«Հոկտեմբերի 27»-ի գործով ես էլ ունեմ ասելիք, Վահան Շիրխանյանն էլ»

«Առավոտի» զրուցակիցն է «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովիկ Հարությունյանը «Այնպես չէ, որ միայն Վազգեն Սարգսյանն է որոշել։

Նա առաջարկել է եւ ասել, որ Ղարաբաղի հետ խնդիրներ չենք ունենա շատ հարցերում, դա է ճիշտը»,-«Առավոտի» հետ զրույցում`անդրադառնալով դիտարկմանը, որ փաստորեն, ժամանակին Վազգեն Սարգսյանը միանձնյա որոշումներ էր կայացնում, որին բոլորը ենթարկվում էին, ասաց «Արաբկիր» երկրապահ ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Հովիկ Հարությունյանը։ Զրույցի առիթը`պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի`երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակն էր, որում, Վահան Շիրխանյանը 23 կետով հիշեցում-մեղադրականներ է առաջադրում Ռոբերտ Քոչարյանին:

Մասնավորաբար, դրանք վերաբերվում են Ռոբերտ Քոչարյանի կողմից ՀՀ նախագահի աթոռը խաբեությամբ զավթելուն, ընտրությունները կեղծելուն, մի շարք գործարանների, այդ թվում նաեւ կոնյակի գործարանի վաճառքի կոռուպցիոն գործարքներին, Մեղրին Լաչինով փոխարինելու տարբերակին համաձայնվելուն եւ այլն: Հարցին`այդ ամենը հիմա բացահայտելով, չեք կարծո՞ւմ, որ Վազգեն Սարգսյանի դեմ էլ «մեղադրական դատավճիռ» է հրապարակվում, նաեւ այն մարդկանց, ովքեր այսօր խոսում են Ռոբերտ Քոչարյանի արածների մասին, մինչդեռ այն ժամանակ լռելյայն համակերպվել եւ համաձայնվել են, ավելին, շարունակել են բարձր պաշտոններ զբաղեցնել Ռոբերտ Քոչարյանի ենթակայությամբ։ «Կան բաներ, որ ասվել է Վազգեն Սարգսյանի կողմից։

Օրինակ, այն որոշումը, համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պետք է պաշտպանվի: Այո եղել է, ես դա չեմ հերքում, որովհետեւ ինքս էլ ինձ այսօր մեղավոր եմ համարում։ Չնայած, այն ժամանակ Վազգեն Սարգսյանը բացատրում էր Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը նրանով, որ այն ժամանակ չէինք վստահում Կարեն Դեմիրճյանին. միակ թեկնածուն մնում էր Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ Գագիկ Հարությունյանն էլ էր հրաժարվել։ Մինչ այդ խոսակցություններ կային, որ հնարավոր է Գագիկ Հարությունյանն առաջադրվի»,- ասում է մեր զրուցակիցը։

Հովիկ Հարությունյանն, ի դեպ, 08. 06. 2018-ին «Առավոտին» տված «Ինչպե՞ս է ԵԿՄ-ն Ռոբերտ Քոչարյանին նախագահ «նշանակել» հարցազրույցում խոստովանել է, որ 1998-ի նախագահական ընտրությունները ԵԿՄ-ն կեղծել է`հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Հովիկ Հարությունյանը համամիտ է, հետո պարզվեց, որ Վազգեն Սարգսյանի որոշումը ի կատար ածելը ճիշտ չէր։ «Իհարկե, ես ինքս հիմա համարում եմ, որ սխալ ենք արել, որքան էլ որ Վազգեն Սարգսյանը հիմնավորում էր, որ ճիշտը դա է։ Շատ շատերս ենք հիմա ընդունում, որ սխալվեցինք, հատկապես մարտական ընկերները։ Պիտի խոստովանեմ, Դեմիրճյանին չէինք վստահում»: Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Առավոտի» հետ զրույցում այսպիսի դրվագ հիշեց. «Ես հիշում եմ, որ ուրբաթ օրը, որ Վազգենը կառավարության շենքից դուրս էր գալիս, ասեց`որ շատ եք պնդում, ես իմ թեկնածությունը կդնեմ:

