Նոր պետություն, նոր պատերազմ, նոր տարածքներ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Նյու Յորքում արված հայտարարությունը «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի վերաձևակերպելու մասին, բնականորեն քննարկման առարկա է դարձել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

Երկրի ներսում այդ հայտարարության վերաբերյալ հնչող հիմնական գնահատականն այն է, որ դա վաղուց հասունացած հայտարարություն ու, ըստ այդմ, մարտավարություն է։ Դրա մասին է վկայում նաև այն հիստերիկ արձագանքը, որ հնչել է Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից։

Դավիթ Տոնոյանի հայտարարությունն իսկապես վաղուց էր հասունացել։ Դա բանակցային գործընթացում հայկական կողմի նոր դիրքավորման, նոր գաղափարախոսության մասին հայտարարություն է, որը եթե պարզունակացնենք, նշանակում է չարդարացված զիջողականության փոխարինում նվաճողականության՝ ըստ անհրաժեշտության։ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը, սակայն, չի վերաբերում միայն զինված ուժերին։ Ավելին, ինչ-որ իմաստով բանակը այդ բանաձևի իրականացման միայն տեխնիկական մասի պատասխանատուն է։ Այդ բանաձևն իրականում վերաբերում է Հայաստանի պետական կառավարման ողջ համակարգին, բոլոր ոլորտներին ու ենթահամակարգերին։ Հայաստանը՝ որպես պետություն, իր բոլոր կառույցներով ու բջիջներով պետք է ծառայի այդ բանաձևի սպասարկմանը։ Դա նշանակում է կառուցել այդ բանաձևին համարժեք տնտեսություն, դա նշանակում է ունենալ այդ բանաձևին համարժեք սոցիալապես պաշտպանված քաղաքացիներ, դա նշանակում է ունենալ այդ բանաձևին համարժեք բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դա նշանակում է վերաձևակերպել Դավիթ Տոնոյանի վերաձևակերպած բանաձևը «նոր պետություն, նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևի։ Այսինքն՝ պետությունն իր ներքին և արտաքին քաղաքականությամբ պետք է այսպես ասած վերաֆորմատավորվի՝ համապատասխանելով պաշտպանության նախարարի առաջ քաշած բանաձևին։ Իսկ այդ հարցում առանցքային նշանակություն ունի առաջին հերթին արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի արտաքին քաղաքականության ու դիվանագիտության խնդիրը պետք է լինի աշխարհի հետ կառուցել այնպիսի հարաբերություններ, որպեսզի առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները համարժեքորեն ընկալեն «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը։ Իսկ դա նշանակում է՝ այն աշխարհին ներկայացնել այնպիսի համատեքստում, որում դա կհամարվի ու կորակվի որպես միջազգային անվտանգության ապահովման բաղկացուցիչ։

Դրա համար նախ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը՝ որպես պետություն, կարողանա ներկայանալ որպես միջազգային անվտանգության կերտող, մատակարար։ Դա, բնականաբար, շոշափում է անվտանգության համակարգերի հետ մեր հարաբերությունները։ Եվ այստեղ է, որ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը համարժեք չէ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևին։ Բանն այն է, որ մենք ամբողջությամբ տրվել ենք արտաքին քաղաքականության ռուսական գծին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին մեր անդամակցությանը։ Դրա ամենացայտուն օրինակն էր դե ֆակտո ռուսական հովանու ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշումը, որն արժանացավ մեր արևմտյան գործընկերների, այդ թվում ու առաջին հերթին՝ ԱՄՆ-ի կոշտ գնահատականին։ Դրան զուգահեռ Հայաստանը բավական պասիվացրել է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Դրա վկայություններից է այն, որ անցած տարվա ամռանը ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում անցկացված զորավարժություններին Հայաստանը մասնակցեց ընդամենը երեք հոգանոց պատվիրակությամբ, իսկ մարտի վերջին կայացած զորավարժություններին չմասնակցեց ընդհանրապես։ Այսինքն՝ մենք միջազգային անվտանգության ապահովմանը, լայն իմաստով, մասնակցում ենք առավելապես ՀԱՊԿ-ի ձևաչափով, որն իրականում ոչ այնքան միջազգային անվտանգության ապահովող է, որքան միջազգային անվտանգության սպառնալիք։

Ահա, այս համատեքստում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը կարող է համարժեք ընկալման չարժանանալ միջազգային հանրության կողմից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հետևաբար, Հայաստանի խնդիրը պետք է լինի ապահովել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կչեզոքացնի նման վտանգները։ Դա, ի դեպ, չի նշանակում արտաքին քաղաքական կուրսի կամ վեկտորի փոփոխություն։ Ամենևին։ Պահպանելով ներկայումս վարվող արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այդ թվում՝ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Հայաստանը կարող է և պետք է ակտիվացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Այդ հարաբերությունների, ընդհանուր առմամբ, մեր արտաքին քաղաքականության նպատակը պետք է լինի ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոյի պահպանումը, որպես միջազգային անվտանգության համակարգի բաղկացուցիչ։ Իսկ այդ ստատուս-քվոն պահպանվում է հայկական բանակի շնորհիվ, որը նույն այդ ստատուս-քվոյի պահպանության համար այլևս հանդես է գալիս «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևով։ Բանակը, որը առանց համարժեք արտաքին քաղաքականության, հնարավորությունից կարող է վերածվել սպառնալիքի։

1in.am

(Visited 73 times, 1 visits today)