Վերադարձի ենթակա փողի մեծ մասը արտերկրում է

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին:

Դեսպանը շարունակում է ծանոթանալ Հայաստանի իշխանությանը, տարբեր կառույցների եւ պաշտոնյաների հետ քննարկել հայ-ամերիկյան գործակցության երկկողմ եւ ավելի լայն հեռանկարները:

ԱԱԾ պետի հետ Լին Թրեյսիի հանդիպումը ունի հատկանշական երկու երանգ: Հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանը կարեւոր է համարել կոռուպցիայի եւ գլոբալ այլ մարտահրավերների դեմ համատեղ պայքարի շուրջ քննարկումը: Դեսպանի հանդիպումն ԱԱԾ պետի հետ եւ մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ քննարկման կարեւորումը հատկանշական է դարձնում նույն օրը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության ֆոնին:

Խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը, անդրադառնալով հանրության եւ պետության յուրացված ռեսուրսների վերադարձի թեմային, հայտարարել էր, որ վերադարձի ենթակա փողի, ռեսուրսների մեծ մասը արտերկրում է, եւ ինքն ամեն անգամ միջազգային բոլոր հանդիպումներում բարձրացնում է վերադարձի հարցը:

Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական մակարդակում կա փոխըմբռնում, սակայն իրականացումը բավականին բարդ խնդիր է:

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ԱՄՆ տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերել է շոշափելի օժանդակություն, թեեւ մի քանի տարի առաջ այդ պայքարին տվեց բացասական գնահատական, երբ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց, որ կառավարության հովանու ներքո հակակոռուպցիոն խորհուրդը գործել է անարդյունավետ: Խոսքը դեռեւս 2015 թվականից Հովիկ Աբրահամյանի կառավարության ստեղծած հակակոռուպցիոն խորհրդի մասին էր, որը ձեւավորվում էր ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ 750 հազար դոլար: Սակայն, այդ աջակցությունը չեղավ հենց այն պատճառով, որ ԱՄՆ անարդյունավետ գնահատեց խորհրդի գործունեությունը:

Ներկայումս Հայաստանի կառավարությունը քննարկում է կոռուպցիայի դեմ պայքարի նոր կառույց ստեղծելու մասին, որը սակայն լինելու է ոչ թե զուտ հայեցակարգային խորհուրդ, այլ թերեւս ունիվերսալ հատուկ կառույց, իրավապահ գործառույթներով: Համենայն դեպս, քննարկվում է այդ հարցը, եւ այստեղ էական է, թե արդյոք Նահանգները պատրաստակամ են օժանդակել այդօրինակ կառույցի ստեղծմանը:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ունի հավելյալ իմաստ՝ ոչ միայն ընթացիկ, ոչ միայն կանխարգելիչ ինստիտուցիոնալ, այլ նաեւ պայքար կոռուպցիայի հետեւանքի դեմ, որը Հայաստանին հասցրել է անգամ ազգային անվտանգության աստիճանի հարվածներ: Եվ այստեղ խոսքն անշուտ Հայաստանից յուրացված ռեսուրսների վերադարձի մասին է: Կարո՞ղ է ԱՄՆ աջակցել Հայաստանին հենց այն ռեսուրսների վերադարձի հարցում, որոնք Նիկոլ Փաշինյանի խոսքով գտնվում են արտերկրում եւ վերադարձի ենթակա ռեսուրսի մեծ մասն են: Ընդ որում, խոսքը լոկ ԱՄՆ-ում գտնվող փողի եւ այլ ռեսուրսների մասին չէ, այլ նաեւ տարբեր երկրներում, հաշվի առնելով Նահանգների համաշխարհային ազդեցությունը:

Կա՞ արդյոք Երեւանի ու Վաշինգտոնի միջեւ այդ հարցում քաղաքական ըմբռնում, թե՞ նոր պետք է մեկնարկեն քննարկումներն այդ ուղղությամբ:

Արթուր Վանեցյանի եւ Լին Թրեյսիի հանդիպման մյուս խորհրդանշական երանգն ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունն է Գոլանի բարձրունքները Իսրայելի ենթակայության ներքո ճանաչելու մասին, որպես Իսրայելի եւ ռեգիոնի անվտանգության ու կայունության գրավական: Փետրվարի վերջին Արցախի հարավում Արթուր Վանեցյանը հայտարարել էր ազատագրված տարածքների հայկական ենթակայության եւ վերաբնակեցման անհրաժեշտության մասին:

Շոշափե՞լ է արդյոք ԱՄՆ դեսպանն այդ թեման ԱԱԾ պետի հետ հանդիպմանը, թե՞ ունենալով այն մտքում, դեսպանը շոշափել է հայկական անվտանգության առաջին դեմք սպայի տրամադրությունն ու հաստատակամությունը, հաշվի առնելով, որ ԱԱԾ պետը հայտարարել էր, թե Արցախի հարավում հայտարարությունն արել է որպես սպա, որի պարտականությունը պետության անվտանգությունն ու կայունությունն ապահովելն է:

lragir.am

(Visited 95 times, 1 visits today)