Բոլորս հանգստացանք: Այդ 2-3 օրվա ընթացքում ինչ-որ բան տեղի ունեցավ եւ կառավարական ամառանոցներում Վազգենը հայտնվեց 4-ը մեկի դեմ: Գագիկ Հարությունյանի թեկնածությունը չքննարկվեց, եւ որպեսզի Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությունը չխաթարվի, Վազգենը գնաց Ռոբերտ Քոչարյանի թեկնածության ճանապարհով եւ իր թեկնածությունն էլ չդրեց»։ Հովիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք` տեղյա՞կ եք ինչ գործընթացներ են եղել, «Ղարաբաղի տղաները» ի՞նչ ճնշումներ կարող էին գործադրել։ «Ես, անկեղծ ասած, չգիտեմ: Բայց մենք հավաքվել ենք իր մոտ` շատ ու շատ կռված մտերիմ տղաներով եւ առաջարկել ենք, որ Վազգենն իր թեկնածությունն առաջադրի: Ասաց` կխոսի եւ մեզ կասի: Այսինքն, սկզբից այդ համաձայնությունը կար, սակայն հետո այնպես ստացվեց, որ ճիշտ տարբերակն այլ է։ Երբ մենք շատ ստիպեցինք, Վազգենն ասաց, որ կառաջադրվի հաջորդ ընտրություններին։ Ես միշտ ասել եմ, որ հենց այդ հաջորդ ընտրություններն էին «հոկտեմբերի 27-ի» պատճառը, թույլ չտրվեց, որ այդ հաջորդ անգամը լինի, որովհետեւ պարզ էր, թե ինչ կլիներ։ Վազգեն Սարգսյանն արդեն հասկացել էր դա։ Ես չգիտեմ արդյո՞ք Վանո Սիրադեղյանի նամակն էր նրան ստիպել հասկանալ, թե ի՞նչ է կատարվում իր շրջապատում, բայց նա արդեն հասկացել էր թե ինչ սխալ է գործվել»։

«Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց երկու ամիս անց Վազգենը ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը։ Զրույցի վերջում նա հանձնարարեց ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն եւ սկսել այն ստեղծելու աշխատանքը։ Նա որոշել էր Հայաստանը քեզանից ազատել բաց ու ազնիվ քաղաքական պայքարի միջոցով, ոչ թե տեռորով»,- Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր նամակում գրում է Վահան Շիրխանյանը։ Հովիկ Հարությունյանը համամիտ է այս դրվագի հետ. «Ռոբերտ Քոչարյանը չսիրեց հայերին: Ես չեմ էլ հասկանում` նա այս կյանքում իրենից բացի որեւէ մեկին սիրո՞ւմ է, թե ոչ: Նրա բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ իր համար մենք ոչինչ ենք եղել, Հայաստանն իր համար գործիք է եղել, եղել է տարածք, որտեղ կարելի է վաստակել, եւ շատ վաստակել»։ Հարցին`Ձեր կարծիքով այս իշխանությունը կդնի՞ «հոկտեմբերի 27-ը» բացահայտելու խնդիր, Հովիկ Հարությունյանը պատասխանեց. «Պիտի դնի։

Ես համաձայն չեմ Արամ Սարգսյանի այն մտքին, որ այսօր ժամանակը չէ, քանզի մեր պետության առջեւ կանգնած են խնդիրներ եւ այլն, եւ այլն։ Դա բոլորովին կապ չունի, այդ խնդիրը պետք է անպայմանորեն դնել։ Երբ «մարտի 1-ի» գործը մոտենա իր ավարտին, պետք է «հոկտեմբերի 27-ի» գործով էլ մեղադրանք առաջադրվի։ Այդ գործով եւ Վահան Շիրխանյանն ունի ասելիք, եւ ես ունեմ ասելիք, որը հիմա չեմ կարող ասել, որովհետեւ կարող է մարդիկ «շարքից դուրս գան», շատ բան կասվի»։ Հիշեցմանը`Արամ Սարգսյանը նաեւ ասել էր, որ ինքը ներել է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, Հովիկ Հարությունյանը արձագանքեց. «Ես չեմ հասկանում ի՞նչ ներելու խնդիր կա։ Ես համարում եմ դա ավելորդ մարդասիրություն»։ Նաեւ հետաքրքրվեցինք` Դուք ինչպե՞ս ընկալեցիք Արամ Սարգսյանի կողմից Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը Ղարաբաղում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատում նշելը։ «Այնքան բարդ հարց է։

