ԻՄ ՔՈՐՓԱ ԷՐԵԽՈՒՆ ՎԱՌԵԼ ԵՆ, ՍՏԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Մասիսում մարտի 23-ին կայանված մեքենայի հրդեհից ստացված այրվածքներից մահացած 12-ամյա Նորայի մայրը՝ Լիդա Ղազարյանը հայտարարում է, որ մեքենան միտումնավոր հրդեհել են, ինչի մասին հայտնել էր իրեն այցելած ոստիկաններին։

«Ես գիտեմ՝ ով է արել, հատուկ էդ գործն արած ա, իմ երեխին սպանած է։ Հատուկ։ Էդ տունը, ով որ առել է, ինքն էլ իմ երեխին սպանել է։ Դա արված է հատուկ, որ էդ ավտոն ըտեղից վերացնեին, որ իրենք կարենային մեր տունը ծախել ուրիշի վրա»,-ասում է ապրիլի 1-ն հիվանդանոցում մահացած Նորայի մայրը՝ Լիդա Ղազարյանը ու ավելացնում․«Էդ ավտոն չէր կարող 15 րոպեում մինչև վերջ վառվել, ոչ մի գազ չի պայթել»:
Տիկին Լիդան ասում է՝ իր երեխային վառողները պետք է պատասխան տան։ «Էդ անմեղ երեխին վառելու համար պտի պատժվեն, 12 տարեկան քորփա երեխուն տանեմ հողին հանձնեմ, ես հանգիստ նստե՞մ»: Իսկ ինչու էին ուզում տանտերերը հեռացնել այդ մեքենան իրենց տան մոտից։ Տիկին Լիդան ասում է, որ հրդեհված մեքենայում իր ընտանիքից ամեն օր 2 հոգի քնում էին ու ավելացնում է ․«էդ հայաթում էր ավտոն, որ ըտեղից ռադ անեին»:

Հիշեցնենք, որ Մասիս կայարանի Գործարանային փողոցի թիվ 16/1 տան մոտակայքում, մարտի 23-ին այրվել էր «RAF» մակնիշի ավտոմեքենա և հրդեհի ժամանակ մեքենայում է եղել ԴԱՀԿ-ի կողմից իր բնակարանից վտարված մասիսցի ընտանիքի կրտսեր դուստրը՝ Նորան։ Նա մարմնի 40 տոկոս այրվածքներով տեղափոխվել էր Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն», որի վերակենդանացման բաժանմունքում երեխան օրեր անց մահացավ։ Քանի դեռ երեխան հիվանդանոցում էր մարզպետ Գարիկ Սարգսյանն ու մարզպետարանի աշխատակիցներն օրուգիշեր հիվանդանոցում էին, հայտարարում էին, թե հագուստ ու տարբեր իրեր են փոխանցում բնակարանից զրկված ընտանիքին։ Արդեն դեպքից հետո էլ գնացել հանդիպել էին ընտանիքին իր տանը տեղ տված հարևանուհուն եւ անընդհատ վերջինիս խոսքերն էին վկայակոչում, որ երեխան դրսում՝ մեքենայում քնելիս չի եղել, այդ օրը վիճել է իրենց երեխայի հետ եւ գնացել է մեքենայում քնելու։

Դե, իհարկե, ինչպես կարող էր նոր Հայաստանում՝ ԴԱՀԿ-ի կողմից սեփական բնակարանից վտարված անօթևան երեխա լինել ու նա էլ փողոցում քներ։ Այսինքն, դեպքը պատահական ողբերգության հետեւանք է՝ ոչ մի միտումնավորություն, ոչ մեկի մեղքը չկա։ Մինչդեռ, Նորայի մայրն ասում է, որ երեխան հաճախ էր քնում մեքենայում։

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ-ն 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքին վտարել էր շուրջ 1,5 միլիոն դրամի վարկային պարտավորությունները մարել չկարողանալու պատճառով։ Տիկին Նորան ասում է, որ ամեն ինչից վիրավորված է․ «Ստեղ պետություն չկա, պետությունը թող ասի՝ ինչո՞ւ է իմ անմեղ երեխան ավտոյում վառվել 15 րոպեի մեջ․․․ ես ո՞ւմ էի վատություն արել, ես ոչ մեկին վատություն չեմ արել․․ եկեք Մասիսի կայարան, հարցրեք՝ իմ էրեխեքն ինչ երեխեք են»:

Երկու օր առաջ տեղի է ունեցել 12-ամյա Նորայի հուղարկավորությունը։ Մարմինը դրել են գերեզմանատան մատուռում։ Մասիսի քաղաքապետի կոչով դրամահավաք է ընթանում՝ ընտանիքին օգնելու համար։ Տիկին Լիդան ասում է, որ իրեն 50 հազար դրամ տվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, նրա տեղակալ Խորենը՝ 10 հազար դրամ և ոմն Սեդրակ՝ մարզպետարանից, 40 հազար։ Նույն կազմով էլ ներկա են եղել երեխայի թաղմանը։ Այրված երեխայի ընտանիքը հիմա ապրում է իրենց հատկացված ժամանակավոր կացարանում։

Լիդան լալիս է և արցունքն աչքերին ասում․«Շատ եմ խնդրում, էս կացարանը չենք ուզում, մեզ մի սենյականոց որ տաք, երեխեքիս կհավաքեմ, կգնամ այդ տանը կապրեմ»:

hraparak.am

(Visited 330 times, 1 visits today)