Եվրոպացիներն անգամ հասցրին զզվել․ Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ իր այսօրվա ելույթում հիմնականում խոսեց նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխության և իր կառավարության ձեռքբերումների մասին։

Վարչապետի ելույթի մասին Politik.am-ը զրուցել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ։

Տիկին Եսայան, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում։ Ելույթն ամբողջապես նվիրված էր իշխանափոխությանը, նախկին իշխանություններին, այսինքն՝ ձեր՝ վատը լինելուն։ Ինչպե՞ս կգնահատեք ելույթը։

ԵԽԽՎ-ի դահլիճում երբեւէ որեւէ երկրի նախագահի կամ երկրի ղեկավարի հետ հանդիպումը չի անցել այսքան դժգույն, անհավես եւ անբովանդակ, բնականաբար, ելույթը եւս այդպիսին էր, եւ իմ առաջին տպավորությունն էր, որ ԵԽԽՎ դահլիճում խոսում էր մեկը, ով յոթ երգ գիտի, յոթն էլ նույն բանի մասին՝ խոսել իրենից առաջ եղածների մասին՝ փորձելով նրանց վատաբանել, բայց չստացվեց, ինչպես միշտ։ Ի դեպ, այս համատեքստում եմ ուզում շեշտել, որ հակառակը՝ նորից Ադրբեջանի նախագահի մասին խոսեց դրական։ Չէի էլ կասկածում։

Ձեր կարծիքով, ինչի՞ց պետք է խոսեր վարչապետը, որ չխոսեց։

Ինչի՞ց պիտք է խոսեր, պիտք է, ընդհանրապես, շատ լուրջ խոսեր՝ մոռանալով իր քայլելը, իր՝ այդպես էլ անհայտ ազգականին, իր՝ իբր կոռուպցիայի մեջ չլինելը, առհասարակ, իր մասին չպիտի խոսեր, պիտի խոսեր սպասվող բարեփոխումներից, որովհետեւ ԵԽԽՎ-ում հենց դա են ուզում լսել։ Նաև զարմանալի է, որ ադրբեջանցիների կողմից երկու դժգույն հարց հնչեց, ոչ ավելին, թեպետ մինչ այդ գրում էին, թե ամբողջ պատվիրակությունն է հերթագրվել։

Ի՞նչ է տալու ներքին խնդիրների անընդմեջ բարձրաձայնումը միջազգային ատյաններում։ Ի վերջո, Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիր է լուծվում։

Որեւէ բան չի տալու, ի դեպ, նաեւ հարցերի մեծ մասն էր դժգույն եւ անբովանդակ, մեկ բան եւս՝ հեղափոխություն բառն այնքան գործածեց, որ հաստատ, եվրոպացիներն անգամ այդ բառից հասցրին զզվել։

politik.am

(Visited 390 times, 1 visits today)