Նիկոլ Փաշինյանի եվրոպական լռությունը

Երեկ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ելույթ էր ունենում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում։ Մեր հարևան երկրի վարչապետը, ըստ էության, խոսում էր վրացական երազանքի մասին, Վրաստանը համաեվրոպական ընտանիքի մաս տեսնելու ու տեսլականի մասին։ Վրաստանի վարչապետի ելույթը ելույթ էր ապագայի մասին, այն ապագայի, որը Վրաստանը իր համար տեսնում է եվրոպական պետությունների ընտանիքում։

Այսօր նույն ամբիոնից ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, ինչպես անում է իր արտերկրյա գրեթե բոլոր այցերի ընթացքում, մանրամասն խոսեց անցած տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին։ Նիկոլ Փաշինյանի գրեթե ողջ ելույթը, բացառությամբ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածի, նվիրված էր թավշյա հեղափոխությանը։ Նրա ելույթում բարձրացված հարցերը, թավշյա հեղափոխության արժևորումն ու գնահատումը իհարկե անվիճելի են։ Սակայն նման ելույթներում արտահայտվում է մի շերտ, որը կարող է ոչ միարժեք ընկալման արժանանալ մեր գործընկեր պետությունների ու կազմակերպությունների կողմից։

Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությունը ներկայացնում է որպես բացարձակ, գերագույն արժեք, ներկայացնում է այնպիսի շեշտադրմամբ, որից բխում է, որ ողջ աշխարհը, ժողովրդավարական երկրները պետք է խոնարհվեն հայկական հեղափոխության առաջ ու աջակցեն Հայաստանին։

Սակայն աշխարհում, այդ թվում և առաջին հերթին՝ եվրոպական երկրներում ու կազմակերպություններում, հայկական հեղափոխությանը վերաբերվում են որպես բացառապես ներհայաստանյան իրադարձության, փոփոխության, որը հայ ժողովուրդն արել է իր բարօրության համար։ Այսինքն՝ աշխարհը միայն հեղափոխության փաստից չի բխեցնում Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգը, այդ օրակարգի համար անհրաժեշտ են ռազմավարություններ, հայեցակարգեր ու ծրագրեր, որոնց մասին հիշատակումներ Նիկոլ Փաշինյանի ելույթում չկային։

Նիկոլ Փաշինյանի ելույթը լայն իմաստով գրեթե ամբողջությամբ անցյալի մասին էր, այն չէր պարունակում ապագային ուղղված որևէ տեսլական կամ ուղերձ, այն որևէ կերպ չէր շոշափում Հայաստանին անհրաժեշտ համակարգային բարեփոխումների թեման, որոնց կարող են աջակցել նաև եվրոպական կառույցները։ Եվ ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը չէր պարունակում որևէ արձանագրում՝ Հայաստանի եվրոպական ընտանիքի անդամ լինելու, համաեվրոպական օրակարգում ու խնդիրների լուծման հարցում Հայաստանի հնարավոր ներդրման, անելիքների մասին։

Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ պատճառներից ելնելով խուսափում է Հայաստանի եվրոպական ինտեգրման մասին արձանագրումներից։ Փոխարենը նա ԵԽԽՎ-ում ունեցած ելույթից առաջ կրկին հայտարարել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար հավատամք է և ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում։ Այդ միտքը Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է կրկնում՝ առաջին հայացքից ցույց տալու համար, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը արտաքին քաղաքական կողմնորոշում չուներ։ Այդ մասին նա խոսեց նաև ԵԽԽՎ ամբիոնից ունեցած ելույթում։

Ժողովրդավարությունը, այո՛, հավատամք է, և շատ դրական է, որ երկրի ղեկավարը պարբերաբար բարձրաձայնում է այդ մասին։ Մյուս կողմից, սակայն, ժամանակակից աշխարհում ժողովրդավարությունը անխուսափելիորեն դառնում է նաև արտաքին քաղաքական կողմնորոշում, քանի որ իրապես ժողովրդավարական երկրները տեղ չունեն այնտեղ, որտեղ է՛ հիմա Հայաստանը՝ Եվրասիական միությունում։ Եվրասիական տնտեսական միությունը իրականում ավտորիտար պետությունների ակումբ է, որին հարիր չեն ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքները։

Եվ հիմա Հայաստանը, գնալով ժողովրդավարական ճանապարհով, ըստ էության դեմ է գնում այն գաղափարաբանությանը, որը դրված է Եվրասիական տնտեսական միության հիմքում։ Այսինքն՝ երկարաժամկետ առումով ժողովրդավարական Հայաստանն ու Եվրասիական միությունը անհամատեղելի են դառնալու, և Հայաստանը, ի վերջո, դառնալու է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթում, սակայն, նման տեսլականի մասին արձանագրումներ չկային։

1in.am

(Visited 115 times, 1 visits today)