Հարբած վարորդը «ԳԱԶ-52»-ով վրաերթի է ենթարկել մորն ու 2 երեխաներին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սանասար Սարուխանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

56-ամյա Սանասար Սարուխանյանին մեղադրանք էր առաջադրված մանկահասակ երեխայի մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Ըստ դատական ակտի՝ դեպքի պահին «Արմենտել» ընկերությունում որպես մալուխագործ աշխատող Սանասար Սարուխանյանը 2018 թվականի հունիսի 8-ին, ժամը 18-ի սահմաններում իրեն պատկանող «ԳԱԶ-5204» մեքենան վարել է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում և թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ:

Սանասար Սարուխանյանը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ՝ 2,31% հարբածության վիճակում, ստեղծել է վթարային իրավիճակ՝ երթևեկության ընթացքում կրակվառիչը նրա ձեռքից ընկել է մեքենայի խցիկի հատակին, և վարորդը կրակվառիչը վերցնելու ընթացքում ուշադրությունը շեղել է երթևեկության ուղղությունից, իրականացրել է ձախակողմյան երթևեկություն, ինչը վտանգավոր է եղել երթևեկության ու ճանապարհի տվյալ հատվածի եզրով քայլող հետիոտների համար: Սանասար Սարուխանյանն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից ու վրաերթի է ենթարկել ճանապարհի ձախ եզրով հանդիպակաց մոտեցող երեք հետիոտնի՝ 36-ամյա Սիրանուշ Ա.-ին, նրա երկու որդիներին՝ 9 տարեկան Դավիթին ու 5 տարեկան Հայկին: Վերջինս ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Սիրանուշ Ա.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Սանասար Սարուխանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանն արձանագրել է. «Ինչ վերաբերում է դեպքի պահին ամբաստանյալի հարբածությանը, ապա դատարանը այն չի դիտում որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք, քանզի այդ վիճակը վթարի հետ պատճառահետևանքային կապի մեջ չէ»: Դատարանը նշել է՝ որպես դեպքի պատճառ՝ նախաքննական մարմինը գնահատել է ընկած կրակվառիչը ամբաստանյալի կողմից վերցնելը: Եվ ըստ դատարանի՝ դա կապված չի եղել վարորդի հարբածության հետ… Անդրադառնալով քաղհայցի պահանջին, դատարանն արձանագրել է՝ թեպետ տուժողի իրավահաջորդի կողմից չի ներկայացվել նյութական պահանջը հիմնավորող որևէ փաստական տվյալ, սակայն ողջամտորեն ընտանիքի կողմից կատարվել են ծախսեր երեխայի հուղարկավորության հետ կապված:

Սանասար Սարուխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամանակով՝ 1 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Շարունակությունը՝ 1in.am

(Visited 279 times, 1 visits today)