Հիմա Ալիեւը կամ պետք է խոսի խաղաղության մասին, կամ հաղթանակի

«Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական ու հույս ունեմ, որ նախագահ Ալիևն էլ հանդիպումը դրական կգնահատի:

Ուզում եմ մի նրբության անդրադառնալ: Երբ ասում եմ, որ դրական եմ գնահատում` դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: Ընդհանրապես, մինչև հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե, լավ` հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց», Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման մասին:

Փաշինյանը խոսել է նաեւ այն մասին, թե չկա որեւէ բեկում կամ հեղափոխություն, բայց կարող է սկսել միմյանց հետ խոսելու եւ լսելու գործընթաց, որի ընթացքում կողմերը պետք է ցույց տան, թե արդյոք պատրաստ են քննարկել խաղաղ գոյակցության հարցեր, սահմանի կայունության, սահմանամերձ գյուղերի բնակչության վրա չկրակելու հարցեր: Կատարել մարդասիրական քայլեր երկու կողմում գտնվող քաղաքացիների հանդեպ, կազմակերպել տեսակցություն ընտանիքի անդամների հետ:

Հայ համայնքի հետ Հայաստանի վարչապետի ուղիղ խոսակցությունը, գործնականում անուղղակի խոսակցություն, ուղերձ, ասելիք է նաեւ Ադրբեջանի ժողովրդին: Մի քանի օր առաջ իր մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ ինքն ասելիք ունի ադրբեջանցի ժողովրդին: Դրանից հետո Ադրբեջանի նախագահը շտապեց փողոց՝ ադրբեջանցի ժողովրդի հետ սելֆի անելու, փորձելով պահել դիրքերը, սակայն գործնականում ավելի ընդգծելով, որ նկարվելիք ունի, իսկ ասելիք՝ ոչ:

Նիկոլ Փաշինյանը Վիեննայի հանդիպմանը խոսելով հայ համայնքի հետ, գործնականում իր ասելիքն ասաց նաեւ ադրբեջանցի ժողովրդին, ցույց տալով ընտրությունը խաղաղության ու պատերազմի միջեւ: Այն ընտրությունը, որի առաջ ադրբեջանցիներին դրել է Ադրբեջանի նախագահն իր քաղաքականությամբ, ու դրանով իսկ գործնականում զրկել խաղաղության այլընտրանքից:

Փաշինյանն առաջարկում է այդ այլընտրանքը, եւ ոչ թե տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւով, որը գործնականում պատերազմի բանաձեւն է, այլ խաղաղություն պատերազմի փոխարեն՝ հանձնում ես պատերազմը, ստանում ես խաղաղություն:

Փաշինյանը խոսել է պարզ մարդկային լեզվով, պարզորոշ ընդգծելով, որ կամ ադրբեջանցիները կարողանում են ուժ գտնել խաղաղ գոյակցության՝ առանց հայերին որեւէ պայման թելադրելու, կամ նրանք քամի ցանելու դեպքում փոթորիկ կհնձեն: Չհաղթելու եւ չպարտվելու մասին խոսքը այդ մասին է, որովհետեւ չհաղթելու եւ չպարտվելու մասին կարող է խոսել ուժեղը, հաղթողը, պարտության կամ զոհի բարդույթ չունեցողը:

Հիմա Ալիեւը կամ պետք է խոսի խաղաղության մասին, կամ հաղթանակի, ինչն այդ դեպքում ուղղակի վկայելու է նրա պարտությունը կամ ձախողումը: Ադրբեջանի նախագահը 2018-ին շտապեց առաջ բերել նախագահի հերթական ընտրությունը, 6 ամիս, անցկացնելով այն ապրիլին, Սերժ Սարգսյանի վարչպետությունից էլ օրեր առաջ, սակայն Սարգսյանի հրաժարականով Ալիեւը փաստորեն հետ ընկավ ոչ միայն օրեր եւ ամիսներ, այլ տարիներ: Սարգսյանն իր հրաժարականով դե ֆակտո հրաժարականի ռեժիմի բերեց նաեւ Ադրբեջանի նախագահին, թե Արցախի հարցում, թե ընդհանրապես՝ հավի առնելով այն, որ Ալիեւը արցախյան խնդրում իր քաղաքականությունը դարձրել էր ընդհուպ ադրեջանական ինքնության հիմք:

Հայաստանն իր քաղաքականությունը գործնականում վրադարձնում է «ելման դիրք», սկսելով խոսել արցախյան հարցի եւ հայկական պետականության համար հիմնարար երկու սյուների վրա կանգնած՝ լեգիտիմ ժողովրդավարություն եւ ռազմական հաղթանակից բխող քաղաքական իրողության վրա հիմնված տրամաբանություն, որը գործնականում տարածում է ոչ միայն արցախյան, այլ արտաքին քաղաքականության ավելի լայն ուղեծրով:

lragir.am

(Visited 77 times, 1 visits today)