Ես հասկանում եմ՝ հրավերք է եղել: Թող գնար։ Դրա մեջ առանձնապես լուրջ բան չեմ տեսնում, դրան վատ չեմ նայում։ Ղարաբաղում անպայման պետք է նշեին Վազգենի ծննդյան ամյակը, որովհետեւ Ղարաբաղի հաղթանակների մեծ մասը պատկանում է Վազգեն Սարգսյանին։ Բայց հիմա նրանց արած յուրաքանչյուր քայլ ցուցադրական է։ Եթե նրանք հասկանում են, որ «սա Հայաստանն է եւ վերջ», ապա իրենք պետք է նախ հասկանան, որ այս Հայաստանը պետք է ուժեղանա, որպեսզի իրենք էլ ուժեղանան։ Իրենք 100 անգամ ասել են, որ Հայաստանի ուժեղությունն իրենց ուժեղությունն է։ Իսկ եթե մենք ուժեղանում ենք, ուզում ենք, որ հանցագործները պատժվեն, անպատժելիությունը վերանա։ Քանզի, եթե անպատժելիությունը չվերանա, պետությունը չի կարող կայանալ։ Դա ապացուցվել է 20 տարիների ընթացքում։ Այն նույն հանցագործները, որ Հայաստանում են, նաեւ Ղարաբաղում են, նույն թալանն արվել է Ղարաբաղում»։ «Սասնա Ծռերը» գործընթաց են սկսել`Արցախը մարզի կարգավիճակով Հայաստանի կազմում ներառելու ստորագրահավաք են կազմակերպում: Պատճառաբանությունն այն է, որ ի սկզբանե ղարաբաղյան շարժումը սկսվեց «Միացում» կարգախոսով։ Հովիկ Հարությունյանը տարակուսած է այս նախաձեռնությունից. «Այո, շարժումը սկսվեց «Միացում» կարգախոսով, բայց հիմա ժամանա՞կն է։ Մեկը մի բան ասում է, սակայն հաշվի չի առնում պարագաները՝ տեղի, ձեւի, չափ ու քանակի, մոտեցումների։ Մարդը մի բան ասում է, բայց հետո դրա տակից դուրս գալ է պետք։

Ես «Սասնա Ծռերին» հարցրել եմ`ժամանա՞կ եք գտել, Ռուսաստանի դեմ պատերազմ եք հայտարարում։ Մարդիկ ապագայի, հետագայի համար ոչինչ չեն ասում։ Վահան Բաղդասարյանն ասում է, թե իրենք են առաջինը գնացել եւ ձեռքները դրել այդ գործի վրա։ Հետո միմյանց վարկաբեկում են, միմյանց քաղաքական դիակներ են անվանում։ Բայց, եթե դուք միացում եք ուզում, միացման համար պետք է լինի կոնսոլիդացիա։ Պետք է համախմբվել մեկ խնդրի, մեկ մեխի շուրջ, իսկ իրենք կռվում են, թե ո՞վ է այդ մեխը ճարել։ Ամեն մեկն իր համար ճանապարհ է ուզում բացել, փառքի համար թե այլ բանի՝ ես չգիտեմ։ Ինձ թվում է, վարչապետը ճիշտ ուղի է բռնել, ճիշտ շարժվում է։ Պետք է ընդամենը բոլոր քաղաքական ուժերը ուշադիր լինեն, օգնեն, կանգնեն նրա կողքին»։

Մեր զրուցակիցը Արցախի`բանակցային կողմ լինելուն այլընտրանք չի տեսնում: Ասում է`Արցախն այլեւս կայացած պետություն է, մնում է դա արձանագրել, իսկ եթե չեն արձանագրում՝ ապա նրանք հրահրող են. «Չկա մեզ աջակցող Եվրոպա, չկա մեզ աջակցող Ամերիկա կամ Ռուսաստան, սուտ է։ Դուք գիտեք, որ սա եղել է առաջին հերթին Ռուսաստանի սխալների արդյունքը։ Մենք ունենք կարգին եւ սկզբունքային առաջնորդ։ Մնում է կանգնել իր կողքին, ուժեղացնել երկիրը ներսից, որպեսզի վարչապետը կարողանա, որպես վստահություն ունեցող առաջնորդ, լուծել բոլոր հարցերը»։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ,  22.03.2019 Մարտ 23,2019 15:00 Share Tweet ԲԱԺԻՆՆԵՐ՝ Իրավական լուրեր Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

aravot.am

(Visited 639 times, 1 visits today)