«Սպիտակցի Հայկոն» գետնին ընկած կնոջը չի տեսել, իրեն մեղավոր չի ճանաչում. փաստաբան

2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով մեղադրյալ, հանրության շրջանում «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Ղեւոնդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։

Նշենք որ ապրիլի 4–ին Հայկարամ Ղեւոնդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետեւանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրա անցման ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Բալոյանը նշեց, որ իր պաշտպանյալն օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվել է ցուցմունք տալուց։

Ըստ նրա՝ Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքը նախնական է, քանի որ հայտնի չէ, թե  կոնկրետ ո՞ր մեքենայի հարվածից է վրա հասել տուժողի մահը։

«Դատաբժշկական, դատահետքաբանական հանձնաժողովային համալիր փորձաքննությամբ պետք է որոշվի՝ մահը  վրա է հասել առաջին, թե երկրորդ մեքենայի հարվածի հետեւանքով»,– ասաց փաստաբանը։

Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու վերաբերյալ մեղադրանքին՝ Բալոյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի տեսել  գետնին ընկած կնոջը։

«Ես իր հետ զրուցել եմ, նա ասում է, որ չի զգացել արտառոց բան, դրա համար չի կանգնել, այլապես նա անպայման կկանգներ։ Սրանք հարցեր են,  որոնք պետք է պարզվեն համալիր փորձաքննության արդյունքում»,–ասաց նա։

Ռուբեն Բալոյանը նշեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ քննչական գործողություն դեռեւս չի կատարվել։

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չիբուխչյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մեքենան վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրա նկատմամբ եւս, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երեւան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

news.am

(Visited 47 times, 1 visits today)