Ես հիվանդների հետ գործ չունեմ, հայտարարել է Սերժ Սարգսյանը

Ես հիվանդների հետ գործ…

Ես հիվանդների հետ գործ չունեմ, հայտարարել է Սերժ Սարգսյանը Եռաբլուրում, ուր այցելել էր ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու: Լրագրողներն այնտեղ հարցեր են ուղղել, որոնց նա չի պատասխանել, սակայն անարձագանք չի թողել մի հարց, կապված ապրիլյան պատերազմի «պայմանավորված» լինելու վարկածի հետ: Սարգսյանը այդ վարկածը փաստորեն գնահատել է «հիվանդ երեւակայություն»:

Իսկ ի՞նչ վարկածներ ունի Սերժ Սարգսյանն ինքը: Նա հանրության հանդեպ ունի առավելություն՝ գիտե բաներ, որոնք հանրությանը հայտնի չեն: Հանրությանը հայտնի է հետեւանքը եւ դրանում մի շարք պատճառներ, որոնք կապված են անհամարժեք կառավարման, վատ դիվանագիտության, քաղաքական մեղմ ասած վիճահարույց որոշումների, կոռուպցիայի հետ: Ըստ այդմ էլ հանրությունը հնչեցնում է հարցեր, թե ինչպե՞ս կարող էր բանակը չունենալ ապրիլյան քառօրյայից առաջ այն ռազմա-տեխնիկական հագեցածությունը, որն ունեցավ հետո:

Չէ՞ որ Սերժ Սարգսյանի իշխանությունն ինքն էր հայտարարում, որ ապրիլից հետո արել են առաջնագծի ռազմա-տեխնիկական հագեցածության աննախադեպ քայլեր: Շատերն անգամ ասում էին, թե արվել է այնքան բան, որ չէր արվել անցնող 20-25 տարիներին: Ըստ այդմ հանրությունը հարցնում է՝ ինչու՞ չէր արվել, երբ առնվազն վերջին մի քանի տարիներին ակնհայտ էր, որ Ադրբեջանը մեծացնում է սպառնալիքի մակարդակը եւ ակնհայտորեն գնում ռազմական սադրանքի քաղաքականության ուժգնացման:

Ըստ այդմ հանրությունը եզրակացնում է, որ այդ պայմաններում անհրաժեշտ ռազմա-տեխնիկական ապահովման բացակայությունը կարող էր լինել կամ հանցավոր անփութության, կամ «պայմանավորվածության» դրսեւորում:

Ըստ այդմ, որքան էլ անձնական կարծիքների մակարդակում շատերը կարող են կտրականապես բացառել «պայմանավորվածության» հանգամանքը, այդուհանդերձ իրերի ցավալի եւ ողբերգական դասավորությունը հանրությանն առնվազն տվել է այդօրինակ վարկածի շուրջ հարցերի եւ կարծիքների տեղիք: Ըստ այդմ, դա ամենեւին «հիվանդություն» չէ, այլ հանրության առողջ հետաքրքրություն սեփական անվտանգության հարցով:

Հակառակ դեպքում էլ առաջանում է հարց, թե ու՞ր են հանցավոր անփութության համար պատժվածները:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի համար իհարկե բավական դժվար է հրապարակայնացնել շատ բաներ, որոնց տեղյակ է: Օրինակ, որ հետեւանքները կարող էին լինել, եթե ընդամենը երեք ամիս անց չլիներ ՊՊԾ գնդի գրավումն ու ճգնաժամը: Դրան իհարկե հաջորդեց քաղաքական պաշտոնանկությունների շարք, սակայն իրավիճակն արդեն բոլորովին այլ էր: Միաժամանակ, ՊՊԾ գնդի գրավման գործում էլ հանրային տարբեր շրջանակներ ունեին տարբեր հարցադրումներ ու վարկածներ, որոնք էլ իրենց հերթին համենայն դեպս առայժմ չունեն պատասխան: Խոսքն ընդհանուր առմամբ այն դատողությունների կամ վարկածների մասին է, որ զինված գործողությունը ուներ որոշակի աջակցություն իշխող համակարգի ներսից:

Բանն այն է, որ Հայաստանում քառորդ դար գործել է մի համակարգ, որի գործունեության ընթացքում կատարվել են այնպիսի իրադարձություններ, որոնց պարագայում հանրության համար գործնականում այլեւս չկա հանրային ու պետական շահի ու անվտանգության դեմ որեւէ «անհավանական» գործողություն:

Դժբախտաբար դա բխում է այն համակարգի բնույթից, որի հետ առնչվել է հանրությունը:

Ի վերջո, ապրիլյան պատերազմի առիթով իր հերթին հարցեր ուներ նույնիսկ Սերժ Սարգսյանը, որ նա տվեց մի քանի շաբաթ անց՝ ապրիլի 22-ին, Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Լավրովին: Ասացեք խնդրեմ, թե ինչու՞ այդպես եղավ, մենք ունենք մեր կարծիքը, բայց կուզեինք ձեզ էլ լսել, Լավրովի հետ հանդիպմանը բազմիմաստ համարձակությամբ հարցրել էր Սերժ Սարգսյանը:

Եթե հարցեր կան անգամ Սերժ Սարգսյանի մոտ, ապա նա կարող է պատկերացնել, թե որքան հարցեր ունի հանրությունը:

lragir.am

(Visited 128 times, 1 visits today)