվեք ընկերների հետ

(Visited 82 times, 1 visits today)