Արտակարգ դեպք. Հայր և որդի ծեծելով սպանել են իրենց ծանոթին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Վարդան Ա. Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց հայր և որդի Գևորգ և Հայկ Գալստյանների գործի դատական քննությունը:

Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Ե՛վ հորը, և՛ որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով՝ խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար, որի արդյունքում տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Գալստյանը 2017 թվականի օգոստոսի 15-ին Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակիչ Միսակ Ս.-ի կողմից հեռախոսային խոսակցության ընթացքում իր որդու՝ Հայկի հասցեին հայհոյանք հնչեցնելու հետ կապված պարզաբանում ստանալու համար նույն օրը՝ ժամը 20-ն անց 30-ի սահմաններում, Շիրակի փողոցի 74/1 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում որդու՝ Հայկի, ու գործով չպարզված մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Միսակ Ս.-ի դեմքին ու գլխին, որի հետևանքով տուժողի առողջությանը պատճառվել է փակ-բութ գանգուղեղային ծանր մարմնական վնասվածք՝ աջ հոնքի շրջանի սալջարդ վերքի, գլխի գագաթային շրջանի քերծվածքի, ճակատային թմբկության, ստորին ծնոտի ձախ կեսի շրջանների արյունազեղումների, աջ քունքամկանի շրջանի արյունազեղման, ուղեղաբնի և ուղեղիկի թաղանթների մանրօջախային արյունազեղումների ձևով, որն էլ իր հերթին, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Միսակ Ս.-ի օրգանիզմում առկա նյարդահուզական վիճակի հետ առաջացրել է համապատասխան ախտաբանական փոփոխություններ ու վիճակներ՝ տուժողի մոտ զարգացնելով սուր պսակային (կորոնար) անբավարարություն ու հանգեցրել է վերջինիս մահվան:

Դատարանը հարցաքննեց տուժողի իրավահաջորդին՝ Միսակ Ս.-ի որդի Վազգենին: Վերջինս նաև դեպքին մասնակից ու ականատես է եղել:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Գալստյանների հետ պարզաբանման գնացել են ինքն ու հայրը: Գալստյանների կողմից պարզաբանմանը ներկայացել են հայր և որդի Գևորգ ու Հայկ Գալստյանները, նրանց հետ՝մի խումբ մարդիկ, ընդհանուրը՝ 8-10 հոգի:

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ հորը առաջինը հարվածել է Հայկը, քանի որ պարզաբանման պահին նա էր գտնվում իր հոր դիմաց: Հորը հարվածներ է հասցրել նաև Գևորգ Գալստյանը. «4-5 հոգով ինձ էին խփում, քանի որ ընդհանուրը՝ 8-10 հոգի էին, մնացածն էլ հորս էին խփում…

Բոլորն էլ մասնակից էին խփելուն, բայց հնարավոր է՝ նրանց մեջ բաժանողներ էլ լինեին, խառնաշփոթ էր…»:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ իրեն հարվածներ հասցնելով՝ մոտ 10 մետր հեռացրել են հորից: Ինքը մեջքով հենվել է կռվի մասնակիցներից մեկի արծաթագույն «Մերսեդեսին», որը կայանված էր այնտեղ:

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ կռվի ընթացքում ինքը միայն պաշտպանվել է՝ դեմքն է պաշտպանել: Որևէ մեկին ինքը հարված չի հասցրել՝ իրեն ծեծողները մի քանիսն էին: Երբ մեջքով հենվել է «Մերսեդեսին», նայել է հոր կողմը՝ հայրն ընկել էր գետնին, նրա կողքին մարդիկ կային, ու Վազգենի ստացած տպավորությամբ՝ նրանք հարվածում էին ընկած հորը…

Տուժողի իրավահաջորդն ասաց, որ հանդիպման հենց սկզբից հոր հետ ժարգոնով, «մուննաթով» ու ձեռքերով են խոսել, ինքն ընդդիմացել, ասել է՝ ես իրա տղեն եմ, ստեղ կանգնած եմ…

Սկսել են խփել՝ սկզբում՝ հորը, անմիջապես հետո նաև՝ իրեն…

Վազգեն Ս.-ն ասաց, որ դեպքի ժամանակահատվածում հայրը բժշկի կողմից նշանակված հատուկ դեղամիջներ չէր օգտագործում, առողջական վիճակը լավ էր, ինքը չի կարծում, թե դեպքի վայրում հայրը սրտի նոպա է ունեցել ու դրանից մահացել…

Ամբաստանյալների շահերի պաշտպանը միջնորդեց հրապարակել տուժողի իրավահաջորդի նախաքննական ցուցմունքները՝ նշելով, թե էական հակասություններ կան նախաքննական ու դատաքննական, նաև՝ տարբեր օրերի տված նախաքննական ցուցմունքների միջև: Ըստ պաշտպանի՝ տուժողի իրավահաջորդը հակասական թվեր է ասել կռվի մասնակիցների թվաքանակի, հորը հարվածելու պահի վերաբերյալ:

Մեղադրողը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ու տուժողի իրավահաջորդը առարկեցին պաշտպանի միջնորդության դեմ: Մեղադրողը նշեց՝ որևէ էական հակասություն տուժողի իրավահաջորդի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև չկա, իսկ տարբեր օրերի տված նախաքննական ցուցմունքների միջև ոչ թե հակասություններ կան, այլ՝ մարդը լրացրել է տված ցուցմունքները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը շեշտեց, որ Վազգենը դեպքից հետո եղել է շոկային վիճակում, հորն է կորցրել, հնարավոր է՝ դեպքից անմիջապես հետո ինչ-ինչ մանրամասներ ներկայացրած չլիներ, դրանք լրացրել է հաջորդ ցուցմունքներում:

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ նշելով, որ էական հակասություններ չկան տուժողի իրավահաջորդի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև, հետևաբար՝ նախաքննական ցուցմունքները չեն հրապարակվի՝ դրանցում ևս Վազգեն Ս.-ն ասել է, թե իր ու հոր դեմ կռվողները 8-10 հոգի են եղել, ու հորը հարվածներ են հասցրել Գևորգ և Հայկ Գալստյանները:

Պաշտպանն առարկեց նախագահողի գործողությունների դեմ, ցանկացավ հայտարարության կարգով հրապարակել տուժողի իրավահաջորդի նախաքննական ցուցմունքների այն հատվածները, որոնք, իր կարծիքով ՝ էապես հակասում էին դատաքննական ցուցմունքներին, բայց նախագահողը թույլ չտվեց ու հիշեցրեց, որ ապացույցների հետազոտման փուլում պաշտպանը կարող է անդրադառնալ տուժողի իրավահաջորդի նախաքննական ցուցմունքների՝ իր մատնանշած հատվածներին, ու հրապարակել դրանք:

Դատական հաջորդ նիստին՝ ապրիլի 17-ին, դատարանը կհարցաքննի գործով դատակոչված վկաներին: Խմբակային կռվի գործով դատակոչված է… 3 վկա: «Ռազբորկային» մասնակցած անձինք, որոնք, ըստ մեղադրանքի, Գևորգ ու Հայկ Գալստյանների հետ կազմել են տուժողի առողջությանը ծանր վնաս հասցրած խումբը, գործի քննւթյամբ բացահայտված չեն:

1in.am

(Visited 353 times, 1 visits today)