Քոչարյանը շարունակում է վնաս հասցնել Հայաստանին

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ Նյութերը նախապատրաստվում են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կողմից հրապարակված հայտնի նամակի դրվագներից մեկի հիման վրա։ Շիրխանյանի նամակը, դրանում տեղ գտած ամեն մի դրվագը արդեն մի քանի օր՝ դարձել է հանրային բուռն քննարկման առարկա։

Ըստ էության, ողջ երկիրը խոսում է Շիրխանյանի նամակի, դրանում տեղ գտած այս կամ այն դրվագի ճշմարտացիության մասին։ Դա մի կողմից բնական է, քանի որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հղված նամակում ներկայացված են բազմաթիվ սկանդալային տեղեկություններ ու փաստեր։ Մյուս կողմից՝ այս քննարկումները Հայաստանը հետ են տանում 20 տարվա վաղեմության անցյալ։ Իշխանության ներկայացուցիչների արձագանքից կարելի է դատել, որ իշխանությունը ոչ միայն դեմ չէ իրադարձությունների նման ընթացքին, այլ հակառակը՝ կողմ է և գործուն քայլեր է ձեռնարկում դրա համար։ ՀՔԾ-ի կողմից նյութերի նախապատրաստումը 1998 թվականի ընտրությունների կեղծման դրվագով դրա վկայություններից մեկն է միայն։ Բացառված չէ, որ իրավապահ մարմինները գործեր հարուցեն Շիրխանյանի ներկայացրած բոլոր դրվագներով, իսկ դրանք շատ են, չափազանց շատ։

Անցյալում տեղի ունեցած հանցագորոծթյունների բացահայտումը իհարկե շատ կարևոր է։ Անցյալը պատկերավոր ասած մաքրելը կարևոր նշանակություն ունի պետության ու հասարակության առողջ, բնականոն գործունեության համար։

Մյուս կողմից սակայն այս չափով ու այս ձևով անցյալը հանրային-քաղաքական օրակարգի հիմնական առարկա դարձնելը նշանակում է պետության, հասարակության ողջ ուշադրությունն ու ներուժը տեղափոխել անցյալ։ Դա էլ իր հերթին նշանակում է ահա այդ ուշադրությունն ու ներուժը շեղել ներկայի ու որ ավելի կարևոր է՝ ապագայի օրակարգից։ Դա ինչ-որ իմաստով ձեռնտու է իշխանությանը, քանի որ իշխանությանը առնվազն առայժմ չի հաջողվել ներկայացնել ներկայի ու ապագայի ծրագրային, ռազմավարական, հայեցակարգային այնպիսի նպատակ կամ նպատակների համախումբ, որը կմիավորեր հասարակությանը, որը հանրային էներգիան կուղղորդեր դեպի ավելի լավ երկիր ու ավելի լավ կյանք կառուցելու նպատակի իրագործմանը։

Հասարակությունը 2018 թվականին հեղափոխություն չի իրականացրել անցյալը փորփրելու ու անցյալը բացահայտելու համար։ Հեղափոխությունը տեղի է ունեցել, որովհետև մարդիկ հոգնել էին անցյալի վատ կյանքից և ձգտում ու տենչում էին ավելի լավ կյանքի ու ավելի լավ պետություն ունենալուն։ Մինչդեռ անցյալի մութ էջերը հանրային օրակարգի մաս դարձնելով մենք երկրորդական պլան ենք մղում այսօրվա ու ապագայի օրակարգերը, մենք շեղվում ենք լավ պետություն կառուցելու նպատակից։

Իշխանության համար, ինչպես նշեցինք այս իրավիճակը ձեռնտու է, քանի դեռ չի ձևավորվել ապագայի օրակարգը։ Բացի այդ այս ամենում կա իշխանության համար շահեկան մեկ այլ կարևոր շերտ։ Անցյալի էջերի թերթումն ու մութ պատմությունների բացահայտումը հնարավորություն է տալիս ավելի ամրացնել ներքին թշնամիների կերպարները, նրանց նաև անցյալից բերել մեր օրերը՝ ներկայացնելով որպես հասարակության ու հեղափոխության հակառակորդներ։ Դրա էֆեկտն այն է, որ հասարակությունը ավելի քիչ է մտածում ներկայի ու ապագայի մասին ու համախմբվում է ներքին, դասակարգային թշնամիների դեմ պայքարի գաղափարի շուրջ։ Այդպիսով, ողջ հանրային էներգիան, ստեղծարարությունը մսխվում է ըստ էության անօգուտ, ապագայի համար որևէ ֆունկցիոնալություն չունեցող գործի վրա։

Անցյալի հանցագործությունների բացահայտումը, կրկնում ենք, կարևոր է և պետությունը չպետք է հրաժարվի իր այդ գործառույթից։ Սակայն դա չպետք է դառնա հանրային-քաղաքական օրակարգի առաջնային հարցը, որովհետև այդ օրակարգի թիվ մեկ խնդիրը պետք է լինի այսօրը և վաղը, ոչ թե երեկը։ Երեկվա մութ էջերի բացահայտումը պետք է ածանցվի ապագայի օրակարգից և ոչ թե դառնա ապագայի օրակարգը կանխորոշող։ Անցյալի գրեթե բոլոր պատմությունները ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են Ռոբերտ Քոչարյանի անձի հետ։ Նա փաստորեն Հայաստանին մեծ վնասներ է հասցրել քսան տարի առաջ, նույնը՝ անուղղակիորեն շարունակում է նաև այսօր՝ հանրային ուշադրությունը սևեռելով իր մութ անցյալի վրա և շեղելով ապագայից։ Բայց այդ հարցում Քոչարյանին օգնում են նաև ներկա իշխանությունները։

1in.am

(Visited 258 times, 1 visits today)