1 միլիոն դոլարի ադամանդը վերադարձվել է . Վահան Շիրխանյանը կապ չունի

«Գառնիկ Իսագուլյանի պնդումներն ամբողջությամբ սուտ են և իրականությանը չեն համապատասխանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի «Շողակն» ադամանդի գործարանի այն ժամանակվա տնօրեն Սարգիս Սարգսյանը։ Վերջինս ադամանդի գործարանի տնօրեն է եղել 1992-1993 թվականներին և 1998-2001 թվականները։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի հրապարակումից հետո «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ Շիրխանյանը լավ կանի ասի, թե ինչ եղավ 1 միլիոն դոլարի ադամանդի գործը։ «Ես կուզենայի, որ դուք 1990թ. Գերագույն խորհրդի իրավական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանին մի հարց ուղղեիք, որ ճշտեք, թե այդ ժամանակներում ինչ հարց էր քննվում՝ կապված Վահան Շիրխանյանի հետ, ու ինչու Շիրխանյանը չդատվեց։ Խոսքը մեկ միլիոն դոլար արժողությամբ ադամանդի թալանի մասին է, որը պետք է վերածեին գումարի ու զենք ձեռք բերեին։ Ես այդ թվերին հիմնականում գործուղված եմ եղել Ղարաբաղ, և հանձնաժողովի շատ նիստեր առանց ինձ են գումարվել։ Հիշում եմ, որ մի նիստի ժամանակ այս առյուծ կտրած Շիրխանյանը, որ իբրև թե Ստեփանակերտում Ռ. Քոչարյանին ասել է՝ «դու անասուն ես», այս ի՞նչ ես անում, ու դրանից հետո առոք-փառոք եկել, հասել է Հայաստան, հետո մուկ կտրած՝ աղերսում էր, որ այդ 1 միլիոն դոլարի ադամանդի թալանի գործը փակվի։ Մարդ, ով պատերազմի տարիներին զենք գնելու անվան տակ թալանում է պահուստային ադամանդը, հիմա հանկարծ այդ մարդն ինչ-որ բաներ է զառանցում»,- ասել է Գառնիկ Իսագուլյանը։

«Իսագուլյանի ասածները, ակնարկները իրականությանը չեն համապատասխանում։ Ես այդ ժամանակ ադամանդի գործարանի տնօրեն եմ եղել։ Այդ 1 միլիոն դոլարի ադամանդը, այո, կառավարության որոշմամբ հատկացվեց պետության կարիքների համար։ Այդպես գրված էր գրության մեջ, որը տրամադրվել էր ինձ։

Կառավարությունից գրությունը ստանալուց հետո մենք հատկացրինք այդ ադամանդը, բայց ուղիղ 15-20 օր հետո ադամանդը հետ վերադարձվեց և մուտքագրվեց գործարանի պահեստ։ Ես նպատակը չգիտեի՝ ինչի համար էր դա պետք։ Ես տնօրեն էի, գրությունը տվել էին, ես մակագրել էի, բաց էինք թողել ու ամենաշատը 20 օր հետո նույն խմբաքանակով, նույն չափով մուտքագրեցինք գործարանի պահեստ։ Դա 1993 թվականն էր։ Ճիշտ է, շատ ժամանակ է անցել, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է արխիվները վերականգնել ու գտնել համապատասխան և՛ ելքի, և՛ մուտքի փաստաթուղթը, որը փաստում է, որ 1 միլիոն դոլարի ադամանդը 20 օր անց կրկին մուտք է եղել գործարանի պահեստ։ Այն ժամանակ գործարանը 100 տոկոս պետական ձեռնարկություն էր և հնարավոր չէր այդտեղից առանց պետության թույլտվության որևէ բան դուրս հանել։ Կրկնում եմ, անհրաժեշտության դեպքում կարելի է արխիվներով ապացուցել, որ այդ 1 միլիոնի ադամանդը կրկին հետ է վերադարձվել գործարանի պահեստ»,- ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով. «Ես նաև ուզում եմ ընդգծել, որ պարոն Շիրխանյանը այն եզակի պետական գործիչներից է, որը շատ օպերատիվ և պետականամետ գործունեություն է ծավալել։ 1999 թվականին իր անմիջական նախաձեռնությամբ համաշխարհային ադամանդագործության հսկա Լև Լևաևը ներդրումներ սկսեց կատարել հայկական ադամանդագործության մեջ, որն իր հետևից բերեց համաշխարհային ադամանդագործների մուտք հայկական շուկա։ Մոտ 1 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել հենց կոնկրետ Շիրխանյանի ջանքերով։ Կրկնում եմ, շատ քիչ պետական գործիչների եմ հանդիպել, ովքեր այդ աստիճան պետականամետ են եղել»։

Ինչ վերաբերում է Շիրխանյանի նամակի այլ դրվագներին, ապա Սարգսյանն ասաց, որ այլ տեղեկությունների չի տիրապետում։ Ինքը մեկ էլ մասնակցել է 1999 թվականին Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ կառավարության նիստին, որի ժամանակ քննարկվում էր «Շողակն» գործարանի սեփականաշնորհման հարցը։

«Ես մասնակցում էի նիստին։ Գործարանի սեփականաշնորհմանը դեմ էր Ալեքսան Հարությունյանը, իսկ ներդրումն ամբողջությամբ պաշտպանում էին վարչապետ Վազգեն Սարգսյանն ու Վահան Շիրխանյանը, ինչը հետագայում տեղի ունեցավ»,-ասաց մեր զրուցակիցը։

Սարգիս Սարգսյանը նշեց, որ ներկայումս էլ մեծ հնարավորություններ կան Հայաստանի ամբողջ ադամանդագործության շուկան ոտքի կանգնեցնել։ «Մենք նախաձեռնող խումբ ունենք, նրանք աշխատանքներ են տանում։ Ռուսաստանի ադամանդագործության ասոցիացիայի փոխնախագահ Արարատ Էվոյանը ինքն է ցանկություն հայտնել մասնակցելու Հայաստանի ադամանդագործական շուկայի վերաթողարկմանը՝ ստեղծելով 2-3 հազար աշխատատեղ։ Պարզապես ներկա իշխանությունների կողմից դեռ համապատասխան ըմբռնում չենք տեսել։ Առաջարկություններ ներկայացրել ենք մի քանի ուղղությամբ։ Արձագանք լինելու դեպքում մի քանի թղթաբանական հարցեր լուծելուց հետո Հայաստանը կարելի է դարձներ նորից ադամանդագործության կենտրոն։ Մարդիկ ոգևորվել են իշխանափոխությունից հետո, մարդիկ գալիս են, ներդրումային ծրագրեր են ներկայացնում։ Հայկական տաշվածքն աշխարհում շատ բարձր է գնահատվում։

Հետևաբար, եթե իշխանություններն արձագանքեն, մենք կլուծենք նաև ռուսական հումքի ներմուծման խնդիրը, և նոր աշխատատեղեր կբացվեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
1in.am

(Visited 1 435 times, 1 visits today)