Դատական հեղափոխություն. Վարչապետը գնաց

Խոսքը Երևանի քաղաքապետի ընտրությանը «Ելք» դաշինքի նախընտրական արշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին էր, որով ընտրարշավը խոչընդոտելու և բռնության համար մեղադրվում է Մանախ մականունով հեղինակությունը:

Գործի մանրամասները այս դրվագում, սակայն, էական չեն: Էական է այն, ինչ տեղի ունեցավ դատարանում՝ գործող վարչապետը, պետության փաստացի առաջին դեմքը վկայի կարգավիճակով ներկայացել է դատարան, ցուցմունք է տալիս, պատասխանում մեղադրյալի պաշտպանի և մեղադրող կողմի հարցերին: Սա Հայաստանի համար այլ բան չէ, քան հեղափոխական պատկեր դատական համակարգում կամ արդարադատության համակարգում, որովհետև նախկինում որևէ դեպքում դժվար էր պատկերացնել այդպիսի բան, երբ գործող նախագահը, կամ նույնիսկ նախկին նախագահը կարող էր կանգնել դատարանի առաջ՝ թեկուզ վկայի կարգավիճակով:

Ինչ խոսք, այս դրվագով դատել այն մասին, որ Հայաստանն այլևս ունի անկախ արդարադատություն և դատական անկախ իշխանություն, կլինի միամտություն: Անշուշտ, անկախ դատական, արդարադատական համակարգը լրջագույն ռեֆորմների կարիք ունեցող գործընթաց է, մինչև անգամ հոգեբանական տրանսֆորմացիաների անհրաժեշտությամբ:

Սակայն հենց այստեղ է նաև, որ առանցքային նշանակություն ունի թեկուզ զուտ վիզուալացված տարրը՝ պետության առաջին դեմքի ներկայանալը դատարան և վկայի կարգավիճակով ցուցմունք տալը: Սա ամեն ինչ չէ, անխոս, բայց դա կարող է լինել սկիզբ, թեկուզ հենց այն հոգեբանական մակարդակում, ընկալումների մակարդակում տրանսֆորմացիայի, որ անկախ արդարադատությունը պահանջում է հանրային մտածողության տիրույթում:

Խոշոր հաշվով, վարչապետը այդ իմաստով կատարել է դատական հեղափոխության ճանապարհին առաջին քայլը, սակայն դա շատ կարևոր է դարձնում նաև հաջորդ քայլերը: Իսկ սա առնվազն այն ոլորտն է, որտեղ հեղափոխությունը, անկասկած, պայմանավորված լինելով նախ և առաջ մարդկանց գլուխներում եղածից, այսինքն՝ հենց մտածողությունից և ընկալումներից, այդուհանդերձ, պրակտիկ իմաստով բացարձակապես պահանջում է քայլեր իշխանությունից, իշխող քաղաքական ուժից՝ թե՛ քաղաքական կամքի, թե՛ նաև մասնագիտական բովանդակության առումով, դատաիրավական համակարգի արդիականացման և անկախության մեխանիզմների ներդրման տեսանկյունից, ու այդ առումով նաև հանրային լայն քննարկումների խրախուսման:

Փաշինյանը կատարել է կարևոր քայլ, սակայն գերազանցապես խորհրդանշական-հոգեբանական տիրույթում: Առանց հաջորդ՝ քաղաքական և կառուցվածքային համալիր քայլերի, խորհրդանշականությունն ու հոգեբանությունը որքան էլ գնահատելի, կունենա խիստ կարճաժամկետ ազդեցություն:

1in.am

(Visited 208 times, 1 visits today)